...

Ինչո՞ւ հենց հիմա՛ որոշեցին հարկել «խոպանչիներին»

Ինչո՞ւ հենց հիմա՛ որոշեցին հարկել «խոպանչիներին»

«Խոպանչիներին հարկելու» որոշումը Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրեց, և դա միանգամայն սպասելի էր։ Ի վերջո՝ խոսքը տասնյակ հազարավոր մարդկանց գրպանին է դիպչում։ Կարելի է, իհարկե, արձանագրել, որ փաստորեն ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի համար լավ էլ «տուգանքի մատերիալ է» (որովհետև այդ հարկերը չվճարելն առաջացնելու է տուգանքներ), որ հենց իշխանությունների վատ աշխատանքի հետևանքով են տասնյակ հազարավոր մարդիկ իրենց ընտանիքների օրվա հացը վաստակում Ռուսաստանում, իսկ իշխանությունները դեռ մի բան էլ ցանկանում են այդ հացի մեջ 21 տոկոսով «փայ մտնել» ու օդից փող «գեներացնել», որպեսզի ավելացնեն իրենց պարգևավճարները, և այլն։ 

Բայց սա միայն սոցիալական խնդիր չէ։ Ի վերջո՝ իշխանությունները հասկանում են, որ այս կտրուկ քայլերի արդյունքում Հայաստանի բյուջեն հազիվ թե լրացուցիչ մուտքեր ունենա, որովհետև մեծ հավանականությամբ՝ «խոպանչիների» զգալի մասը կգերադասի պարզապես հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ու արտագաղթի նոր ալիք կբարձրանա։ Ու երբ տեսախցիկների առջև մեծ-մեծ խոսում են, թե «արտագնա աշխատանքի մեկնելը լավ բան չէ, դա հայրենասիրության պակասի վկայություն է», կամ «բոլորիդ ամիսը 300 հազար աշխատավարձով աշխատանքի կտեղավորենք» (ականջը կանչի, ՔՊ-ական մի պատգամավորուհի կար, տեսախցիկների առջև քչփորում էր քիթն ու ասում՝ «մենք հո էնտուզիաստներ չե՞նք, որ ամիսը 500-600 հազար դրամով աշխատենք»), վստահաբար՝ հասկանում են, որ հայրենասիրությունը կապ չունի, կյա՛նքն է ստիպում «խոպան գնալ», 300 հազար դրամանոց աշխատատեղերի մասին էլ նրանք չինովնիկներից լավ գիտեն։

Ուրեմն ինչո՞ւ են իշխանությունները գնում այս քայլին։ Եթե ժողովրդից հնարավորինս շատ «փող քերելու» մոլուցքը չհաշվենք (դա այս իշխանությունների արյան մեջ է), ապա մնում են մի քանի պատճառներ։

Առաջին։ «Խոպանչիները» բավականին լուրջ դերակատարում ունեն Հայաստանի տնտեսական կյանքում, և, դրսից տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար բերելով, մեղմացնում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման հետևանքները։ Իսկ Նիկոլ Փաշինյանին պետք է, որ այդ հետևանքները հնարավորինս ծանր լինեն, որպեսզի ժողովուրդն իր բարեկեցությունը կապի բացառապես թուրք-ադրբեջանական բարյացկամության հետ և ավելի զիջող լինի։

Երկրորդ։ Արտագնա աշխատանքով ապրող մի քանի տասնյակ կամ հարյուր հազար ընտանիքների առկայությունը նշանակում է, որ Հայաստանում մեծ թվով մարդիկ կան, որոնք բացարձակապես կախված չեն իշխանություններից և անձամբ Նիկոլ Փաշինյանից ու դրանով իսկ անվերահսկելի են, որովհետև իշխանությունները նրանց վրա ազդելու լծակներ չունեն։ «Խոպանչիներին հարկելու» որոշմամբ իշխանությունները կամ ձեռք են բերում այդ լծակները, կամ էլ այդ մարդիկ արտագաղթում են, ու այդպիսով՝ Նիկոլ Փաշինյանն ազատվում է պոտենցիալ անվերահսկելիներից։

Երրորդ։ Ռուսաստանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ հեգնում են, թե իրենց երկրում ավելի շատ ՀՀ քաղաքացի կա, քան Հայաստանում, ու փորձում են դա օգտագործել որպես Հայաստանի վրա ազդելու լծակ։ Հայաստանի իշխանություններն էլ համարում են, որ ավելի լավ է՝ այդ մարդիկ հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, ու այդ դեպքում «ռուսական միգրացիոն մահակի» ազդեցությունը կթուլանա։

Չորրորդ։ Հայաստանի արտաքին-քաղաքական վեկտորի փոփոխությունը ենթադրում է նաև կամաց-կամաց թուլացնել հայ-ռուսական ֆինանսատնտեսական կապերը, Արևմուտքն էլ հազիվ թե հանդուրժի մի վիճակ, երբ իր հետ «մերձեցող» երկրի քաղաքացիների կեսն ապրում է Ռուսաստանում։ Հետևաբար՝ չի կարելի բացառել, որ ՀՀ իշխանությունների այս որոշումը հենց արևմտյան շրջանակներից են հուշել։

Ամեն դեպքում մի բան ակնհայտ է՝ իշխանությունների այս որոշումը կարող է լրջորեն վնասել Հայաստանի պետական շահերին։ Այսինքն՝ սա, մեծ հաշվով, իշխանությունների «գծի մեջ է»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   700 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ