...

Ինչո՞ւ մոռացվեցին աղմկահարույց «ինքնասպանությունները»

Ինչո՞ւ մոռացվեցին աղմկահարույց «ինքնասպանությունները»

ՀԻՇՈՑԻ

Մինչև 1998թ. փետրվարյան իշխանափոխությունը հանրապետությունում ընդդիմության բարձրացրած վայնասունը հիշո՞ւմ եք. «հասե՜ք, փրկե՜ք, ՀՀՇ-ական վայրագ իշխանությունները երկրում հաստատել են անօրինականության մթնոլորտ, Ազատության հրապարակում երկրապահները կրակել են ժողովրդի վրա, մութ ուժերի ահաբեկչական գրոհների արդյունքում պատռվել է ականավոր ընդդիմադիր Կիմ Բալայանի վերնաշապիկը, ներքգործնախարարության ֆաշիստաբարո գործունեության արդյունքում հիմնովին ոչնչացվել է «Երկիր» օրաթերթի սրճեփը...»:

98-ի իշխանափոխությունից հետո երկրում «վիճակը կայունացավ»: Ոչ ոք այլևս օդ չէր կրակում: Օրը ցերեկով իր կաբինետում սպանվեց հանրապետության գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Պաշտոնական վարկածը՝ նրան սպանել է Արամ Կարապետյանը, հետո ինքնասպանություն է գործել: Սպանվեց պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին: Մեղավորները հայտնի չեն: Սպանվեց ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանը: Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն (փամփուշտներից մեկը դիպել է թիկունքից): Լրատվամիջոցների սրճեփները նույնպես չեն փչանում: Պարզապես կասկածելի հանգամանքներում ավտովթարի է ենթարկվում ընդդիմադիր հրապարակախոս Տիգրան Հայրապետյանը:

Փոխարենը՝ բանտերից «իրավիճակի փոփոխության պատճառով» ազատ արձակված նախկին ընդդիմադիրներն արդեն վայնասուն չեն բարձրացնում: Նրանց համար մեր պետությունն այլևս իրավական է, «ուր մարդը շնչում է այսքան ազատ»:

Ի՞նչ եղավ ձեզ, Ռոբերտ Սեդրակիչ: Ի՞նչ պատահեց, Սերժ Ազատիչ: Առաջ հանցագործությունները չէին բացահայտվում, որովհետև իրավապահ համակարգը թաղված էր կոռուպցիայի մեջ (տեսնես Ազգային անվտանգության նախարարն ո՞վ էր): Հիմա՞ ինչ է պատահել: Հիմա էլ հո իրավական պետություն ենք: Ի՞նչ եղան «աղմկահարույց սպանությունները»: Ինչո՞ւ են բացահայտվում միայն այն հանցագործությունների «կազմակերպիչները», որոնց արդյունքում զոհեր չեն եղել (օրինակ՝ Արկադի Ղուկասյանի դեմ կատարված մահափորձը): Իսկ եթե զոհեր լինում են, կազմակերպիչները չեն բացահայտվում: Սա ի՞նչ հանելուկ է:

Ինչո՞ւ են լռում քաղաքական կուսակցությունները: Նրանց չի՞ հետաքրքրում, թե ով սպանեց Հենրիկ Խաչատրյանին, Արծրուն Մարգարյանին և Վահրամ Խոռխոռունուն: Թե՞ վախից լեզուները լալկվել է: Բայց ինչքա՞ն կարելի է վախենալ: Երկու ահը մի մահ է, իսկ քսա՞ն ահը:

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 222, հունիսի 22, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   922 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ