...

Ինչո՞ւ սրան հասանք, ի՞նչ անել, ինչպե՞ս

Ինչո՞ւ սրան հասանք, ի՞նչ անել, ինչպե՞ս

Ինչո՞ւ սրան հասանք, ի՞նչ անել, ինչպե՞ս. ահա այն երեք հարցերը, որոնց փորձում ենք պատասխանել: Իսկ ժամանակ չունենք:

1. Առաջին հարցի պատասխանը, կարծում ենք, հասարակության մի մասի համար գոնե պարզ է: 23 տարվա անհեռատեսության պտուղներն ենք քաղում: Արցախյան խնդրի՝ 1997 թվականին առաջարկված լուծումը չընդունեցիք, ստացաք պատերազմ՝ աղետ: Ընդ որում, այժմ էլ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը խուսափում են սա խոստովանելուց: Իշխանությունն արդարանում է, թե նախկինները, երկիրը թալանելով, թուլացրին այն, բանակը զրկեցին պատշաճ սպառազինությունից: Ընդդիմությունը ներկաներին անվանում է հող հանձնող, դավաճան և նրանց ապաշնորհ կառավարման վրա գցում մեղքը: Երկու կողմն էլ չունեն իրականությունը ճիշտ գնահատելու կամք և շահ: Երկու կողմն էլ վախենում են պակաս հայրենասեր կամ ազգային համարվելուց: Եվ շարունակում են 90-ականներից սկսված ստերով խաբել հասարակությանը՝ հույս ունենալով շահել ընտրազանգվածի համակրանքը: Երկրի հարցերն այս մարդկանց համար, մեղմ ասած, երկրորդական են:

2. Ի՞նչ անել հարցին մեր քաղաքական գործիչները պատասխանում են ճանապարհային քարտեզներով: Իշխանությունը, սակայն, անգործունակ է, ընդդիմությունը հանդես է գալիս շատ վտանգավոր թեզերով:
Հասարակության մեծ մասը հոգեբանական ծանր վիճակում է: Սա բնական է: Հարվածը համարյա մահացու է: Հասարակության մեջ կան մարդիկ, որոնք իրենց ուժերով փորձում են ելքեր առաջարկել, գործել՝ ի շահ երկրի: Սակայն պարզ է, որ ինչպես պատերազմում չէր կարելի հաղթել ֆիդայական անզեն ջոկատներով, այնպես էլ երկիրը հնարավոր չէ խելքի բերել այսպիսի փոքր խմբերի ինքնաբուխ ջանքերով:

Ընդ որում, հրապարակված ճանապարհային քարտեզները շատ հեռու են իրականությունը ճիշտ գնահատելուց: Ավելին, չեն պատասխանում ամենակարևոր հարցին՝ ինչպե՞ս:

3. Ինչպե՞ս ենք հաղթահարելու աղետը, եթե դեռ չունենք դրա ճշգրիտ պատկերը: Ինչպե՞ս ենք կարողանալու մոբիլիզացնել երկրի ուժերը, եթե վերնախավը ոչ միայն տկար է, այլև մեծամիտ (Քաղաքական վերնախավը թե՛ իշխանությունն է, թե՛ ընդդիմությունը): Ինչպե՞ս ենք լուծում գտնելու, եթե վաղուց կորցրել ենք ռացիոնալ մտածելու կարողությունը, և վերականգնման նշաններ դեռ չեն երևում: 

Ինչպե՞ս ենք վերականգնելու մեր բանակը, եթե հենց հիմա վերնախավը զբաղված է փոխադարձ մեղադրանքներով: Կրկնենք: 21-րդ դարում ֆիդայական ջոկատներով պատերազմում չեն հաղթում, 21-րդ դարի պատերազմում արդիական թանկարժեք զենք է պետք, խելք և կազմակերպվածություն: Ունե՞նք, կարո՞ղ ենք շատ արագ ձեռք բերել այդ զենքը, եթե տնտեսապես բնավ ուժեղ չենք:

Ի դեպ, զենքի մասին շատ ենք խոսում, մեղադրում ենք նախկիններին, որ դղյակներ են կառուցել՝ զենք գնելու փոխարեն: Բայց որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչպես էին գնելու այդ զենքը, ումից և որ ճանապարհով էին տեղափոխելու Հայաստան, եթե երկիրը փաստացի շրջափակման մեջ է: Սրա մասին նախընտրում ենք լռել, որովհետև դարձյալ ակնհայտ կդառնա 1997 թվականին եղած լուծման անհրաժեշտությունը: Այո՛, այդ լուծումն այլևս չկա: Մենք կորցրինք Հայաստանը զարգացնելու, Արցախը պահելու հնարավորությունը: Բայց հիմա էլ խելքի չենք գալիս: Ուստի առաջին պլանում, անշուշտ դիվանագետների աշխատանքն է, և այտեղ անհրաժեշտ է օգտագործել ողջ ներուժը՝ հեռու մնալով արկածախնդրությունից և անձնական ամբիցիաներից: (Այսպես, Ժիրայր Լիպարիտյանը «Առավոտ» օրաթերթի ս.թ. նոյեմբերի 8-ին տպագրված  «Ինչո՞ւ բանակցությունները ձախողվեցին» հոդվածում ակնարկում է, որ Հայաստանի վարչապետը որևէ պահի կարող է ունենալ նաև իրենց օգնության կարիքը: Համոզված եմ՝ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում կան մասնագետներ, քաղաքական գործիչներ, որոնք հեռու են արկածախնդրությունից, որոնք կկարողանան ելքեր գտնել և օգնել մեզ՝ այս վիճակը հաղթահարելու: Ընդ որում, դա կանեն անշահախնդիր, առանց քաղաքական դիվիդենտներ ակնկալելու): 

Զարուհի Գաբրիելյան

Հ.Գ. Որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի՝ խնդրում եմ, սթափվե՛ք, ընդունե՛ք իրականությունը, ընդունե՛ք լուրջ մարդկանց առաջարկները, մի կո՛ղմ դրեք անձնական կամ խմբային հավակնությունները, սին հույսեր մի՛ տվեք հասարակությանը: Հայրենասերը, ազգային մտածողություն ունեցողը պոպուլիստ լինելու իրավունք չունի: Ժամանակ չունենք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 36, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ