6 ամիս ռևանշիստներն արդուկում էին հանրության գլուխը: Արտակարգ դրությունը արհեստականորեն երկարացվում է, որովհետև իշխանությունը սարսափած է ընդդիմության բողոքի ակցիաներից: Սկզբում մասնավոր զրույցներում, իսկ այնուհետև արդեն հրապարակային հայտարարում էին, որ իշխանության վարկանիշն ընկել է 15-ից մինչև 20 տոկոս միջակայքը: Նշում էին, որ իշխանության միակ դաշնակիցը մնացել է կորոնավիրուսը, որի անվան տակ կարողանում են երկարացնել արտակարգ դրությունը և չառերեսվել հանրության խորը դժգոհության և, ինչու չէ, ատելության հետ:
Օգոստոսի 13-ից սկսած թույլատրված են ցույցերը, ակցիաները և բողոքի այլ դրսևորումները: Տրամաբանությունը և 6 ամսվա հոխորտանքը ենթադրում էին, որ ընդդիմությունը միանգամից պետք է անցներ գործի և նյութականացներ այն մեծ դժգոհությունը, որ իրենց ասելով կա հասարակության մեջ: Ինչո՞ւ դա պետք է արվեր արագ: Շատ պարզ պատճառով, որովհետև ոչ մեկը չգիտի, թե որքան կտևեն թուլացումները և իսկապես չի լինի համավարակի երկրորդ ալիք և կրկին չեն արգելվի մասսայական միջոցառումները:
Դրա փոխարեն ռևանշիստները զբաղված են Հակոբկոխյանին ցերեկային հացադուլի ուղարկելով կամ Աշոտյանի ոտանավորները տարածելով: Նույն Ծառուկյանը, որ հայտարարում էր, թե արտակարգ դրության երկարացումն առաջին հերթին ուղղված է իր դեմ, որպեսզի չկարողանա փողոց հանել իր հարյուր հազարավոր կողմնակիցներին, վերցնում է 10 մարզիկի, տանում Սևան, հյուրասիրում և նկար տեղադրում սոցիալական կայքերում:
Իսկ իրականում ընդդիմության «համեստության» պատճառը շատ հասարակ է: Այնտեղ գիտեն հաշվել և տիրապետում են հասարակական իրական տրամադրություններին: Այո, կա դժգոհության աճ, սակայն այն կրիտիկական չէ:
Բացի դրանից, իշխանության վարկանիշի որոշակի նվազման պայմաններում չի աճել ընդդիմության հեղինակությունը և նրա նկատմամբ վստահությունը: Հանրությունը քննադատում է իշխանությանը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում ունեցած թերացումների համար, բայց միաժամանակ նաև նշում է, որ ընդդիմությունը նույնպես լավ կողմերից իրեն չդրսևորեց, չցուցաբերեց պետական մտածողություն և ավելի շուտ հիշեցնում էր սկսնակ անարխիստների, որոնք մերժում են ցանկացած պետական սահմանափակում:
Ռևանշիստների պարագլուխները հասկանում են, որ հիմա ուժերի հարաբերակցությունն իրենց կողմը չէ և վճռական գրոհի անցնելու դեպքում կարող են պարզապես մեկ-երկու օրում ջախջախվել: Նրանք առաջիկայում չեն անցնի վճռական գործողությունների և կսպասեն իշխանության նոր սխալներին: Իսկ իշխանությունը մեծահոգի է, մշտապես զբաղված է նման նվերներ տալով:
Արիս Վաղարշակյան