...

Ինչպե՞ս է կեղծվել «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը»

Ինչպե՞ս է կեղծվել «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը»

Հայաստանում մարդիկ տեսնում են, որ հինգուկես տարի առաջ տեղի ունեցած «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխության հեղինակներն ու հարակից պարազիտները շեշտակի տեմպերով հարստանում են, «թալանը քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելու» խոստումները մնում են օդում, «մկներն ու ձկները» լավ էլ «պլստում են», իսկ իրենք՝ երբեմնի «3 միլիոն վարչապետները», շարունակում են մնալ «տուգանքի մատերիալ»։ Տեսնում են ու հանգում առաջին հայացքից միանգամայն տրամաբանական եզրակացության՝ Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել, դա կեղծիք էր։

Իրականում հինգուկես տարի առաջ Հայաստանում շատ լուրջ հեղափոխություն է տեղի ունեցել։ Պարզապես դա վերաբերում էր ոչ թե սոցիալական խնդիրներին, այլ արտաքին քաղաքականությանը, այսինքն՝ ոչ թե հեղափոխությունն էր կեղծ, այլ դրա հռչակած նպատակների «գովազդային բուկլետը»։ Ու դա միանգամայն հասկանալի է։ Քանի՞ հոգի կգնար Նիկոլ Փաշինյանի ետևից, եթե նա փողոցները չափչփելու ընթացքում ճղճղան ձայնով ներկայացներ հեղափոխության իրական նպատակները՝ հայտարարելով, թե «մեր հայրենիքը 29,8 քկմ տարածքով Հայաստանի Հանրապետությունն է և վերջ, մենք ուզում ենք Հայաստանը դարձնել խաղաղության խաչմերուկ, իսկ Ղարաբաղը դրան խանգարում է, հետևաբար՝ պիտի ամեն գնով ազատվենք այդ բեռից, թեկուզ՝ հազարավոր զոհերի գնով, հետո ռուսներին ռադ անենք տարածաշրջանից, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ էլ դիրքավորվենք որպես հարևան ու գործընկեր»։ Երևի առավելագույնը մի քանի հարյուր հոգի։ Դրա համար էլ բոլորովին այլ տեքստեր էր ծղրտում․ սոցիալական արդարության մասին, քյաբաբը վերադարձնելու մասին, պատերին ծեփելու մասին, տուգանքները վերացնելու մասին, և այլն։ Ու դա աշխատեց՝ հարյուր հազարավոր մարդիկ կուլ տվեցին խայծն ու լցվեցին փողոցները։ Իսկ խայծը կուլ տված ու գետի ափին խոտերի վրա թպրտացող ձկան համար արդեն միևնույն է՝ կարթի կեռիկին ամրացված որդն իսկակա՞ն էր, թե՞ կեղծ։ Ոչ էլ ձկնորսի խիղճը կտանջի, որ խեղճ ձկանը խաբեց ու կեղծ խայծով կերակրեց, որովհետև նրա համար կարևորն արդյունքն է՝ ձկանը որսացել է, և վերջ։

Իսկ ինչո՞ւ ընդդիմությունը չի կարողանում ճիշտ այդպիսի մի հեղափոխություն էլ ինքն անել՝ ճիշտ նույն կերպ կեղծելով դրա «գովազդային բուկլետը»։ Հասկանալի է, որ այդ հեղափոխության իրական նպատակները հռչակելու առումով ընդդիմությունը ճիշտ և ճիշտ Նիկոլի հինգուկես տարի առաջվա վիճակում է․ չի կարող ասել ճշմարտությունը՝ հայտարարելով, թե «մեր նպատակը հավերժ Ռուսաստանի հպատակ մնալն է, որովհետև այդ դեպքում ռուսները, հնարավոր է, ներեն մեզ ու օգնեն, որ հայերի գոնե մի մասը վերադառնա Արցախ, իսկ եթե չօգնեն էլ՝ ոչինչ, թաքուն կանիծենք մեր բախտը ու ևս հարյուր տարի կգոյատևենք շրջափակման պայմաններում՝ որպես ֆորպոստ ապահովված լինելով գոնե ռուսական «տուշոնկայով» ու դրա դիմաց վճարելով մեր ենթակառուցվածքներով»։ Այո, եթե հռչակեն իրենց այս իրական նպատակները՝ նրանց ետևից հազիվ թե շատ մարդ գնա։ Բայց, ի տարբերություն հինգուկես տարի առաջվա Նիկոլի, չեն էլ կարող խաբել ու խոսել սոցիալական արդարության մասին, քյաբաբը վերադարձնելու մասին, պատերին ծեփելու մասին, տուգանքները վերացնելու մասին, և այլն։ Որովհետև իրենց շուրթերից դա առնվազն ծիծաղելի կհնչի։

Պարզ ասած՝ Նիկոլը հինգուկես տարի առաջ խաբելու ռեսուրս ուներ ու օգտագործեց դա, ավելին՝ դեռ հիմա էլ նրա խաբելու ռեսուրսն ամբողջովին չի սպառվել, որովհետև դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են նրա «խաղաղության դարաշրջանին»։ Իսկ ընդդիմությունը ոչ ճշմարտությունն ասելու համարձակություն ունի, ոչ խաբելու ռեսուրս։ Այստեղից էլ՝ բացարձակ անգործությունն ու դա թաքցնելու նպատակով իրականացվող «բուռն գործունեության» իմիտացիան։

Մինչև Նիկոլի՝ ժողովրդին խաբելու այս ռեսուրսը նույնպես կսպառվի, ու ակնհայտ կդառնա, որ «խաղաղության դարաշրջանը» նույնպիսի փուչիկ էր, ինչպիսին հինգուկես տարի առաջվա խոստումների «գովազդային բուկլետը»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ