...

Ինչպե՞ս ոչնչացնել «դիմադրության վարակակիրներին»

Ինչպե՞ս ոչնչացնել «դիմադրության վարակակիրներին»

Նիկոլ Փաշինյանի քարոզած «հայրենասիրության նոր կերպը» ենթադրում է հրաժարում այն ամենից, ինչը գտնվում է 29,8 հազար քկմ տարածքով Հայաստանից դուրս, և բոլոր այն գաղափարներից, որոնք կարող են ինչ-ինչ պատճառներով դուր չգալ մեր հարևաններին։ Ու քանի որ սա ներկայացվում է որպես խաղաղության քարոզ՝ տեսականորեն կարող է շատերի՛ն դուր գալ։ Բայց գործնականում սա նշանակում է հասարակությանը բաժանել երկու մասի․ նրանց, ովքեր համարում են, որ պայքարել պետք չէ, պետք է «թուլանալ և հաճույք ստանալ» (սրանց համար կարևորը ապրուստն է, Կասկադի ու Սարյանի սրճարաններում զվռնելու կամ տարբեր լողափերից հիմար ժպիտներով լուսանկարներ հրապարակելու հնարավորությունը, մի խոսքով՝ կյանքը վայելելը), և նրանց, ովքեր համարում են, որ հանուն արժանապատվության պայքարել այնուամենայնիվ պետք է։ Ընդ որում՝ այդ բաժանարար գիծն ամենևին էլ իշխանությունների և ընդդիմության միջև չէ, որովհետև ընդդիմադիր ուժերի միջին և վերին շերտերում նույնպես ապրուստը կարևորողների ու «Կասկադի սրճարաններում զվռնողների» պակաս չկա (այլ հարց է, որ նրանք գերադասում են «թուլանալու և հաճույք ստանալու» համար անհրաժեշտ նյութական միջոցները ձեռք բերել ընդդիմադիր գործունեության միջոցով)։

Բայց խնդիրն այն է, որ նիկոլական իշխանությունների համար միայն հասարակությանը «թուլացող-հաճույք ստացողների» և «պայքարողների» բաժանելը քիչ է, նրանց պետք է, որ պայքարող տեսակը վերանա։ Շեշտում ենք՝ ոչ թե պակասի, կազմի հասարակության չնչին տոկոսը, այլ ընդհանրապես վերանա։ Որովհետև եթե երկրում թեկուզ մեկ-երկու տոկոս կամ մի 30-40 հազար չհամակերպվող մնա՝ Նիկոլի պատկերացրած անարժանապատիվ, բայց համեմատաբար կուշտ փորով «խաղաղության դարաշրջանը» ձախողվելու է։ «Արա՛, ի՞նչ պայքար, մի անգա՛մ ենք աբրըմ» փիլիսոփայությունը մերժող այդ 30-40 հազար «հաստագլուխներն» անընդհատ աղմուկ են բարձրացնելու, «սադրանքներ են կազմակերպելու» Հայաստանի տարածքով անցնող թուրքական ու ադրբեջանական բեռնատարների կամ Հայաստանում վերաբնակեցված ադրբեջանցիների նկատմամբ և այլն, ու արդյունքում «թուլանալը» ստացվելու է, «հաճույք ստանալը»՝ ոչ։

Հիմա Հայաստանում հենց «ըմբոստների» ոչնչացման գործընթացն է տեղի ունենում։ Դրա ամենաարդյունավետ գործիքը, հասկանալի է, պատերազմն է, որովհետև պատերազմներում, որպես կանոն, հասարակության հենց պայքարող տեսակն է մաղվում (հիմնականում զոհվում են նրանք, ովքեր չեն փախչում, և իհարկե՝ կամավորները, որոնք խրամատները գերադասում են «Կասկադի սրճարաններից»)։ Նման մի «օգտակար» գործընթաց էլ, Նիկոլի պատկերացմամբ, Արցախում է լինելու, որովհետև ըմբոստները մնալու են ու պայքարեն մինչև վերջ, իսկ «համակերպվողները» տեղափոխվելու են Հայաստան։ Բայց միայն պատերազմները քիչ են։ Իշխանություններին պետք է, որ հասարակության բացասական սելեկցիան իրականացվի նաև այլ մեթոդներով։ Օրինակ՝ ի՞նչ պիտի անել ցանկացած ոլորտի նորմալ մասնագետների հետ, որոնցից յուրաքանչյուրը, ինքնաբավ լինելով, կարող է նաև չհանդուրժել կիսագրագետ իշխանությունների կապիկություններն ու ընդվզել։ Ճիշտ է, պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ այդ մարդիկ կամ «կոտրվեն», կամ արտագաղթեն։ Ի՞նչ պիտի անել հարյուր հազարավոր այն շարքային քաղաքացիների հետ, որոնք քաղաքականապես ակտիվ են և օրվա ապրուստից բացի նաև այլ հարցերով են հետաքրքրվում։ Ճիշտ է, պիտի քաղաքական դաշտն ամայացնել այնպես, որ այդ մարդիկ պարզապես քաղաքական ակտիվության ասպարեզ չունենան, դա համարեն անհույս գործ և արդյունքում՝ կամ համակերպվեն ու առաջնորդվեն «եղունգ ունես՝ գլուխդ քորի» սկզբունքով, կամ չհամակերպվեն ու արտագաղթեն։ 

Հայաստանի իշխանությունները հենց դա էլ անում են։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ իշխանությունը երկար ժամանակ կարող է պահպանել ու վայելել միայն մի դեպքում՝ եթե Հայաստանում մնան միայն ճիշտ և ճիշտ իր նման «թուլացող-հաճույք ստացողները»։ Այլ հարց է, որ մեկը «թուլանալու» դիմաց ընդամենը երաշխավորված օրապահիկ կստանա, մի ուրիշը՝ օրումեջ ուղղաթիռ-տաքսիով բյուջեի հաշվին կյանքը վայելելու հնարավորություն։ Բայց եթե հասարակության ներսում «թուլանալ-հաճույք ստանալու» սկզբունքային որոշման շուրջ կոնսենսուս լինի՝ ցանկացած հարց հնարավոր կլինի լուծել սակարկությունների միջոցով։ Կարևորը՝ որ պոտենցիալ ըմբոստները վերացած լինեն։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   562 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ