Ճգնաժամն ու խմիչքը
Արտադրողներն արդեն զգում են կորոնավիրուսի հետևանքները:
Պաշտոնական վերջին տվյալները վկայում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն կրճատվել են գինու և կոնյակի արտադրության ծավալները:
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով՝ ճգնաժամերի դեպքում խմիչքի արտադրության պատկերն այդպես է ստացվում: Գինին և կոնյակը հոգեբանական առումով խոցելի են, ինչն անհետևանք չի թողնում այդ խմիչքի շուկայում՝ կրճատելով արտադրության ծավալները, բայց նույնը չի կարող ասել օղու մասին:
Մասնագետը մատնանշում է, որ կորոնավիրուսն աշխարհում ոչ միայն տնտեսական ծանր հետևանքներ է թողնում, այլև սոցիալ-հոգեբանական, ինչը չի շրջանցում խմիչքի շուկան: Մարդիկ դժվարությունները փորձում են մոռանալ օղու միջոցով:
«Օղին շատ արագ է արձագանքում ճգնաժամերին և, որպես օրենք, ինքը ճգնաժամի լուծման բանալիներից մեկն է: Բոլոր ճգնաժամերի ժամանակ օղու վաճառքի ծավալներն ավելանում են: Օղին շատ հեշտ բանալի է դժվարությունները չտեսնելու համար: Ինքն իրականությունից հեռանալու գործիք է, և դրա համար բոլոր ճգնաժամերի ընթացքում մարդիկ փորձում են հեռանալ իրականությունից: Եվ դրա ակնառու լուծումն օղին է: Իսկ գինին ու կոնյակը հոգևոր-մշակութային են և խոցելի: Օրինակ, գինու օգտագործումը համահունչ է քո ընդհանուր հոգեվիճակին՝ ավելի շատ դրական իմաստով: Օղին կոշտ ու կոպիտ է, որի միջոցով դու կարող ես հեռանալ իրականությունից»,- «ՉԻ»-ի հետ զրույցում բացատրում է գինեգործը:
Ստեղծված իրավիճակը գինեգործների համար մտահոգիչ է: Ավագ Հարությունյանի համոզմամբ՝ հնարավոր է կորցնենք խմիչքի շուկան: Ասում է՝ այսօրվա դրությամբ արդեն ներքին շուկայում 60-70 տոկոս կորուստ ունենք, իսկ դրսի շուկայում՝ 50: Դրսում մեծ ընկերություններն սկսել են դեմպինգ անել, որ կարողանան գոյատևել, ինչից հայ արտադրողներն են տուժում: Համավարակի այս օրերին ֆրանսիական և իտալական գինու արժեքը մոտեցել է հայկականին: Իսկ նման իրավիճակում տեղական ապրանք արտահանողները երկար աշխատել չեն կարող:
«Մենք այն ազգը չեն, որ փորձենք օղին մասնակիորեն փոխել գինու: Մեզ մոտ շատ հստակ ֆիքսված է, դրա համար մենք այսպես խոր ճգնաժամի մեջ ենք: Ցավոք սրտի, սա նաև Եվրոպային է վերաբերում, ուր գնում են մեր լավագույն գինիները: Ռուսաստանը չէ, սա այլ երանգ ունի, քանի որ ՌԴ գնում են էժան գինիները, որոնք միջին խավի համար փոխարինում են օղուն»,- ասաց Գինեգործների միության նախագահը:
Խթանել սպիրտի արտադրությունը
Ստեղծված իրավիճակը շտկելու համար, ըստ մասնագետի, կառավարությունը երկու խնդիր ունի: Խնդրի առաջին տեղում գինեգործներն են՝ արտադրողները, իսկ երկրորդ ճգնաժամային հարցը գյուղացիներին է վերաբերում:
«Երկու ճակատով էլ կառավարությունը պետք է փորձի աշխատել, որ գյուղացիները կարողանան բերքը հանձնել, այստեղ բերքի ընդունման խնդիր կա: Մթերողները փող չունեն, որ գնեն: Անցյալ տարվա արտադրանքի դեռ 20 տոկոսը չեն վաճառել: Սա նշանակում է, որ նաև տարաներ չկան՝ բերքը լցնելու համար: Կամ փող ունեցար, տարա ունեցար, բայց նորից մթերում անես, որ ինչ անես, իրացումը չկա: Այս մի խումբ խնդիրները պետք է կառավարությունը լուծի»,- նկատեց մեր զրուցակիցը:
Գինեգործների միության նախագահը ամենամեծ խնդիրը մթերումն է համարում:
«Գյուղացիների մի մասը վարկի միջոցով է բերքն աճեցրել: Բոլոր դեպքերում սա վարկային ռեսուրսների վրա հիմնված բերք է: Ես վախենում են, որ 1997 թվականի իրավիճակը կստեղծվի: Ճիշտ է, հիմա անտոկոս վարկեր են տալիս, բայց գրավ չկա, դրանք լրիվ սպառված են և բերքը գնելու իմաստ չկա»,- ասաց նա:
Որպեսզի խաղողը վազին չմնա, Հարությունյանի կարծիքով, կառավարությունը պետք է խրախուսի սպիրտի արտադրությունը: Ըստ նրա՝ պետությունը պետք է հետևյալ քայլին գնա. «Ամենավստահելի ընկերությանը պետք է սպիրտի արտադրության պատվեր իջեցնի: Այսինքն՝ պետական պատվեր պետք է իջեցնել, որպեսզի հետո կարողանա սպիրտը վերցնել: Վերամշակողներին տրվող մթերման վարկերը պետք է երկարաժամկետ դարձնել, որպեսզի լուծվի իրացման խնդիրը»,- կարևորեց միության նախագահը:
Մանյա Պողոսյան