...

Վրացիները մասնակցել են կոնյակի սպիրտի կեղծմանը

Վրացիները մասնակցել են կոնյակի սպիրտի կեղծմանը

Խոչընդոտներ՝ սպիրտի համար

Վրաստանը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից արտահանվող կոնյակի սպիրտի համար: Արդեն շաբաթներ շարունակ՝ կոնյակի սպիրտով բեռնված Հայաստանից Ռուսաստան ուղևորվող բեռնատարները կուտակվել են վրացական սահմանին:

Այդ երկրի հսկիչ մարմինները Հայաստանից արտահանվող կոնյակի սպիրտի լաբորատոր ստուգումներ են անցկացնում։

Վրացական կողմի պնդմամբ՝ ցիստեռները լցված են կոնյակի կեղծ սպիրտով և չեն համապատասխանում այն չափանիշներին, ինչը ներկայացված է փաստաթղթերում: Նրանք անգամ չեն վստահում իրենց երկրի լաբորատորիայի արդյունքներին, և հայկական կոնյակի սպիրտն ուղարկում են եվրոպական երկիր փորձաքննության:

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով՝ կոնյակի սպիրտի մասին վրացիների կասկածները մասամբ են ճիշտ: Մի մասը համապատասխանում է իրականությանը, մյուսը՝ ոչ: Նա այս ամենը կապում է նաև ռուս-վրացական հարաբերություններով: Կան նաև այլ հանգամանքներ:

«Կեղծ սպիրտում վրացական կոմպոնենտի նվազման մեջ սա պետք է տեսնել: Վրացիները տարիներ շարունակ մասնակցել են հայկական սպիրտի կեղծման գործին: Հիմա դա չկա, որովհետև մեր կողմից շատ բարձրաստիճան մարդիկ էին ներգրավված այդ գործին, նրանք հիմա չկան: Նշանակում է՝ վրացական կոմպոնենտն էլ է թուլացել»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց փորձագետը:

Նրա դիտարկմամբ՝ խնդիրը վերացնելու համար հայ արտադրողները պետք է մաքուր աշխատեն:

Կոնյակի գովազդը կարգելվի

Մինչ կպարզվի կոնյակի սպիրտի ծագման աղբյուրն ու այն Ռուսաստան կհասնի՝ հայկական կողմը նորություն ունի կոնյակի համար, բայց գովազդի դաշտում: Կառավարությունը մտադիր է արգելել հայկական կոնյակի գովազդը։

Գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է արգելել զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-ից մինչև 22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների, այդ թվում՝ տեղական արտադրության կոնյակի գովազդը: Կոնյակի գովազդի առկայությունը, ըստ նախագծի, անհավասար պայմաններ է ստեղծում տեղական և արտասահմանյան արտադրողների միջև՝ անհիմն խոչընդոտներ առաջացնելով վերջիններիս համար։ Ներկայումս թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը որոշակի ժամերի հեռարձակելու մասին օրենքը գործում է: Սահմանափակումը չի տարածվում հայկական կոնյակի վրա՝ տեղական արտադրությունը խթանելու համար։ Այսօր պետությունը մտադրությունը փոխել է:

Ավագ Հարությունյանի կարծիքով՝ այս փոփոխությունն ազդեցություն չի ունենա կոնյակի սպառման վրա, քանի որ ներքին շուկայում իրացման ծավալները մեծ չեն:

«Զբոսաշրջիկների համար էլ նշանակություն չունի, որովհետև գովազդը հայերեն պետք է լինի:  Ցանկալի է, որ լինի, սակայն չլինելու դեպքում էական բան չի փոխվի: Մեծ սխալ չեն գործում այս հարցում»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Ստվերային տնտեսությունը բերել է օղու նկատմամբ լիբերալիզմի

Գինեգործների միության նախագահը փոփոխություններ առաջարկում է օղու գովազդի դաշտում: Նրա կարծիքով՝ օղու գովազդն ընդհանրապես պետք է արգելվի:

«Նույնիսկ Ռուսաստանում օղու նկատմամբ այդ լիբերալիզմը չկա, ինչքան մեզ մոտ: Ծիծաղելի է սա: Օղին միշտ եղել է ստվերային տնտեսության բաղկացուցիչ մասը և այդ գործով զբաղված են եղել նախկին օրենսդիր և գործադիր մարմիններում պաշտոն զբաղեցրած մարդիկ: Իրենց համար սարքել են այդ ամբողջ դաշտը, ու մենք դարձել ենք օղիամոլ ազգ: Սա կատաստրոֆիկ է մեզ համար: Ստվերային տնտեսությունը բերել է օղու նկատմամբ լիբերալիզմի»,- նկատեց նա:

Ցորենի օղու փոխարեն մրգօղիներ

Ասում է՝ հատկապես պետք է արգելվի ռուսական օղիների գովազդը: Բացառություն կարող են լինել միայն հայկական մրգօղիները, որպեսզի մարդիկ ցորենի օղու փոխարեն օգտագործեն տեղական մրգօղիները:

Փոխարենը, ըստ նրա, պետք է ավելի շատ գովազդային ժամանակ հատկացվի գինուն: Հարությունյանը, սակայն, գովազդի դաշտում այսօր լուրջ խնդիր է տեսնում: Հաճախ գովազդվող ապրանքը չի համապատասխանում իրականությանը և սպառողին մոլորեցնում են: Ավագ Հարությունյանն ասում է, որ օրենքի փոփոխությամբ այս հարցն էլ պետք է կարգավորվի և խիստ պատիժ սահմանվի: 

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3786 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ