Հեղափոխությունից երկուսուկես տարի անց հասարակությունը խմբավորված է երկու պայմանական խմբերում՝ իշխանության տարբեր կաբինետներում հայտնված հեղափոխականներ և նրանց բոլոր տեսակի քննադատություններից պաշտպանող «թոփ երկրպագուներ», հակահեղափոխականներ և հեղափոխությունից հիասթափվածներ։
Վերջին խմբավորումը, նկատենք, նոր չէ, որ ի հայտ է եկել. սկզբում այն բաղկացած էր իշխանության կազմում հայտնվելու շանս չստացած, այսպես կոչված՝ չիրացված ամբիցիաներով հեղափոխականներից։ Այժմ արդեն խումբն օրըստօրե է համալրվում, հիմնականում՝ իշխանության գործելաոճից հիասթափվածներով, քանի որ՝ «լեռը երկնեց, մուկ ծնեց»։
Հիասթափվածների խմբավորումը, մեր դիտարկմամբ, իր հերթին բաղկացած է երկու ենթախմբից. մարդիկ, որոնք մասնակցելով 2018-ի շարժմանը, սոցիալական բնույթի ակնկալիքներ ունեին և հույս էին փայփայում, որ Սերժին մերժելուն հաջորդող շաբաթների ընթացքում արթանանալու են մարված վարկերով, «ջրված» տուրք ու տուգանքներով, «ֆուլ» սառնարանով, այսինքն՝ ապրելու են կուշտ ու երջանիկ՝ արձանագրելով. «Կեցցե՛նք մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում»։ Սակայն հեղափոխության անցած երկուսուկես տարիներին նման ակնկալիքներ ունեցողների արյան մեջ այդպես էլ չեն ավելանում երջանկության հորմոնները, քանի որ Թումանյանի անունից ու վարչապետի դեմքով նրանց հորդորված է. «Վեր կաց ու քայլիր, քանի որ դու անդամալույծ չես, դու մուրացիկ չես, դու պարտվող չես»։
Երկրորդ ենթախումբն այն մարդիկ են, որոնք ի սկզբանե դուրս են եղել «կեցցե»-ների էյֆորիկ ինքնախաբեությունից, որոնք «ոչ միայն հացիվ, այլ նաև բանիվ» կոդեքսի դավանորդներ են և առավելապես «քաղցն ու ծարավն ունեն արդարության»։ Մարդկանց այս խմբի գլխավոր ակնկալիքը հեղափոխական թիմից բոլոր մակարդակներում արդարության վերականգնումն ու արդարադատության իրականացնումն է՝ նախկին ռեժիմի թալանչիներին, գողերին, ելուզակներին, մարդասպաններին և բոլոր տեսակի ու ռանգի հանցագործներին ճաղերի հետևն ուղարկելով, ինչպեսև սոցիալական արդարության վերականգնումը, որը հնարավոր չէ իրականացնել այն դեպքում, երբ գողերն ազատ շրջում են ու վայելում պետությունից թալանվածը՝ անաշխատ միլիարդները։ Սոցցանցերում և դրանցից դուրս հասարակական կարծիքի մոնիտորինգ իրականացնող կառավարության համապատասխան ՊՈԱԿ-ը վստահաբար ֆիքսում է հիասթափության այն մեծ դոզան, որն ստանում են «արդարության ծարավիները»՝ քրեական հետապնդման ենթարկվող, սակայն «վովայաբար» ու «նեմեցավարի» հոխորտացող, երկրի սահմանները բարեհաջող լքած հերթական թալանչու կամ կոռուպցիոների մասին լուրը լսելիս։ Քանի՞սն են նրանք և քանիսո՞վ են համալրվելու առաջիկայում՝ Միհրան Պողոսյան, Ռուբեն Հայրապետյան, Արամ Հարությունյան, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյան, Սամվել Մայրապետյան, Գագիկ Բեգլարյան, Գևորգ Կոստանյան... Ցանկն ամբողջական չէ։ Դե իսկ Մարտի 1-ի գործի դատաքննության անվերջ ձգձգումը, գլխավոր ամբաստանյալ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ կալանավայրում չլինելու, այլ ազատ երթևեկելու, բացօթյա հարցազրույցներ ու ասուլիսներ հրավիրելու հանգամանքը ոչ այլ ինչ է, քան հիասթափության գերդոզավորում։
Այստեղ և հիմա
Եվ որքան էլ իշխանությունը նման իրավիճակը պատճառաբանում է նախկինների ձեռագրից հրաժարվելու, դատաիրավական համակարգի վրա ճնշում չգործադրելու հանգամանքով, միևնույն է՝ հիասթափվածների արդարության քաղցը դրանից չի մեղմվում։ Նրանց տառապանքը փորձ ունի և ուզում են, որ իրենց ակնկալիքները բավարարվեն Կորտասարի «բանաձևով»՝ այստեղ և հիմա։ Չէ որ իշխանությունը մոտ մեկ տարի առաջ խոսում էր պատերի տակ «վնգստացող» դատավորների, պետական ապարատի կողմից հեղափոխության նկատմամբ ցուցաբերվող դիմադրության և այն ջարդելու պատրաստակամության, իրավապահ համակարգի դանդաղկոտության մասին, ինչի հետևանքով կոռուպցիոներների մի մասը հնարավորություն է ունեցել փախչել Հայաստանից, մյուս մասն էլ՝ թաքցնել հանցանշաններն ու ապացույցները։ Խոսում էր նույն իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղած դավաճանների մասին, «որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություններով»։ Իսկ ինչ ունենք այսօր. «ինքնաշխատ» դատաիրավական համակարգը գործում է նախկին «նաստրոյկաներով» ու տեղապտույտի էֆեկտով և հանրությանն այդպես էլ հասանելի չի դառնում վիճակագրությունն այն մասին, թե ինչպիսի հակապարազիտային միջոցառումներ են իրականացվել իշխանության կողմից, այսինքն՝ քանի «դավաճան» իրավապահ կամ «վնգստացող» դատավոր է ենթարկվել պատասխանատվության, և ամենակարևորը՝ իշխանության (բոլոր երեք թևերի) իմունային համակարգն ի վիճակի՞ է «լիարժեք և լիաթոք» իրականացնել իր վրա դրված պարտականությունները՝ սկսած քննչական գործողություններից, շարունակած օպերատիվ-հետախուզական գործողություններով, կայացվելիք որոշումներով ու վճիռներով։ Հազիվ թե։ Փաստենք, որ ցայսօր արդարադատության մուրճի վճռորոշ հարվածը, հանուն Հայաստանի Հանրապետության, չի վավերացրել աղմկահարույց գործերով առաջադրված որևէ մեղադրանք։ Սա ևս վիճակագրություն է՝ վիճակագրության բացակայության մասին։
Հիասթափված, բայց սթափ
Նկատենք, սակայն, մի կարևոր հանգամանք. հատկապես այն կոնտինգենտը, որը հեղափոխությունից մեծ ակնկալիքներ ուներ՝ համակարգային ռադիկալ փոփոխությունների, բովանդակային, ոչ թե կոսմետիկ լուծումների, կադրային փոխատեղումների տեսքով, սակայն ստիպված է առերեսվել իշխանության հախուռն, երբեմն՝ փնթի ու չկանոնակարգված աշխատաոճին ու սաբոտաժին (վառ օրինակը՝ ՍԴ-ի ռեստավրացիան է, նաև՝ վեթինգի, անցումային արդարադատության գաղափարից նահանջը, Ամուլսարի հարցում ջայլամի դիրք բռնելը և այլն), չեն շտապում համալրել հակահեղափոխականների շարքերը։ Պատճառն ակնհայտ է՝ դա այն հանրույթն է, որը տարիներ շարունակ պայքարել է իր խախտված իրավունքների ու ազատությունների համար, կեղծիքի ու ապօրինությունների դեմ, և արժեքային, քաղաքական, մշակութային-դավանաբանական տարբերություն ունի նրանց նկատմամբ, որոնց պաշտոնավարումը խարսխված է եղել հենց թվարկված երևույթների վրա։ Եվ բացի այդ՝ հիասթափվածների «երկրորդ ենթախումբը» հույս ունի, որ իշխանությունը, քանի դեռ չի սպառել լեգիտիմության իր անընդհատ մաշվող ռեսուրսը, կշտկի գործելաոճը՝ պոպուլիստական կեղծ ու ճռճռան թեզեր շրջանառելու փոխարեն տեսանելի, առարկայական արդյունքներ ցույց կտա, ինչպես օրինակ՝ մեծ թափով ու ծավալով ասֆալտապատվող ճանապարհները։
Հեղինե Մանուկյան
Հ.Գ. Հակահեղափոխական պրոպագանդան, նկատենք, հմտորեն օգտագործում է իշխանության հասցեին արված ցանկացած քննադատություն՝ ֆեյսբուքյան գրառումներից սկսած մինչև որևէ ֆորմատով ասված խոսք։ Ու պտտեցնելով դրանք սեփական ԶԼՄ-ներով, կարողանում է մանիպուլացնել հանրային կարծիքը՝ պարտադրելով հետևյալ եզրահանգումը. «Եթե Նիկոլից ու իր թիմից արդեն սկսել են դժգոհել ու հիասթափվել նրա համախոհները՝ նշանակում է վիճակն իրոք «ճանտրակուլի» է»։
«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020