Երևանում ընթանում է ՀԱՊԿ գագաթնաժողովը, իսկ հասարակությանը կարծես թե առավելապես այն հարցն է հետաքրքրում, թե ովքե՞ր են ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով ակցիաներ կազմակերպում, որտեղի՞ց են ֆինանսավորվում, քանի՞ մարդ է մասնակցում դրանց, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը, եթե ռուսները բարկանան, և այլն։
Փորձենք հասկանալ։ Իսկ ինչպե՞ս պիտի Հայաստանում դիմավորեին այն կազմակերպությանը, որտեղ Ադրբեջանն իսկապես էլ ավելի շատ իրական դաշնակիցներ ունի, քան Հայաստանը։ Այն կազմակերպությանը, որի անդամներից մեկն էլ, օրինակ, Բելառուսն է։ Մոռացե՞լ ենք այդ երկրի էկզոտիկ նախագահի ցինիկ հայտարարությունները Հայաստանի հասցեին կամ «հաղթանակի առթիվ» Ադրբեջանին հղած շնորհավորանքները, թե՞ այդ երկրի արտադրած ու «իրենց ընկեր» Ալիևին մատակարարած «Պոլոնեզ» հրթիռներն ենք մոռացել։ Հիմա ի՞նչ կա զարմանալու, որ ինչ-որ խմբեր ակցիաներ են անում, բա հո շնորհակալություն չէի՞ն հայտնելու։ Այնպես որ՝ զուտ մարդկայնորեն ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր վերաբերմունքը միանգամայն հասկանալի է, և եթե անվտանգության խնդիրներն այսքան սրված չլինեին՝ այդ ակցիաների մասնակիցների թիվը հարյուրապատիկ մեծ կլիներ։
Մյուս կողմից էլ՝ այդ ակցիաներն ակնհայտորեն «զուտ մարդկային վերաբերմունքի» դրսևորումներ չեն և առանձնապես կապ չունեն ազգային արժանապատվության ու ինքնիշխանության նշաձողի հետ։ Եթե այդպես լիներ՝ հրապարակներում կծածանվեին բացառապես Հայաստանի դրոշները, բայց եթե ծածանվում է, օրինակ, նաև Ուկրաինայի դրոշը՝ դա նշանակում է, որ «թեման» ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունն է, այլ «տիրոջ փոփոխությունը»։
Պարզ ասած՝ «ռուսները մեզ դավաճանում են, լավ չեն պաշտպանում, պետք է այլ պաշտպաններ գտնել ու նրանց հովանու տակ մտնել»։
Խորքային իմաստով՝ ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի դեմ ակցիաների և «Հավերժ միասին» պաստառներով Պուտինին դիմավորելու արարողության միջև մեծ տարբերություն չկա։ Երկուսն էլ «տիրոջ փնտրտուքի» արտահայտություն է։ Բայց հասարակությանը հասկանալ կարելի է՝ անվտանգության արտաքին համակարգերը փլուզած ու ներքին ռեսուրսները փոշիացրած իշխանություններն այլ ելք պարզապես չեն թողել։ Ավելին՝ այդ նույն իշխանությունները շարունակում են արկածախնդրությունը․ քննադատում են ՀԱՊԿ անվտանգության համակարգի «ծակ հովանոցը» ու ձևացնում, թե ավելի հուսալի հովանոցի տակ կմտնեն՝ իրականում չունենալով այդ այլընտրանքը (հայտնի քաղաքագետներից մեկը սա անվանել էր «բլեֆ բաց խաղաքարտերով»), ՀԱՊԿ-ում էլ ձևացնում են, թե լուրջ են ընդունում «ծակ հովանոցի» վերաբերյալ քննադատությունները, բայց քանի որ գիտեն, որ Հայաստանն իրականում այլընտրանք չունի, Հայաստանի իշխանությունների այդ հռետորաբանությունն օգտագործում են որպես պատրվակ և մեր իսկ դեմ գործելու արդարացում։
Դրանում, ի դեպ, նրանց օգնում է նաև հայաստանյան ընդդիմությունը։ Երևանում ինչ-որ փոքրաթիվ խմբակներ հակառուսական ակցիաներ են անում, պահանջում, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, իշխանություններն էլ, բնականաբար, հայտարարում են, որ կապ չունեն այդ ամենի հետ, հետևաբար՝ բացահայտորեն Հայաստանի դեմ գործելու «լեգիտիմ առիթ» չկա, բայց ընդդիմությունը հնարավոր բոլոր խոսափողներով կոկորդ է պատռում, թե «մի՛ հավատացեք, այդ ակցիաների ետևից իշխանությունների ականջներն են երևում, այդ նրա՛նք են կազմակերպում, այդ նրա՛նք են հակառուս, նրա՛նք են հակաՀԱՊԿ, մի բան արեք՝ պատժեք»։
Հենց այսպես էլ քաղաքական դաշտը ավարտին է հասցնում անկախ պետականությունից հրաժարվելու՝ 25 տարի առաջ սկսված գործընթացը։
Մարկ Նշանյան