...

Իրականությունն ընդունել ի գիտություն

Իրականությունն ընդունել ի գիտություն

Ասում են՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Ճիշտ են ասում: Փորձենք բացատրել: 

Այսպես, նորմալ բժիշկը բուժում է նշանակում ախտորոշումից հետո: Ճիշտ ախտորոշումը բուժման արդյունավետության գրավականն է: 

Մեր երկիրն այսօր վիրավոր է, ծանր հիվանդ: Ուստի ճիշտ ախտորոշման կարիք ունի: Մենք պետք է կարողանանք գնահատել տեղի ունեցածը, գույքագրում անել և բուժման կուրս անցնել: Դժվար է, բայց պետք է կարողանանք:
Բնական է, որ շատերս ենք փնտրում պարտության պատճառները: Բնական է և օգտակար հենց այն ախտորոշման համար, որը կդառնա մեր բուժման գրավականը: Սակայն դրան խանգարում են քաղաքական երկվորյակ խմբերը՝ իշխանություն և ընդդիմություն հորջորջվողները: Նրանք շատ լավ գիտակցում են, որ իրենց մեղքի հսկայական բաժինն ունեն, և աղմկում են՝ փորձելով խլացնել բանականության ձայնը, փորձելով շեղել շփոթված, վիրավոր, ցավից կծկված մարդկանց ուշադրությունը ռեալ խնդիրներից: 

Իսկ իրականությունը շատ ավելի դաժան է, քան կարծում ենք, քան ձգտում են ներկայացնել իշխանությունը ու ընդդիմությունը: Ժողովուրդը, կարծում ենք, զգում է, հասկանում, որ պարտությունը մեր երկրի անկախությունը դրել է մեծ հարցականի տակ: 

Ուստի մարդիկ ոչ միայն խորապես հիասթափված են քաղաքական գործիչներից, այլև շատ լավ ըմբռնել են, որ Ռուսաստանն է որոշելու, թե ով իշխանության կգա Հայաստանում:

Սա բնավ չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք: Ուղիղ հակառակը: Մենք նախ պետք է որոշենք՝ ուզո՞ւմ ենք ապրել Հայաստանում, ուզո՞ւմ ենք հայրենիք ունենալ: Պետք է որոշենք՝ ինչպես ենք ապրելու հայրենիքում, ինչպես ենք բուժելու երկիրը և մեզ: 

Օրվա հրատապ խնդիրը, անշուշտ, իշխանությունն է: Ընդ որում, այս իշխանությունը պետք է հեռանա ոչ միայն այն պատճառով, որ դարձել է ազգակործան պատուհաս, այլև այն պատճառով, որ 2.5 տարի տեսել ենք նրա անգործությունը: Մենք տեսել ենք նաև նախորդների գործունեությունը, որը մեծապես նպաստեց այսօրվա աղետին: 

Ուրեմն ի՞նչ իշխանություն է մեզ պետք: Մեզ պետք չեն արկածախնդիրներ, մեզ պետք չեն հնարավորի արվեստն անտեսողներ, մեզ պետք չեն այս փոքրիկ երկրից սեփական գրպանի համար միլիոններ քամողներ: Մեզ պետք են նվիրյալներ, որոնք կոնկրետ, շատ կոնկրետ գործեր են անելու: Մեզ պետք են մարդիկ, որոնք, այո՛, ընդունելի կլինեն արտաքին աշխարհի, նախ և առաջ Ռուսաստանի համար: Սա, որքան էլ տխուր փաստ համարենք, իրականություն է: Մեզ պետք են մարդիկ, որոնք նորմալ հարաբերություններ կհաստատեն տարածաշրջանի երկրների հետ: Մեզ պետք են տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար ռեալ ծրագիր ունեցող և այդ ծրագիրն իրականացնելու ուղիներ նշող ու գտնող մարդիկ: Այսինքն՝ մեր իշխանությունը ծրագիր ներկայացնելիս նախ և առաջ պետք է պատասխանի ամենակարևոր հարցին՝ ինչպես է այս կամ այն հարցը լուծելու:  Հիշեցնենք՝ մինչ օրս մենք լսել ենք միայն բարձրագոչ ճառեր աննախադեպության կամ համաշխարհային ազգի, ազգային տեսլականի կամ ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատի մասին: Հիշեցնենք՝ բարձրագոչ ճառեր ասողները երբեք չեն նշել և չեն նշելու իրենց «տեսլականներին» հասնելու իրական ուղիները: 

Մեզ պետք են մարդիկ, որոնք ամեն օր և ժամ ռեալ գործեր են անելու: Ի դեպ, հիմա էլ կարող ենք առաջարկել, որ Հայաստանի մասին մտածող, ճռճռան ճառեր ասող մեր մեծահարուստները հետաքրքրվեն «մանր», իրենց պատվից ցածր խնդիրներով, որոնք վստահաբար կարող են լուծել: Օրինակ՝ գիտենք, որ մեր զինվորները բահով ու ձեռքերով են խրամատ փորում: Ուրեմն, սիրելի՛ մեծահարուստներ, հավաքվե՛ք, տեխնիկա գնե՛ք և հանձնե՛ք մեր երեխաներին: Նրանք նաև ձեզ ու ձեր երեխաներին են պաշտպանում... Ռուսաստանը հատատ դեմ չի լինի: 

Զարուհի Գաբրիելյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 39, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   874 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ