Տանուլ տված պատերազմը հասարակական-քաղաքական դիսկուրս երկու վտանգավոր թեզ է ներմուծել:
Առաջինն այն է, որ եթե լավ կազմակերպվենք, զինվենք, բացահայտենք դավաճաններին և նրանց դուրս դնենք պետության ու բանակի կառավարումից, ապա շատ շուտով կկարողանանք հասնել ռևանշի: Այս թեզի տարածման հիմնական հովանավորը Դաշնակցությունն է: Սա ըստ էության՝ «զարգանալ չզիջելով» հայտնի դաշնակցական թեզի նոր փաթեթավորման փորձ է: Թեզ, որն ամբողջովին ջախջախվեց և ապացուցեց իր սնանկությունը:
Այստեղ կարևոր է շեշտել, որ նույն Դաշնակցությունը համագործակցեց և նեցուկ եղավ այն ուժերին, որոնք քսան տարուց ավել ոչ միայն գործուն քայլեր չարեցին մի փոքր զարգանալու համար, այլ նաև մսխեցին հաղթանակի արդյունքում ստացած առավելությունները:
Բայց շատ կարևոր է, որ գոնե հիմա պատասխանատու քաղաքական ուժերը մերժեն արկածախնդրությունը և չթողնեն, որպեսզի հերթական անգամ ոմանք փորձեն լվանալ ժողովրդի ուղեղները:
Հայաստանի մոտ ապագայի օրակարգում չկա կորսված տարածքների վերականգման հնարավորություն: Դա կեղծ օրակարգ է, որի միակ նպատակը ներքաղաքական դիվիդենտներ շահելն է: Հայաստանի առջև կա ուրիշ խնդիր. պահպանել առկա տարածքային ամբողջականությունը, շարունակել մնալ որպես թեկուզ կորուստներ կրած, բայց այնուամենայնիվ անկախ սուբյեկտ:
Եվ այստեղ առաջ է գալիս երկրորդ վտանգավոր թեզի չեզոքացման հրամայականը: Հայաստանից այլևս ոչինչ կախված չէ, կամ պատերազմը ավարտվել է, և այլևս կարիք չկա մտածելու բանակաշինության մասին: Սա նույնպես շատ վտանգավոր մտայնություն է:
Հայաստանին անհրաժեշտ է նոր ռազմական դոկտրին, որտեղ «նոր պատերազմ, նոր տարածքներ» պաթոսային ձևակերպմանը փոխարինելու կգա իրատեսական և արկածախնդրությունը մերժող դոկտրինի գիտակցում և ձևակերպում:
Հայաստանին անհրաժեշտ է մոբիլ, լավ զինված և ամենակարևորը մարտական ուժեղ պատրաստականություն ունեցող բանակ: Սա հնարավորություն կտա ապագա լավ կամ վատ զարգացումների դեպքում ունենալ ձայնի իրավունք և պաշտպանել մեր շահերը:
Արիս Վաղարշակյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: