«- Այսինքն՝ կասկածելի՞ եք համարում ՄԻԵԴ-ի այս որոշումը։
- Միանշանակ, ոչ միայն կասկածելի է, և ևս մեկ փաստարկ կբերեմ, չնայած նրա նշանակությունը մեծ չէ, իշխանությունները նրան մեծ նշանակություն տվեցին։ Երեկ ամբողջ իշխանական էլիտան անհասկանալիորեն ինչ-որ բան էր տոնում։ Այստեղ շատ կասկածելի էլեմենտներ կան։ Հրապարակային տեղեկատվություն կա, և դուք կարող եք Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի կայքում տեսնել, որ Հայաստանի մշտական ներկայացուցիչը Եվրոպայում բառացիորեն մեկ օր առաջ հանդիպել է Եվրոպական դատարանի նախագահի հետ։ Ի՞նչ են քննարկել էդտեղ։ Դժվար թե քննարկած լինեն Եվրոպայի խորհրդի և Հայաստանի լայն օրակարգի հարցեր։
- Այսինքն՝ դուք կարծում եք, որ Հայաստանի իշխանությունները միջամտե՞լ են։
- Ես ունեմ վստահություն։ Ես փաստարկներ եմ բերում, մտածող մարդիկ քիչ չեն, թող մտածեն»։
Սա հատված էր Faktor.am-ի հարցազրույցից «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ:
«ՉԻ». Այս դեպքի համար է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտնի խոսքը. «Ինչպես ասում է ֆիլոս Սոկրատը՝ նիչևո սլիշկմ»:
Հասանք այնտեղ, որ հանգամանքների բերումով իրավապաշտպան դարձած մեկը եվրոպական բարձր դատարանին մեղադրում է քաղաքական խաղերի մեջ ներքաշվելու և քաղաքական ճնշումներին ենթարկվելու մեջ: Եվրոպական առաջատար պետությունների ներկայացուցիչները չեն կարողանում ազդել ՄԻԵԴ-ի վրա և ստանում են իրենց կառավարությունների համար տհաճ որոշումներ, իսկ Հայաստանի ներկայացուցիչը փաստորեն հաջողացնում է ճնշել ՄԻԵԴ նախագահին ու մնացած դատավորներին: Շտապ պետք է Եղիշե Կիրակոսյանին հետ կանչել Երևան, որպեսզի իր գիտելիքներն օգտագործի Հայաստանի դատավորներին «շողուլի» բերելու համար:
Իսկապես մտածող մարդիկ քիչ չեն, և անհայտ է, թե ում վրա է հույս դնում Մելիքյանը: Եթե Հայաստանի մշտական ներկայացուցիչը հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ, որպեսզի նրան ճնշի, ինչո՞ւ է այդ մասին հրապարակային տեղեկացրել հանրությանը, որպեսզի Մելիքյանն էլ հնարավորություն ունենա դիմելու այսքան անորակ մանիպուլյացիայի:
Մելիքյանը իրեն փորձում է դիրքավորել որպես անաչառ, օրենքի և իրավունքի անխոնջ նվիրյալ: Իմաստ չունի նմանվել Գասպարյան Վովայի օգնականին, որը Մելիքյանից ժամեր առաջ հայտարարեց, թե իր տեղեկություններով՝ ՄԻԵԴ որոշումը Հայաստանի իշխանությունների համար դասավորել է «Բաց հասարակության» հիմնադրամի Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Լարիսա Մինասյանը: Ի վերջո, կարելի է մի փոքր տարբերվել շարքային սուրճ դնողից: