Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծվելու է ամռանը: Ընդդիմությունը չի կարող հետաձգել ճակատամարտը և այն տեղափոխել աշուն: Նա պարզապես չունի այդ ռեսուրսը:
Ծառուկյան-Վանեցյան դուետը և նրանց հետևում կանգնած Քոչարյան-Սարգսյան դուետը չեն կարող սպասել մինչև աշուն: Այդ ժամանակ կսկսի աշխատել ապօրինի գույքի բռնագանձման օրենքը, և նրանք կզրկվեն իրենց ամենակարևոր կռվանից՝ ֆինանսական ռեսուրսներից: Չեն կարող սպասել, որ պանդեմիան նահանջի, նոր անցնեն գրոհի, քանի որ այդ ժամանակ կպարզվի՝ չունեն ոչ մարդկային և ոչ էլ այլ կարգի ռեսուրս:
Բացի ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքից, ամբողջ թափով կսկսի աշխատել ուժային բլոկը, մինչև հիմա խնամքով թաքցված գործերը կհայտնվեն այնպիսի պաշտոնյաների մոտ, որոնք դրանք արխիվացնելու փոխարեն կսկսեն հետաքննել և ընթացք տալ: Ասվածի վառ օրինակը Միքայել Մինասյանի համակարգիչն է: Այն երեկ չի հայտնաբերվել, բայց միայն ՊԵԿ նախագահի փոփոխությունից հետո հնարավոր դարձավ այն օգտագործել: Իսկ այն, որ այդ համակարգչում առկա տեղեկությունները լուրջ ազդեցություն են թողնելու ներքաղաքական իրավիճակի վրա, կասկածից դուրս է: Այնտեղ առկա ինֆորմացիան շատ ավելի արժեքավոր է, քան 40 տարվա բոլորին հայտնի քրեական գործի հրապարակումը:
Ծառուկյանին ու մնացածին չի կանգնեցնելու արտակարգ դրությունը, չի անհանգստացնելու մարդկանց առողջությունը: Նրանք հավաքելու են բոլոր իրենց կողմնակիցներին (պաշտոններից զրկվածներ, իրենց ձեռնարկություններում աշխատողներ, ինչու չէ նաև մի քանի հազար դրամի դիմաց ցույցերի մասնակիցներ) և շարժվեն դեպի կառավարություն: Նրանց հաշվարկը սա է՝ դեմ առ դեմ մնալ միայն ոստիկանական պատնեշի հետ:
Համավարակի պայմաններում իշխանությունները հնարավոր է հապաղեն և կոչ չանեն հանրությանը պաշտպանել հեղափոխությունը, չվերցնեն իրենց վրա նման պատասխանատվություն՝ չցանկանալով վտանգել հանրության առողջությունը: Իսկ այդ ժամանակ ոստիկանական պատնեշը այնքան էլ լուրջ դիմադրություն և վտանգ չէ իրենց ընդդիմություն երևակայողների համար: Հայաստանի ոստիկանությունը առաջվանը չէ, որ դնի, ջարդի:
Ընդհակառակը, Ծառուկյանը կարող է մի քանի հարյուր ամուր տղաների կանգնեցնել առաջին շարքերում, որոնք իրենք կարող են ոչ միայն չփախչել, այլև լուրջ դիմադրություն ցույց տալ ոստիկանությանը:
Ի՞նչ պետք է անի իշխանությունը: Պետք է գործի արագ՝ փորձելով բնում խեղդել նրանց կազմակերպչական աշխատանքները: Քրեական գործերի ընթացքին պետք է հաղորդվի աննախադեպ արագություն: Քարոզչական աշխատանքները, հասարակությանը իրերի վիճակը բացատրելը պետք է դառնա իշխանության քաղաքական թևի առաջնահերթությունը:
Բայց անկախ իշխանությունների հակազդեցության որակից, հանրությունը պետք է գիտակցի վտանգը և չթողնի, որ ռևանշի ուժերը հասնեն հաջողության: Իշխանության սխալները հնարավոր է շտկել, նեղանալու և մի կողմ քաշվելու դեպքում՝ հետևանքները լինելու են շատ ծանր՝ առաջին հերթին պետականության համար:
Արիս Վաղարշակյան