Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ինչպես նաև նրանց ադեպտները փորձում են երկրորդ անգամ մտնել նույն ջուրը: Ավելի շուտ ցանկանում են մեկտեղել այն գործընթացները, որ սկսեցին 1997 թվականի աշնանը և ավարտեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ով:
1997 թվականին չկային սոցիալական ցանցեր, բայց հայտնի դուետը ստեղծեց մի քանի հեռուստաընկերություններ, վերահսկողություն հաստատեց արդեն գործողների վրա և աննախադեպ արշավ սկսեց իշխանությունների դեմ:
Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հասարակության հետ անկեղծ երկխոսության փորձը ներկայացվեց իբրև դավաճանության նախապատրաստություն, իսկ իշխող ուժը չկարողացավ հասկանալ և դիմագրավել մարտահրավերին: Նույնը հիմա է՝ հեռուստատեսությունից զատ օգտագործել սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները, օգտագործել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը և կրկին տիրանալ իշխանությանը:
Ինչպես և 1997 թվականին, նույն ձեռագիրն է աշխատում: Այն ժամանակ էլ հասարակության մեջ և հատկապես պետական ապարատում տարածում էին լուրեր, որ Տեր-Պետրոսյանը հոգնել է, չի ցանկանում աշխատել, հրաժարական տալու հարմար առիթ է փնտրում: Արդեն բանը բանից անցնելուց հետո պարզվեց, որ դա տեղի ունեցավ հայտնի ուժերի պահանջով և շանտաժի արդյունքում:
1998 թվականին էլ Քոչարյանը ասում էր, որ չի ցանկանում նախագահ դառնալ, բայց արագ փոխեց մտադրությունը: Նույնը հիմա է՝ փորձում են համոզել, թե նախկինները հետ գալու շանս և մտադրություն չունեն: Վանեցյան, Մարուքյան, Ծառուկյան և ուրիշ վարչապետացուներ են փորձում հրամցնել հասարակությանը: Իրականում նրանցից որևիցե մեկը ինքնուրույն խաղացող չէ և դուրս են եկել քաղաքական պայքարի հայտնի դուետի պահանջով ու նրանց շանտաժի արդյունքում: Հասարակությունը վերջին աստիճանի միամտություն կդրսևորի, եթե այդ հանգամանքը հաշվի չառնի:
1998 թվականին էլ հայտնի դուետը հաջողության հասավ իշխանության խորհրդարանական ուժի մեջ կասկածներ սերմանելով և ի վերջո այն մասնատելով:
Իշխանությունը պետք է գործի առաջանցիկ տեմպով: Իշխանությունը ներկայացնող անխտիր բոլոր պատգամավորները պետք է հրապարակավ արտահայտեն իրենց դիրքորոշումը: Իսկ նրանք, որոնք չեն արտահայտվի, կդառնան ապագա հեղաշրջման փորձի մասնակիցներ: Իսկ եթե պարզվի, որ նրանց քանակը բավական տպավորիչ է և կարող է հիմք հանդիսանալ խորհրդարանի խճանկարը փոխելու համար, օր առաջ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ դրանից առաջ հասարակությանը հստակ բացատրելով դրա դրդապատճառները և ներկայացնելով այն պատգամավորներին, որոնք ստվերային հարաբերությունների մեջ են նախկինների հետ:
Չպետք է փորձել ամեն գնով պահպանել ստատուս-քվոն և սպասել, թե երբ հայտնի զույգը կորոշի հերթական հարվածը հասցնել հայոց պետականությանը:
Արիս Վաղարշակյան