...

Իշխանության 10 ձեռքբերումները և ձախողումները

Իշխանության 10 ձեռքբերումները և ձախողումները

Մի քանի օրից կավարտվի 2019 թվականը: 2018 թվականի դեկտեմբերից անցել է ուղիղ մեկ օրացույցային տարի, ինչ Հայաստանն ունի նոր խորհրդարան և կառավարություն: Ամփոփելով տարին՝ նշենք մեր կարծիքով իշխանության 10 ձեռքբերումները և 10 ձախողումները: Իհարկե, երկուսի դեպքում էլ ցանկն ավելի մեծ է:

Ձեռքբերումներ

1. Բյուջետային մուտքերն ավելացել են շուրջ 360 միլիարդ դրամով, որն աննախադեպ է վերջին երկու տասնամյակի համար:
2. Կառուցվել և վերանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ: Լինսի հիմադրամի գումարների տրամադրումից հետո այս քանակությամբ ճանապարհ չէր կառուցվել:
3. Հեղափոխությանը հաջորդող տարում ունենալ 6-7 տոկոս տնտեսական աճ նույնպես շատ դրական ցուցանիշ է:
4. Ստվերային տնտեսությունը շարունակվում է կրճատվել, ինչի վկայությունը թե՛ բյուջեի մուտքերի աճն է, թե՛ աշխատողներին և աշխատավարձերը ստվերից հանելու վիճակագրական տվյալները:
5. Աշխատավարձերը, չնայած ոչ շատ, բայց, այնուամենայնիվ, աճել են թե՛ պետական հատվածում, թե՛ մասնավոր սեկտորում:
6. 2019-ին տեղի են ունեցել մի շարք ՏԻՄ ընտրություններ, որտեղ իշխանությունը չի կիրառել ադմինիստրատիվ ռեսուրս և նախկինում տարածված այլ ապօրինի ներգործության միջոցներ: Իշխանության թեկնածուները պարտվել են մի շարք քաղաքներում և համայնքներում:
7. Չնայած նախկին իշխանությունների կողմից սանձազերծած քարոզչական հիբրիդային պատերազմին՝ Հայաստանում մամուլը մնում է ազատ: Միջազգային կառույցների գնահատականները դրա լավագույն ապացույցն են:
8. Համակարգային կոռուպցիային իսկապես հայտարարված է պատերազմ, ինչի վկայությունը ոչ միայն նախկինների հանցագործությունների բացահայտումն է, այլ նաև գործող իշխանության բարձր կազմի ներկայացուցիչների ձերբակալումը: Պայքարին վերջապես տրվեց նաև ինստիտուցիոնալ տեսք՝ կազմավորվեց Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը:
9. Չափազանց լուրջ առաջընթաց կա բանակի սննդի կարգավորման հարցում: Շատ զինվորներ, ծառայությունից վերադառնում էին հիվանդ՝ երկու տարի անորակ սնվելու պատճառով:
10. 2019-ին բանակը ստացել է մեծ ծավալի սպառազինություններ: Դա հնարավոր եղավ նաև որոշ օլիգարխներից հանցավոր ճանապարհով թալանած գումարների մի մասը հետ ստանալու արդյունքում:

Ձախողումները

  1. Չկա նոր սահմանադրություն, կուսակցությունների մասին նոր օրենք, ընտրական նոր օրենսգիրք, դատավորների վեթթինգ:
  2. 2019-ին չհաջողվեց հանգուցալուծել ՍԴ ճգնաժամը: Դա հղի է ավելի մեծ ճգնաժամերով:
  3. Չի վերականգնվել հանրության հավատը դատարանների հանդեպ: Շատ դատավորներ արդարադատության փոխարեն իրականացնում են նախկին իշխանությունների կամքը:
  4. Հեղափոխությունը վերջնականապես չի հաղթել: Դրա լավագույն վկայությունը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որ պետական համակարգի մեջ կա մեծ դիմադրություն հեղափոխությանը:
  5. Ոչ բնական մենաշնորհների դեմ պայքարի առումով չկա որևէ էական դրական տեղաշարժ:
  6. Էներգակիրների ներմուծման դիվերսիֆիկացման առումով նույնպես չկա առաջընթաց:
  7. Գերակա հռչակված գյուղատնտեսությունում ոչ միայն չկա աճ, այլ անգամ առկա է արտադրության փոքր նվազում:
  8. Ստեղծելով մեգակառույց՝ ի դեմս ԿԳՍՄ-ի, ձախողվել են մի շարք ոլորտներ՝ մշակույթը և սպորտը: Կրթությունը չի գտնվում ավելի լավ վիճակում:
  9. Հանքերի իրական տերերին հայտնաբերելու, նրանց օրինական դաշտ բերելու, բնապահպանությանը աղետալի վնասներ չհասցնելու և ընդհանրապես Հայաստանում հանքաարդյունաբերության ծավալները նվազեցնելու առումով նույնպես ոչինչ չի արվել:
  10. Քաղծառայողի մասին օրենքի չփոփոխումը և պետական ապարատը չմաքրելը: ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը, նախկին ռեժիմի սպասարկուներից մաքրելու առումով նույնպես չկա առաջընթաց:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1663 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ