...

Իշխանության ամենամեծ խնդիրը սեփական հռետորաբանությունն է

Իշխանության ամենամեծ խնդիրը սեփական հռետորաբանությունն է

Այս իշխանության ամենամեծ խնդիրը արտաքին և ներքին մարտահրավերները չեն, երկրի տնտեսական և ժողովրդի սոցիալական վիճակը չէ: Անգամ անսկզբունք և ամեն ինչի ընդունակ ընդդիմությունը չէ: Այս իշխանության ամենամեծ խնդիրը սեփական հռետորաբանությունն է: Այսինքն՝ սկզբում ասում են մի բան, հետո անընդհատ կրկնում, ի վերջո հասարակությանը համոզում, որ իրենք հավատացած են իրենց ճշմարտացիության մեջ, իսկ ամենավերջում սկսում են հերոսաբար հերքել իրենց իսկ արտահայտած մտքերը:

Գործող իշխանությունն ունի արդեն դասական դարձած մի քանի տասնյակ այդպիսի արտահայտություններ: Օրինակ փոխարենը ասվեր՝ դժվար է լինելու, որովհետև նախկին իշխանությունները լավ թաքցրել են գողացված   փողերը, որ օֆշորներից փող հետ բերելը լինելու է չափազանց պրոբլեմատիկ և այլն, ասվել է ճիշտ հակառակը՝ կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու, և դրա համար մարդիկ անընդհատ օբյեկտիվորեն հարցնում են՝ բա ո՞ւր է:

Ներկայումս կրկին սրվել է պարգևավճարների թեման: Նախկին ռեժիմը իր մեդիայի միջոցով ավելի է սրում վիճակը՝ չխորշելով ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց: Օրինակ՝ հայտնի է, որ պատգամավորները առնվազն առաջիկա երեք ամիսներին պարգևավճար չեն ստանալու, բայց նրանք շարունակում են պնդել, թե պատգամավորները մարտ ամսին ստացել են պարգևավճար՝ լավ իմանալով, որ մարտ ամսինը նստել է պատգամավորների հաշվին, բայց այնուհետև փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդի հաշվեհամարին:

Իշխանության գալուց առաջ և անգամ հետո Փաշինյանը պնդում էր, որ իրենք գալիս են և եկել են առաքելություն իրականացնելու: Ավելի պարզ ասած՝ եկել են ծառայելու ժողովրդին: Եվ երբ հիմա Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը օբյեկտիվորեն ասում է, որ նախարարներին 500 հազար դրամ վճարելը քիչ է, մարդիկ հակադարձում են ուսուցիչների, բանվորների և այլ սոցիալական խմբերի ցածր աշխատավարձի մասին:

Այս խնդիրը չէր լինի, եթե իշխանությունը առաքելության մասին բարձրագոչ պաթոսի փոխարեն ի սկզբանե հստակ ասեր՝ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանալու են, որովհետև եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ և կոռուպցիայից զերծ պաշտոնյաներ, այլ տարբերակ, քան նրանց բարձր վարձատրելը՝ չկա:

Իշխանությունն ի վերջո պետք է հասկանա իր խոսքի արժեքի գինը: Ընկալի, որ իր խոսքը լրիվ այլ կերպ է ընկալում ժողովուրդը, քան նախորդների խոսքը, որին առանձնապես բանի տեղ չէր դնում:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1321 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ