ՀԱՆՈՒՆ ԵՐԿՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ
Իշխանություն ենք որոնում ու չենք գտնում: Հանրության մի մասն այն կարծիքին է, որ մեզ նոր, մաքուր ուժ է պետք: Մյուսները խոսում են ժողովրդավարության վնասի մասին՝ պնդելով, որ ժողովուրդն է ընտրել ազգակործան պատուհասին և վարկաբեկել օրինակարգ ընտրությունները: Խոսում են էլիտայի մասին, հատուկենտ մարդիկ առաջ են մղում շնորհապետության (մերիտոկրատիայի) թեզը:
Իրոք, Հայաստանը հիմա այնպիսի խնդիրներ ունի, որոնք արագ, կոնկրետ լուծումներ են պահանջում: Եվ այդ խնդիրներից առաջինը իշխանությունն է:
1. Իշխանությունը միայն վարչապետը չէ: Անշուշտ, երկրի գլխավոր պաշտոնյայի գործունեությունը չափազանց կարևոր է և, ինչպես տեսանք, կարող է բախտորոշ լինել: Սակայն իշխանությունը նաև Ազգային ժողովը, նախարարները, մարզպետները, քաղաքապետները և այլք են, իշխանությունը նաև ուժային կառույցներն են, բանակն է:
Ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ չունենք:
ա) Սերժ Սարգսյանի հագով կարված սահմանադրության շնորհիվ ունենք գրեթե անվերահսկելի պաշտոնյա՝ վարչապետ, որի գործունեությունը, մեղմ ասած, վտանգավոր է երկրի առողջության համար:
բ) Խորհրդարանական հանրապետությունում ունենք Ազգային ժողով, որի անդամների մեծամասնությունը դակում է վարչապետի ընդունած ցանկացած որոշում: Այսինքն՝ այս մարմնի գործունեությունը գրեթե իմաստազուրկ է: Այն ոչ միայն չի կարող համարժեք արձագանքել երկրի առջև ծառացած իրական խնդիրներին, այլև ազդել ընդունվող որոշումների վրա:
գ) Նախարարներն առաջվա պես հլու-հնազանդ կատարում են շեֆի քմահաճույքները, զուրկ են նախաձեռնողականությունից: Պրոֆեսիոնալիզմի մասին խոսակցությունը այս անգամ չենք սկսի, թեպետ կարևոր թեմա է:
դ) Ցավոք, տպավորությունն այնպիսին է, որ բանակի ղեկավարությունը նույնպես կաթվածահար է:
Ահա այս պայմաններում ենք ապրում: Անիշխանությունը, երկրում կոնկրետ հարցերին լուծում չտալը օրեցօր ավելի ցցուն, ակնհայտ է դառնում:
Իշխանության մեջ գտնվող մարդիկ, սակայն, ցայսօր տառապում են աննախադեպության բարդույթով և խորշում են երկրում եղած, պահպանված քիչ թե շատ պրոֆեսիոնալների հետ համագործակցությունից:
2. Մաքուր, նոր ուժի մասին տեսակետ առաջադրողները դարձյալ ընկնում են 2018-ի ծուղակը: Մաքուր կարող է լինել նաև այն տախտակը, որ բնավ չի գործածվել: Երկրի կառավարումը փորձադաշտ չէ, որ ամեն անգամ վստահենք անհայտ, քաղաքական և կառավարման փորձ չունեցող նորելուկների, որոնք, բացի այս կամ այն եվրոսեմինարում անգիր արած դրույթներն արագ-արագ արտասանելուց, ուրիշ բանի ընդունակ չեն:
Պարզ է՝ մեր ընտրությունը մեծ չէ: Ունենք մի քանի քաղաքական ուժեր, որոնց գործունեությունը տեսել ենք: Մի մասին 2018-ին մերժել ենք: Սակայն իշխանության ենք բերել պատերազմի կուսակցության մի նոր մոդիֆիկացիա, որի արկածախնդրության հետևանքը «վայելում ենք»:
Ուստի ստիպված ենք կրկնել՝ մաքուր ուժ որոնելու փոխարեն՝ ականջալո՛ւր եղեք այն մարդկանց, քաղաքական այն ուժերին, որոնք երկիրը և ձեզ չեն տանի վերջնական կործանման:
3. Շնորհապետության մասին խոսելիս մտածե՛ք շնորհալիներին ընտրելու չափանիշների մասին: Որո՞նք են դրանք. գիտական կամ զինվորական կոչումնե՞րն են: Շատ լավ գիտենք սրանց արժեքը: Տարոն Մարգարյանը, Հովիկ Աբրահամյանը նույնպես գիտությունների թեկնածուներ են...
Վերջում մի երկու առաջարկ անենք իշխանության հայտ ներկայացնող ուժերին:
1. Ֆինանսական, տնտեսական հնարավորություններ ունեցողները հիմա, հենց այսօր կարող են իրական օգուտ տալ մեր բանակին: Զբաղվե՛ք պաշտպանական կառույցներով, զինվորների առօրեական կարիքները հոգալով: Գրեթե զրոյական ՕԳԳ ունեցող զանազան վերլուծագանգերի, հայհոյախոս լրատվամիջոցների վրա ծախսվող միջոցներն ուղղե՛ք մեր երկրի և մեր երեխաների կարիքներն ապահովելուն:
2. Այն ուժերը, որոնք ներկայացնում են խաղաղության բևեռը, պետք է դուրս գան թաքստոցներից և աշխատեն ժողովրդի հետ, անմիջաբար աշխատեն: Գեղեցիկ, իմաստալից հարցազրույցներ տալը շատ քիչ է, մարդկանց հետ իրական շփում է պետք:
Առայժմ այսքանը...
Զարուհի Գաբրիելյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 1, 2021