...

Իշխանություններին չէր խանգարի պատմության արագացված դասընթացը

Իշխանություններին չէր խանգարի պատմության արագացված դասընթացը

Իշխանությունը ճիշտ է անում, որ ցանկանում է ոչ պրոֆիլային բուհերում ոչ պարտադիր դարձնել պատմության դասավանդումը: Բայց դրան զուգահեռ, թերևս չէր խանգարի, որ կառավարության և խորհրդարանական մեծամասնությունը մեկ սեմեստր անցնի Հայաստանի նորագույն պատմության արագացված դասընթաց: Դա խիստ անհրաժեշտ կլինի, որպեսզի հասկանան՝ Հայոց պատմությունը չի սկսվել 2018 թվականի ապրիլից և շատ գործընթացներ ու երևույթներ պարզապես կրկնվում են:

Իշխող ուժին չի խանգարի հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ 90-ականների սկզբին, չնայած ահռելի մարտահրավերներին ու դժվարություններին, Հայաստանը չդարձավ ձախողված պետություն: Դա հատկապես ակնառու էր հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի ֆոնին: Հայաստանը կազմակերպված պետություն էր (չխառնել Քոչարյանի պատկերացրած կազմակերպված պետության հետ), և իշխանությունները բնում խեղդեցին առանձին կազմակերպությունների ու կուսակցությունների ցանկությունը՝ ունենալ պետություն պետության մեջ:

Առաջին հայացքից կարելի է կարծել, թե ինչ վատ բան կա, երբ կուսակցությունները ստեղծում են ռազմականացված ջոկատներ: Չէ՞ որ Հայաստանը պատերազմում է և ցանկացած օգնություն ընդունելի է: Բայց պետության ղեկավարությունը որոշել էր պետություն կառուցել և ոչ թե ազատագրական հախուռն պայքար մղել: Արդյունքում կամային որոշմամբ փակվեցին և օրենքից դուրս հայտարարվեցին ՀԱԲ-ը և մյուս ռազմականացված ջոկատները: Օրերս հայտնի դարձավ, որ դաշնակցությունը ստեղծում է 650 հոգանոց պահեստազոր՝ անհրաժեշտության դեպքում Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելու համար: Ինչպես և 28 տարի առաջ, առաջին հայացքից հայրենանվեր գործ են անում: Բայց միայն առաջին հայացքից:

Դաշնակցությունը վաղուց է ապացուցել, որ միջոցների մեջ խտրականություն չի դնում, երբ խոսքը գնում է իրեն ոչ հաճելի իշխանության տապալման մասին: Այսօր արդեն դժվար է պատկերացնել, բայց 1992-1993 թվականներին, պատերազմի ամենաճակատագրական պահերին, դաշնակցությունը ցույցեր էր անում և պահանջում օրվա իշխանության հրաժարականը: Այդ ցույցերի ժամանակ հնչում էին ամենաարմատական կոչեր՝ ընդհուպ իշխանության ղեկավարության ֆիզիկական ոչնչացման անհրաժեշտության մասին: Ներկա իշխանությունը, երբ անցնի պատմության արագացված կուրսը, կհայտնաբերի իր համար ոչ այնքան հաճելի իրողություններ: 1992-1993 թվականներին, Հայաստանի իշխանությունը ավելի պակաս լեգետիմ չէր, քան այսօրվա իշխանությունը: Բայց դա չէր խանգարում Դաշնակցությանը օրինական և անօրինական մարտահրավերներ նետելուն:

Այնպես որ, եթե կա կամք և էներգիա պայքարելու չարիքի դեմ, կարելի է սկսել այն ուժերից, որոնք ցանկանում են կրկնել 90-ականների սկզբի տապալված փորձը:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1703 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ