Հեղափոխությունը վաղուց ավարտվել է, սակայն երեկ իշխանությունը հատուկ շեշտեց դա, որպեսզի այն ընկալեն նաև նրանք, որոնք հասկանալու հետ խնդիրներ ունեն:
Երեկ կառավարությունը հստակ ուղերձ հղեց՝ այլևս նրա համար առաջնահերթություն չէ նախկին հանցագործ վերնախավի պատժումը: Կքննեն ինչ-որ գործեր, ինչ-որ գործընթացներ կշարունակվեն՝ հատկապես նրանց հանդեպ, որոնք իրենց կարծիքով քաղաքական վտանգ կներկայացնեն, բայց դա կունենա միայն կանխարգելիչ ու պրոֆիլակտիկ բնույթ և արդարությունը վերականգնելու նպատակ չի հետապնդի:
Իշխանությունը երեկ հստակ ջրբաժան գծեց իր և այն ուժերի միջև, որոնք պայքարել են ոչ թե վատ ասֆալտի կամ ջերմոցային տնտեսությանը արժանի ուշադրություն չդարձնելու, այլ քաղաքական և իրավական բարեփոխումների համար:
Այդ ուժերն այլևս չեն դիտարկվում որպես քաղաքական դաշնակից, իսկ վերոհիշյալ բարեփոխումներ պահանջող մարդիկ այլևս իրենց պոտենցիալ էլեկտորատը չեն:
Իրենք այլևս կհենվեն այն խմբերի վրա, որոնք էքստազի մեջ են ընկնում վարչապետի խորոված անելու կադրերից: Կհենվեն այն մարդկանց վրա, որոնք մինչև մահ ու գերեզման շնորհակալ կլինեն արված ամեն քառակուսի մետր ասֆալտի համար: Մեծ հաշվով շեշտը կդնեն պիառի վրա՝ հետին պլան մղելով հեղափոխության շարժիչ գաղափարը՝ արդարության վերականգնումը:
Նիկոլ Փաշինյանի և իշխանության հաշվարկներով արդարության վերականգնման և իրական բարեփոխումների համար պայքարողների քանակն այնքան էլ շատ չէ, մի քանի տասնյակ հազար մարդ, և նրանց աջակցությունը կորցնելը կրիտիկական չէ իշխանության վարկանիշի համար:
Բայց իշխանությունը սխալվում է՝ մտածելով, որ կձգի մինչև 2023 թվականը, իսկ ընտրություններից առաջ ինչ-որ պիառ քայլերի միջոցով կրկին մեծամասնություն կստանա:
Հաջորդ տարի տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Եվ այդ մի քանի տասնյակ հազարը կարող են դուրս գալ նոկաուտից և լրջագույն մարտահրավեր նետել իշխանությանը: Հեղափոխությունը չեն արել միլիոնները և անգամ հարյուր հազարները: Հեղափոխությունը նախապատրաստել և իրականացրել են այդ մի քանի տասնյակ հազարը: Ոչինչ չի խանգարելու թոթափել հիասթափությունը և ևս մեկ անգամ հանրամատչելի բացատրել, թե ովքեր են այս երկրում քաղաքական փոփոխությունների իրական կազմակերպիչները:
Այնպես որ՝ այնքան էլ հեռանկարային չէ հենվել Ալեն Սիմոնյանի քաղաքական կանխատեսումների վրա: Նրա պես ևս մեկը կար, որ պնդում էր, թե առաջիկա 20 տարում քաղաքական գործընթացներն անցնելու են Մելիք-Ադամյան փողոցով, ինչ եղավ հետո՝ շատ հուզիչ էր:
Արիս Վաղարշակյան