Իշխանությունները շատ են ոգևորված դեկտեմբերի 19-ի սգո երթի մասնակիցների քանակից: Փորձում են դա ներկայացնել իբրև աջակցություն Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանությանը: Բայց կա մի կարևոր հանգամանք:
Իհարկե, չբացառելով, որ երթի մասնակիցների մի մասը հենց գործող իշխանության աջակիցներն են, չի կարելի չհասկանալ, որ շատ էին նաև այնպիսի մարդիկ, որոնք իրենց մասնակցությամբ նախ հարգանքի տուրք էին մատուցում ընկած հերոսների հիշատակին և երկրորդ՝ ուղերձ էին հղում 17-ին առ այն, որ նրանց թեկնածուն և նրանց քաղաքական հայտը անընդունելի է ժողովրդի մեծամասնության համար:
Եթե երթի մասնակիցներն անխտիր Փաշինյանի կողմնակիցներն էին, ապա արագ արտահերթ ընտրություններ չկազմակերպելու համար լրիվ քաղաքական անմեղսունակ պետք է լինել:
Բայց իշխանությունները գիտեն, որ հասարակական տրամադրություններն այնքան էլ միանշանակ չեն: Գիտեն, որ քարոզարշավի ժամանակ ստիպված են լինելու պատասխանել շատ հարցերի: Գիտեն, որ ընտրություններին մասնակցելու են նաև այլ ուժեր, որոնք որևէ կապ չունեն 17-ի հետ: Կապ չունեն կոռուպցիայի, թալանի, ընտրակեղծարարության հետ, և նրանց անհնար կլինի պիտակավորել իբրև ռևանշիստների: Քաղաքական ուժերի այս համախումբը շատ ավելի լուրջ վտանգ է ներկայացնելու իշխանությունների համար: Այդ քաղաքական ուժերը հարցեր են բարձրացնելու ձախողված դիվանագիտության, կադրային տապալված քաղաքականության և անգամ պատերազմի ժամանակ տարրական կարգուկանոն հաստատելու անկարողության վերաբերյալ:
Ինչևիցե, արագ չկազմակերպելով արտահերթ ընտրություններ, գործող իշխանությունները ոչ միայն չեն կարողանալու հանդարտեցնել կրքերը, այլև ավելի են դրանք սնուցելու: Իսկ այդպիսի իրավիճակը լավագույնս տեղավորվում է վերը շարադրվածի համատեքստում: Լարված իրավիճակներ, անհանդուրժողականության աճ, որի մի կողմում կլինեն իշխանության կողմնակիցները, իսկ մյուսում՝17-ի: Իշխանությանը շատ հարմար է ունենալ 17-ի նման հակառակորդ, քանի որ լարվածության աճի ֆոնին մնացած ուժերը կմղվեն մարգինալ դաշտ:
Արիս Վաղարշակյան