Արտակարգ իրավիճակը պահանջում է նաև արտակարգ լուծումներ: Գործող իշխանությունը, ընդունելով բանաձևի հիմնական ուղերձը, այն մի փոքր ձևափոխել է և հարմարացրել իր շահերին: Արտակարգ իրավիճակում կարելի է նաև ստանալ արտակարգ արտոնություններ: Արտոնություններ, որոնք կտան դիրքային առավելություններ քաղաքական հակառակորդների հանդեպ:
Այն, ինչ հիմա անում է իշխանությունը, չի տարբերվում «ռայոն» գնացած հայտնի գործարարի վարքից: Նա էլ, օգտվելով առիթից, բարձրացնում է գները՝ պատճառաբանելով, որ դժվարացել է արտադրելը և ներմուծելը: Նույնը անում է իշխանությունը. օգտվելով ժողովրդի անհանգստությունից և առողջության վերաբերյալ մտահոգություններից՝ փոխում է Հայաստանի ժողովրդավարության կառուցվածքը: Բարձրացնում է այն գինը, որ պետք է վճարի ընդդիմությունը հաջորդ իշխանություն դառնալու համար:
Պայմանավորված այսօրվա ընդդիմության որակով, իմանալով նրա գործունեության շարժառիթները, ճանաչելով իրական տիկնիկավարներին, ինչպես նաև կորոնավիրուսի վարակի տարածմամբ, շատերը ձայն չեն հանում: Բայց իշխանությունն անում է այն, ինչ դասական իմաստով կոչվում է «закручивание гаек»:
Այս պահին վարակվածների պաշտոնական քանակն անցել է 500-ը, թե որքան է նրանց իրական թիվը, դժվար է ասել և առաջիկայում խիստ դժվար է լինելու մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր կոնտակտ են ունեցել արդեն վարակվածների հետ: Ինչպես Եվրոպայում, այնպես էլ այստեղ չեն կարողանալու նրանց մեկուսացնել և պարտադրելու են ինքնամեկուսացնել: Իսկ հեռախոսով հետևել՝ դա արվում է, թե ոչ, ձևական բնույթ է կրելու: Քանի որ եթե ինքնամեկուսացածը որոշի մի տեղ գնալ, կգնա պարզապես առանց հեռախոսի:
Երկու տարի է, իշխանությունը գցում-բռնում է՝ վեթթինգի ենթարկի դատավորներին, թե՞ ոչ: Երկար մտորումներից հետո որոշեց հրաժարվել այդ տերմինից, թե իբր այնքան էլ բարեհունչ չէ: Հիմա, մի գիշերվա ընթացքում որոշեցին, որ պետք է լսեն բոլոր քաղաքացիների հեռախոսազանգերը, իբր դա կօգնի կորոնավիրուսի դեմ պայքարում:
Ժամանակ առաջ որոշեցին, որ նաև ոստիկանությունը իրավունք ունի գաղտնալսելու: Լուրջ վերանայումներ են ցանկանում անել հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության առումով: Այս քայլերը լուրջ կասկածանք են առաջացնում իշխանության ժողովրդավարական նվիրվածության նկատմամբ:
Արիս Վաղարշակյան