...

Իսկ ե՞րբ են պարզվելու 25-ամյա աղետալի ընթացքի «հանգամանքները»

Իսկ ե՞րբ են պարզվելու 25-ամյա աղետալի ընթացքի «հանգամանքները»

Հայաստանում ամենատարածված արտահայտություններից մեկը երևի սա է՝ «այսինչ բանը կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո»։ Այդպես ասում էին հոկտեմբերի 27-ի մասին, մարտի 1-ի մասին, միասնաբար պնդում էին, որ «Քոչարյանի ու Սերժի միլիարդները կհայտնաբերվեն միայն իշխանափոխությունից հետո», հիմա ասում են, որ 44-օրյա պատերազմի իրական հանգամանքները կպարզվեն իշխանափոխությունից հետո, և այլն։ Բայց երբևէ լսե՞լ եք, որ ասեն «Հայաստանն ու Արցախն այսօրվա աղետալի վիճակին հասցնելու մեղավորները կբացահայտվեն ու կպատժվեն միայն իշխանափոխությունից հետո»։ Չեք լսել ու չեք էլ լսի, որովհետև նման «դատավարություն» հազիվ թե երբևէ տեղի ունենա։ Դա ոչ քաղաքական ուժերին է պետք, ոչ հանրային դեմքերին, ոչ մտավորականությանը, ոչ լրագրողներին, ոչ շարքային քաղաքացիներին, որովհետև եթե արդար դատավարություն լինի՝ նրանցից յուրաքանչյուրը կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին, ու մեր մեջ ասած՝ կարող է այնպես ստացվել, որ Հայաստանի ու Արցախի բնակչության կեսից ավելին հայտնվի մեղադրյալի կարգավիճակում։

Ասվածի մեջ չափազանցություն չկա։ Հասկանալի է, որ ի վերջո Հայաստանի ու Արցախի գլխին 2020-ի նոյեմբերի 10-ի փաստաթուղթ բերած «ընթացքը» սկսվել է 1997-ի աշնանը, բայց սա չի նշանակում, որ կարող ենք մեղավոր հռչակել միայն պետական հեղաշրջման մեկ-երկու տասնյակ նախաձեռնողներին ու մի կողմ քաշվել՝ իբր ինքներս դրա համար որևէ պատասխանատվություն չենք կրում։ Իսկ մի՞թե մեղքի իրենց բաժինը չունեն, օրինակ, «Կինոյի տան» հայտնի հավաքի մասնակիցները և բոլոր նրանք, ովքեր կցանկանային մասնակցել այդ հավաքին, բայց «ռազմահայրենասիրական էլիտայում» տեղ չէին գտել։ Մի՞թե «մեղադրյալի նստարանին» իրենց պատվավոր տեղը չպիտի ունենան, օրինակ, ժողովրդին «Կիլդիմ» մուլտիկներով ու նման բաներով կերակրողները, որովհետև եթե ժողովրդին քարոզում ես, որ հայկական բանակն աշխարհի ամենահզորն է, իսկ դիմացինը՝ ոչխար, ուրեմն էլ ի՞նչ կարիք կա փոխզիջումների հիման վրա խնդիր կարգավորել, վերջին հաշվով՝ ո՞վ է ինչ-որ բան զիջում ոչխարին։ Մի՞թե այսօրվա վիճակին չեն նպաստել նրանք՝ քաղաքական գործիչներից մինչև շարքային քաղաքացիներ, ովքեր տեսախցիկ տեսնելուն պես Նապոլեոնի պոզայով ասում էին «ուժն է ծնում իրավունք»՝ առանց հասկանալու, որ դրանով իսկ լեգիտիմացնում են նույն այդ թշնամու՝ հարցն ուժով լուծելու իրավունքը։ Կամ նրանք, ովքեր ադրբեջանական քաղաքների համար «հայեցի» անուններ էին հորինում՝ առանց հասկանալու, որ, ասենք, Ջեբրայիլի անունը Ջրական դնելով՝ թշնամուն իրավունք են տալիս ոչ միայն Ստեփանակերտն անվանել Խանքենդի, այլև Վարդենիսը՝ Բասարգեչար։ Հիշեք՝ քանի՞ հարյուր հազար մարդ է առիթով ու անառիթ ասել «հող հանձնողին հանձնենք հողին»։ Բայց հասկանալի է, չէ՞, որ ոչ մեկը հենց այնպես հող չէր հանձնելու, հանձնելու էր ինչ-որ բանի դիմաց, այսինքն՝ փաստացի կոչ էր արվում «հողին հանձնել» խնդրի փոխզիջումային կարգավորման կողմնակիցներին, ու որևէ մեկը չէր առարկում, բոլորը ցնծության մեջ էին։

Հետո այդ «բոլոր»-ից մեկը, թերևս՝ «ամենաշուստրին», հարմար պահ գտավ ու չանթեց իշխանությունը, ու որևէ մեկը չասաց՝ «լավ, պատերին ծեփելը հասկացանք, բա ղարաբաղյան հա՞րցը ոնց ես կարգավորելու»։ Էլի բոլորը ցնծության մեջ էին, իսկ պոտենցիալ «պատերին ծեփվողները», այդ թվում՝ «ամենառազմահայրենասերները», շտապեցին պորտֆելներ ստանալ նրա կառավարությունում։ Հետո այդ «ամենաշուստրին» ասաց «Արցախը Հայաստան է, և վերջ», ասաց «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», ու էլի որևէ մեկը ծպտուն չհանեց, նույն ցնծությունն էր։ Հետո այդ «ամենաշուստրին» կործանեց Արցախը, քարուքանդ արեց Հայաստանի անվտանգության համակարգը, ու դա հոգեբանական փրկություն էր համարյա բոլորի համար՝ ռազմահայրենասիրական քաղաքական գործչից ու մտավորականից սկսած, շարքային քաղաքացիներով վերջացրած, որովհետև այդպիսով իրենց բոլորի մեղքի բաժինը «ջրվում էր»։

Դրա համար էլ 44-օրյա պատերազմի «հանգամանքները» գուցե մի օր իսկապես պարզվեն՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, բայց մեզ այդ պատերազմին հասցրած 25-ամյա կործանարար ընթացքի «հանգամանքները» երբևէ չեն էլ քննարկվի։ Հո ազգովի ինքներս մեզ չե՞նք դատելու։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   982 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ