...

Իսկ ո՞վ է լինելու «Արևմտյան Ադրբեջանի» պարետը

Իսկ ո՞վ է լինելու «Արևմտյան Ադրբեջանի» պարետը

Ադրբեջանցիները գտել են ազգությամբ հայ ինչ-որ մեկին ու նշանակել Ղարաբաղում Ադրբեջանի ներկայացուցիչ կամ պարետ (նստավայրը՝ «Խանքենդի»)։ Այդ մարդը, մեծ հավանականությամբ, վաղուց հավաքագրված է եղել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից ու համագործակցել է նրանց հետ, նրա նշանակումն էլ զուտ քարոզչական նպատակներ է հետապնդում, որովհետև հասկանալի չէ, թե ուրիշ ի՞նչ իմաստ ունի «Խանքենդիի պարետի» պաշտոնում ազգությամբ հայի նշանակելը, եթե այնտեղ հայեր չեն մնացել։ Նրա միակ գործառույթը, հասկանալի է, լինելու է այն, որ արտաքին աշխարհին ցույց տա, թե ինչ խնամքով է Ադրբեջանը հարգում այնտեղ մնացած հատուկենտ հայերի իրավունքները, տեսախցիկների առջև պատմի «հայ սեպարատիստ-ահաբեկիչների» արարքների մասին, և այլն։ 

Հարց՝ իսկ ո՞վ է լինելու «Արևմտյան Ադրբեջանի» կամ «Իրևանի» պարետը։ Առաջին հայացքից սա կարող է որպես հռետորական հարց հնչել, բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում նույնպես թուրքական ու ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ներդրվածներ կան։ Բնականաբար՝ նրանց ինքնաբացահայտվելու ժամանակը դեռ չի եկել, բայց ի՞նչ կանեին այդ գործակալները, եթե Հայաստանում որոշումներ կայացնելու հնարավորություն ունենային, կամ ավելի ճիշտ՝ ի՞նչ հանձնարարություններ կստանային իրենց «գործատուներից»։

Նրանց առջև դրված խնդիրը պիտի որ շատ հստակ լիներ․ երկիրը ներքաշել պատերազմի մեջ, հասցնել կապիտուլյացիայի, բայց դա անել այնպես, որ Ադրբեջանը հանկարծ ագրեսոր չճանաչվի ու միջազգային ասպարեզում լուրջ պրոբլեմներ չունենա։ Սա, համաձայնվեք, չափազանց բարդ խնդիր կլիներ և կպահանջեր լավ մշակված գործողությունների պլան միաժամանակ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, բարոյահոգեբանական և այլն։ Ընդ որում՝ գործակալական այդ ցանցը պիտի իր գործունեությունը լեգիտիմացնող «մանդատ» ունենար, իսկ մեր տիպի երկրներում ամենահուսալի «մանդատը» համաժողովրդական աջակցությունն է (օտարերկրյա գործակալներից կազմված ռազմական խունտան շատ արագ կբացահայտվեր ու կձախողվեր)։

Հետագա քայլերն այս կամ այն չափով կանխատեսելի կլինեին։ 1․ Ներսից քայքայել բանակը՝ այն ներկայացնելով որպես «կոռուպցիայի բուն» և մեկուսացնելով շատից-քչից հեղինակություն ունեցող զինվորականներին, 2․ Հրաժարվել բանակցային ժառանգությունից ու փաստացի մերժել բոլոր նախկին առաջարկները, 3․ Փոշիացնել դիվանագիտական կորպուսի կարողությունները՝ այն համալրելով պատահական մարդկանցով, 4․ Կտրուկ փչացնել հարաբերությունները բոլոր պոտենցիալ դաշնակիցների հետ, 5․ Բարեփոխումների անվան տակ քանդել պետական կառավարման համակարգի՝ լավից-վատից աշխատող ինստիտուտները, 6․ Քաղաքական դաշտը վերաձևել այնպես, որ  ընտրությունների միջոցով գործակալների իշխանությունը տապալելը բացառվի, 7․ Հրահրել պատերազմ և փնթի կառավարման արդյունքում հասնել լիակատար ջախջախման՝ տարբեր պատրվակներով մերժելով պատերազմը կեսից կանգնեցնելու ցանկացած հնարավորություն, 8․ Պարտությունից հետո բանակը ներկայացնել որպես պոտենցիալ դասալիքների ու դավաճանների խառնակույտ՝ այդպիսով հանրային գիտակցության մեջ արմատավորելով լիակատար կապիտուլյացիայի անխուսափելիությունը, 9․ Թշնամու գործողությունները ներկայացնել որպես «վրեժ նախկինում կրած պարտության համար» և այդպիսով արդարացնել նրա գործողությունները, 10․ «Խաղաղության հաստատման» անվան տակ համաձայնվել դառնալ փաստացի վասալ պետություն, երկրի տարածքի կեսը բնակեցնել թշնամու քաղաքացիներով ու այդ ամենը ներկայացնել որպես երկրի ինքնիշխանությունը պահպանելու միակ ճանապարհ, 11․ Գործնականում երկրին ոչինչ չտվող PR քայլերով (օրինակ՝ Հռոմի ստատուտը վավերացնելով) երկիրը հասցնել տնտեսական կոլապսի, որպեսզի թշնամուց վասալական կախվածությունը դառնա անայլընտրանք ու անշրջելի։

Թե այս կետերից որոնք են արդեն կատարվել վերջին հինգ-հինգուկես տարիների ընթացքում՝ գնահատեք ինքներդ, բայց հասկանալի է, որ «բոլոր համընկնումները պատահական են», ու «առերևույթ հիմքեր չկան պնդելու», որ Հայաստանի իշխանական համակարգում որոշումներ ընդունողները թուրք-ադրբեջանական գործակալներ են։ 

Առավել ևս, որ որևէ պաշտոնյա առայժմ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» ու Երևանը՝ «Իրևան» չի անվանել։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   635 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ