Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ Կառավարությունը փոփոխություն է կատարում դրոշմանիշային վճարների վերաբերյալ որոշման մեջ. «Կախված անձի եկամուտներից՝ դրոշմանիշային վճարի չափը փոխվում է։ Մինչև 100 հազար դրամ եկամտի դեպքում սահմանվում է 1500 դրամ, 100 հազարից մինչև 200 հազարի դեպքում՝ 3000 դրամ։ Եվ այդպես սանդղակով հասնում ենք մինչև 15 հազար դրամի, որը կվճարեն նրանք, ում եկամուտը, օրինակ, 1 մլն դրամը գերազանցում է։ Այս ամենն արվում է նրա համար, որ մեր բոլոր հայրենակիցները, ովքեր ռազմական գործողություններին մասնակցություն են ունեցել, և վրա է հասել հատուցման դեպքը, պետությունը հնարավորություն ունենա հատուցելու, այդ թվում՝ կամավորականներին»:
«ՉԻ». Սա այն 1000 դրամանոց տուրքն էր, որը ժամանակին ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը մտցրեց, ու որն անխնա քննադատության ենթարկվեց նաև ժամանակին ընդդիմության, իսկ այժմ արդեն՝ գործող իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Թե բա՝ ժողովրդին լրացուցիչ քամում եք:
Դե հիմա տեսեք, թե քամելը ոնց է լինում: Իբր թե մարդիկ կարողանում են ներկայիս հարկատեսակների տակից դուրս գալ, հիմա էլ նոր հարկեր են մտցնում։ Ընդ որում՝ այս փոփոխությունը որևէ արդյունք չի տալու: Որովհետև սա առաջին հերթին հարվածելու է մանր ու միջին ձեռնարկատերերին: Հարկեր բարձրացնելու հետևանքով շատ ձեռնարկատերեր փակելու են իրենց բիզնեսները, որովհետև վնասով են աշխատելու: Հաշվի առնենք, որ տնտեսական ճգնաժամը նոր է սկսվում: Երբ «օբյեկտները» սկսեն փակվել, բնականաբար, հարկերն էլ են քչանալու: Ու ռազմական գործողություններին մասնակցածներին անհրաժեշտ վճարումներ կատարելու խնդիրը չի լուծվելու:
Սրա համար էինք ասում, որ նախկին թալանչիների, մեծահարուստ պաշտոնյաների գռփածը ետ բերելու մեխանիզմներ պետք է մշակվեին, որ թալանը վերադարձվեր։ Այդ դեպքում հնարավոր կլիներ ինչ-որ սոցիալական հարցեր լուծել: Թե չէ հենց խնդիր է առաջանում, ուժը մանր տնտեսվարողների վրա է պատում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 41, 2020