Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսվող փաստաթղթի ստորագրման վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով օրերս մոտեցել է նախարարության դիմաց հավաքված քաղաքացիներին։
«Վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա, տարածվածը ապատեղեկատվություն է։ Նոր ոճ է ի հայտ եկել՝ տելեգրամյան անհայտ ալիքների միջոցով ապատեղեկատվության տարածել, որի վրա հղում են անում ԶԼՄ-ները և հասարակությունում առաջանում են հուզումներ, անհանգստություններ։ Կոչ եմ անում բոլորին չհավատալ և չվստահել նման ալիքների տարածած լուրերին»:
«ՉԻ». Թարսի պես, էս քանի օրը Վազգեն Մանուկյանը ձայն չի հանում, որ մի քիչ էլ իրեն ուշադրություն դարձնենք: Երևի ջոկել է, որ հենց ինքը խոսում է, Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու շանսերը մեծանում են:
Ինչ վերաբերում է Ռուստամ Բադասյանի պարզաբանմանը. իսկ ո՞ւմ հավատալ: Ո՞վ է ստույգ տեղեկատվության աղբյուրը: Իշխանությո՞ւնը: Տեսանք, էլի, պատերազմի ժամանակ ամիսուկես ապատեղեկատվություններով հեղեղել էին լրատվական դաշտը, «Գյոռբագյոռ» գոռալով պատերազմը տանուլ տվեցին:
Ու հիմա էլ շարունակվում է: Ադրբեջանցիները նոր գյուղեր են վերցնում, գերիներ են հավաքում, առ այսօր մի խելամիտ պարզաբանում չենք լսել: Տելեգրամյան անհայտ ալիքները հասկացանք, բայց դուք ինչո՞վ եք տարբերվում այդ անհայտ ալիքներից: Այդ ալիքներին շատերն են հավատում, քանի որ դուք բան չեք ասում:
«Չորրորդ իշխանություն», թիվ 1, 2021