...

Ժամանակը չի սպասում

Ժամանակը չի սպասում

Հիմա շատ է քննարկվում և վերլուծվում, թե ինչպես պատահեց, որ պատերազմում պարտված ուժը կրկին ստացավ հայ ժողովրդի մեծամասնության քվեն: Որպես հիմնական պատճառ նշվում է այն, որ ամեն դեպքում հանրությունը չցանկացավ նախկինների վերադարձը, և այս առումով վճռորոշ նշանակություն ունեցավ Քոչարյանի՝ վերջին օրը անցկացրած հանրահավաքը: Հանրահավաքը վախեցրեց, իսկ այնուհետև արթնացրեց հանրության այն հատվածին, որ գտնվում էր թմբիրի մեջ և չէր ցանկանում մասնակցել ընտրություններին: Անգամ Քոչարյանն իր վերջին ասուլիսում ոչ անուղղակիորեն խոստովանեց դա:

Հավանաբար այստեղ ճշմարտության հատիկ կա, սակայն կարևոր նշանակություն ունեցան նաև իշխանության խոստումները: Խոստումն առ այն, որ թավիշը փոխվելու է պողպատի: Խոստումն իր վճռորոշ ազդեցությունն ունեցավ մի պարզ պատճառով՝ դեռևս վերացած չեն 2018 թվականի հեղափոխության պատճառները, իսկ պատերազմում կրած պարտության ակունքները սկիզբ են առնում այդ պատճառներից: Ընդդիմադիր քարոզչությունը իհարկե ունեցավ իր ազդեցությունը, բայց այն ամբողջովին ի վիճակի չէ փոխել հանրության հիշողությունը:

Դժվար է ասել, թե իշխանության ստացած 54 տոկոսից որքանն է կազմում խոստմանը հավատացած ընտրազանգվածը, բայց որ այն նշանակալի է, կասկած չի հարուցում: Ներկայումս ամենից հաճախ տրվող հարցն է՝ կպահի՞ Փաշինյանը իր խոստումը, թե՞ սովորության համաձայն կգտնի միջոցներ խուսանավելու տրված նախընտրական խոստումները իրականացնելուց:

Փաշինյանը անգամ կոնկրետ ժամկետներ է նշել: Օրինակ՝ նա խոստացել է մինչև հուլիսի 20-ը Սյունիքը մաքրել ներկայիս քաղաքապետերից ու համայնքապետերից: Խոստացել է պղնձամոլիբդենային կոմբինատի մի մասը վերադարձնել կառավարությանը և այլն: Հնչել են շատ կոնկրետ խոստումներ, սակայն չի մանրամասնվել, թե ինչ ճանապարհային քարտեզի միջոցով է իշխանությունը հասնելու ցանկալի նպատակին: Հանրությունն էլ առանձնապես հարցեր չտվեց՝ ժամանակ տալով իշխանությանը:

Տեսակետ կա, որ աշնանը իշխանության համար շատ դժվար է լինելու, քանի որ ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» փոխարեն ստիպված է լինելու առնչվել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հետ: Վերջիններս անհամեմատ արմատական են, և դժվար է պատկերացնել նրանց կառուցողական համագործակցությունը իշխանությունների հետ:

Բայց իշխանության համար հիմնական վտանգը կգա ոչ թե թվարկված ուժերից, այլ սեփական հնչեցրած խոստումները չկատարելու պատճառով: Իշխանությունը աշնանը կհայտնվի էլ ավելի վատ վիճակում, քան պատերազմից հետո էր, եթե չկարողանա իրականացնել իր խոստումները: Հանրությունը իշխանությանը տվել է վերջին շանսը: 

Արմատական ընդդիմությունը, ինչպես 2018 թվականի ամռանը, այնպես էլ հիմա կարող է ձևանալ խեղճացած, սակայն մի քանի ամիս անց կրկին կվերադառնալ հրապարակներ ու փողոցներ՝ արդեն կոնկրետ ասելիքով. տեսեք՝ մենք ճիշտ էինք, Փաշինյանը ձեզ դարձյալ խաբեց: Եթե այս անգամ հանրությունը արհամարհեց Քոչարյանի ուղերձը, թե սրանք խաբել են ժողովրդին և անգամ ինձ չկարողացան դատապարտել, ապա նմանատիպ մեղադրանքները այդ ժամանակ կունենան անհամեմատ ավելի մեծ արձագանք, քանզի շատ մեծ աղերս կունենան իրականության հետ:

Նախաձեռնությունը իշխանության դաշտում է, սակայն այն կորցնելու համար շատ քիչ ժամանակ ունի: Եթե կրկին առաջնորդվի տարատեսակ բադասյանների ու վարդանյանների «մասնագիտական խորհրդատվությամբ», ապա աշնանը Հայաստանին սպասում են մեծ ցնցումներ, և առաջին շարքերում իշխանությունը կարող է տեսնել հենց իր ընտրազանգվածին:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   661 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ