...

Ջուր հասցրեք, մարդ է վատացել

Ջուր հասցրեք, մարդ է վատացել

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իր իսկ հիմնադրած ակումբի համար Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» անվանումն ընտրելը Քպականների և իմքայլականների կողմից առավել քննադատված երևույթն է նոյեմբեր ամսին։

Մի հարց հարգելի քպականներին և իմքայլականներին։ Ձեր կուսակցության անվանումը՝ Ռուսսոյի, իսկ դաշինքի անվանումը՝ Լենինի հայտնի գաղափարների պատվին անվանակոչելիս որևէ մեկը ինչ-որ պրետենզիա հայտնե՞լ է։ Չեմ հիշում, որ հայտնած լինի»։

Այսպիսի բաներ որ կարդում ենք, երբեմն մեզ թվում է, թե ապրում ենք Ծուռ հայելիների թագավորությունում: Երբ իրականությունը խեղաթյուրելու, կամ ամեն ինչ թարս կերպով ներկայացնելու որևէ սահման չկա: Հայաստանում մի խավ է առաջացել, որը ատելության հողի վրա արդեն այնքան է շեղվել, որ նման մտքեր արտահայտելիս մտածում ես, թե գործ ունես զառանցող, հիվանդ մարդու հետ: Առանց հումորի ու ծաղրի ենք ասում: 

Ակամա հիշեցինք ՈՒՀԱ «Նոր հայեր» թիմի հումորներից մեկը՝ դեռ 1990-ականների կեսերին, երբ խոսում էին ռուսական էստրադայից, տղաներից մեկը հանկարծ հայտարարում է. «Գորբաչովը մոսկովյան հրեշ է», հարցնում են՝ ինչի՞ այդպես ասացիր, պատասխանում է. «Դե, մի վատ բան չասե՞նք իր մասին»: Հիմա սրանցն է: 

Նախ. Վազգեն Մանուկյանի կողմից իր ակումբին «Վերնատուն» անվանումը ընտրելը քննադատության է արժանացել բոլորի կողմից, ոչ միայն՝ Քպականների և իմքայլականների:

Երկրորդ. նույնիսկ ոչ բոլոր քպականներն են քննադատել նման անվանումը՝ Տիգրան Ավինյանը վկա:

Երրորդ. «Վերնատունը» շատ կոնկրետ հասկացություն է, այն ակումբ է, որ հիմնել էր Հովհաննես Թումանյանը, որն իր հարկի տակ հավաքում էր հայ մտավորականության ականավոր ներկայացուցիչներին և որտեղ քննարկվում էին մշակութային, գրական, լեզվական, խոհափիլիսոփայական հարցեր: Այսինքն, չի եղել ֆրանսիական «Վերնատուն», կամ՝ անգլիական, ճապոնական: 

Իսկ ահա Ժան-Ժակ Ռուսոյի «Սոցիալական պայմանագիր» անվանումը (ի դեպ, սոցիալական պայմանագիրն ու քաղաքացիական պայմանագիրը թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով տարբեր հասկացություններ են, ունեն տարբեր նշանակություններ, ինչը իրավաբան համարվող Ռուբեն Մելիքյանը չի կարող չիմանալ, բայց համարենք, որ նույնն են) այս կամ այն կերպ կիրառվել և կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում: Այսինքն, դա՝ միջազգային, համամարդկային անվանում է, ինչպես՝ լիբերալ-դեմոկրատականը, «Քաղաքացիական միասնությունը» և այլն: Սա՝ չորրորդ

Բայց որ մեր այս իրավաբանը «Իմ քայլը» դաշինքի անվանումը հաջողացրել է նույնականացնել Լենինի աշխատություններից մեկի հետ, այս մեկը արդեն սպանիչ է: Չտեսնված ֆանտազիա է պետք դրա համար: Լենինը գրել է մի աշխատություն, որի վերնագիրն է «Մի քայլ՝ առաջ, երկու քայլ՝ ետ»: Ու հիմա Ռուբեն Մելիքյանը հայտարարում է, թե «Իմ քայլը» իր անվանումը թխել է Լենինի այդ գործից:

Դե, հիմա մենք չենք, դուք եք, սրան ի՞նչ անուն տանք: Երբ Վազգեն Մանուկյանը իր կլուբի անունը դնում է «Վերնատուն», ասում ենք՝ դա Թումանյանի «Վերնատունն» է, ինչի ե՞ս մեկը մեկին թխել: Մի մխտռեք այդ անունը: Սրանց հակափաստարկը՝ բա ինչի՞ է «Իմ քայլը» վերցրել Լենինի աշխատության վերնագիրը, որը կոչվում է ոչ թե «Իմ քայլը», այլ՝ «Մի քայլ՝ առաջ, երկու քայլ՝ ետ»: Իրար հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն: Բայց իրավաբան այս մարդը այդ կապը տեսել է: Այսինքն, հիմա ինչքան վեպ, պատմվածք, հոդված, թևավոր խոսք լինի, որտեղ կա «քայլ» բառը, կարող են հայտարարել, թե հենց այդտեղից են թխել «Իմ քայլը» անվանումը:

Մեզ մի բան է հետաքրքրում. Ռուբեն Մելիքյանին ո՞նց են Արցախի ՄԻՊ նշանակել, կամ՝ ՀՀ արդարադատության փոխնախարար: Չնայած, եթե նրա նախարարը Հրայր Թովմասյանը լիներ, փոխնախարարն էլ այս որակները պետք է ունենար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2063 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ