...

Կապանը պետք է ահազանգ լինի

Կապանը պետք է ահազանգ լինի

Երեկ Կապանում ծավալված իրադարձությունները ևս մեկ անգամ ցայտուն ցուցադրեցին, որ նախկինները չեն կանգնի որևէ միջոցի առջև և իրենց ազատությունն ու ունեցվածքը պաշտպանելու համար կգնան ցանկացած քայլի: Օրինակ՝ համավարակի աննախադեպ տարածման պայմաններում կստիպեն մարդկանց ժամերով կանգնել իրար կողքի՝ չմտահոգվելով, որ վաղը այդ մարդկանցից շատերը կարող են համալրել ծանր հիվանդների շարքերը: Եվ դա անել մի բնակավայրում, որտեղ, դիցուք, ուռուցքային հիվանդություններն անհամեմատ ավելի շատ են, քան Հայաստանի ցանկացած այլ բնակավայրում: Իսկ ինչպես հայտնի է, նման հիվանդությունների առկայության պայմաններում վարակն ավելի վտանգավոր է:

Առաջիկայում սկսելու է աշխատել ապօրինի գույքի առանց դատավճռի բռնագանձման մասին օրենքը: Դա բերելու է բիզնեսների և անշարժ գույքերի օտարման: Իսկ սա նշանակում է, որ ականատեսն ենք լինելու Կապանի դեպքերի նման բազմաթիվ դրսևորումների: Պետությունը փորձելու է հասկանալ՝ այս կամ այն ձեռնարկությունը ումն է, ինչ միջոցներով և ճանապարհներով է բաժին հասել նախկին որևէ պաշտոնյայի:

Իհարկե, լինելու է լուրջ հակազդեցություն և որպես պաշտպանության առաջին բարիկադ՝ օգտագործվելու են այդ ձեռնարկություններում աշխատող մարդիկ ու նրանց հարազատները:

Պետությունը պետք է լուրջ բացատրական աշխատանք իրականացնի հասարակության հետ, պարզաբանի, որ ապօրինի գույքի բռնագանձումը չի բերելու այդ ձեռնարկություններում աշխատող մարդկանց սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետությունը պետք է ունենա քայլերի հստակ ծրագիր, որը կենթադրի՝ ապօրինի գույքի բռնագանձումը չի բերի աշխատատեղերի փակման կամ կրճատման:

Այդ օրենքի իրագործումը չափազանց կարևոր է Հայաստանի ապագայի համար: Այն ոչ միայն վերականգնելու է արդարությունը, այլ նաև ֆինանսական բազայից զրկելու է բոլոր այն ուժերին, ովքեր ձգտում են հասնել քաղաքական ռևանշի: Բայց օրենքի կիրառումը պետք է իրականացվի բարձր մասնագիտական վիրահատական միջամտության կանոններին համապատասխան, որովհետև անգամ մի փոքր շեղումը կամ վրիպումը բերելու է շատ վտանգավոր զարգացումների:

Այս առումով առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնել հանրապետականների ժամանակաշրջանից մնացած համայնքապետերին ու քաղաքապետերին: Հնարավոր է, որ այս պահին լոյալություն են դրսևորում, բայց վճռական պահին լուրջ ռեսուրս ունեն՝ անակնկալի բերելու գործող իշխանությանը:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1486 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ