...

Կեղծ խաղաղության գովազդային գործակալը

Կեղծ խաղաղության գովազդային գործակալը

Նիկոլ Փաշինյանին Հայաստանում թուրք-ադրբեջանական տարածաշրջանային քաղաքականության «գովազդային գործակալ» համարողները մեծ հաշվով իրավացի են։ Նա հենց դրանով էլ զբաղվում է՝ երկրի ներսում գովազդում է Ադրբեջանի ու Թուրքիայի առաջարկած «խաղաղությունը», և, ինչպես ցանկացած գովազդային գործակալ, այդ ծառայության դիմաց իր փայն է ակնկալում՝ իշխանության պահպանման տեսքով։ Ու քանի որ գովազդային գործակալների առաջնահերթ խնդիրն «ապրանքը» գովելն է՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա «քաղաքական թիմի» հիմնական խոսույթն այն մասին է, թե ինչ լուսավոր ապագա է սպասվում Հայաստանին այդ «ապրանքը» ձեռք բերելուց հետո, ինչպես են ճանապարհները բացվելու, ինչպես է զարգանալու տնտեսությունը, ինչպես ենք Ադրբեջանից նավթ ու գազ առնելու, ինչպես ենք ապրելու բաց սահմաններով ու «ռուսների ինադու» խաղաղ հարևանություն անելու թուրքերի ու ադրբեջանցիների հետ՝ բնականաբար, ռուսներին Հայաստանից «ռադ անելուց» հետո․․․ 

Բայց ցանկացած գովազդային հոլովակի վերջում, ապրանքը փառաբանելուց հետո, սովորաբար մի նախադասություն էլ է հնչում՝ «և այդ ամենն ընդամենը այսքան դրամով»։ Իսկ Նիկոլ Փաշինյանն իր գովազդած «խաղաղության» գինը համառորեն չի նշում։ Ավելին՝ օրենքը պահանջում է, օրինակ, որ ցանկացած սննդամթերքի վրա նշվեն օգտագործված քիմիական հավելումները, դեղորայքի վրա՝ հարակից բացասական ազդեցությունները և այլն, բայց Նիկոլի առաջարկած «խաղաղություն» կոչվող ապրանքի դեպքում դա է՛լ կարծես թե չի գործում։ Ուստի ողջամիտ կասկածներ կան, որ մեզ, ամենայն հավանականությամբ, կեղծ ապրանք է առաջարկվում։

Իսկ ինչո՞ւ ենք սա համարում թուրք-ադրբեջանական գովազդային արշավ։ Որովհետև «խաղաղություն» կոչվող ապրանքն առաջարկողը հենց նրանք են։ Գինը նույնպես հայտնի է․ Հայաստանը պիտի թույլ տա հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձը և նրանց անվտանգության ապահովման «միջազգային երաշխիքներ» տրամադրի, ապահովի «անխոչընդոտ հաղորդակցությունը» Թուրքիայի և Ադրբեջանի միջև, ահռելի ռազմատուգանք վճարի (հնարավոր է՝ տարածքների և հանքավայրերի շահագործման տեսքով), պարտավորվի խիստ սահմանափակել ռազմական կարողությունները (ինչը ենթադրում է, որ Թուրքիային ու Ադրբեջանին ՀՀ զինված ուժերը մշտապես մոնիթորինգի ենթարկելու իրավունք պիտի տրվի), մեկառմիշտ մոռանա «անցյալի կնճռոտ հարցերն» ու անգամ քրեական հետապնդման ենթարկի «չմոռացողներին», և այլն։ Ուշադրություն դարձրեք՝ նիկոլական իշխանություններն առայժմ բաց տեքստով ոչինչ չեն ասում, բայց փաստացի՝ հասարակությանը կամաց-կամաց նախապատրաստում են այդ գնին, ընդ որում՝ կետ առ կետ և նախանձելի հետևողականությամբ։ Ավելին՝ «կանխավճարն» արդեն տվել են։ Արցախի ամբողջական հայաթափման տեսքով։

Հիմա ամենակարևոր հարցը՝ եթե անգամ հասարակությունը կուլ տա գովազդային խայծը և վճարի պահանջվող գինը կամ «հիմնական գումարը», արդյո՞ք դրա դիմաց ստացվող «ապրանքը» լինելու է իսկական խաղաղություն։ Թե՞ «երաշխիքային ժամկետի» ավարտից հետո հայ-ադրբեջանական բախումներ են հրահրվելու, ասենք, Սյունիքում ու Սևանի ավազանում, Ադրբեջանն այդ պատրվակով ներխուժելու է ու որպես հրադադարի գին պահանջի «փախստականների վերադարձ» նաև Արարատյան դաշտ, հետո՝ նոր բախումներ ու նոր պահանջ՝ վերադարձ «Իրևան»․․․ 

Բայց կեղծ ապրանքի վաճառականներին ու գովազդային գործակալներին, որպես կանոն, «հետոն» առանձնապես չի հետաքրքրում։ Ապրանքը վաճառեցին, գինը ստացան, և վերջ, մնացածը «գնորդի» պրոբլեմն է։ Տվյալ դեպքում՝ մեր հասարակության։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   532 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ