...

Կեղծ օրակարգ Աննա Հակոբյանից

Կեղծ օրակարգ Աննա Հակոբյանից

ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ պատմել է, թե հանրային ինչ պարսավանքի են ենթարկվում Արցախյան պատերազմում զոհված տղաների մայրերը, որոնք փորձում են շարունակել ապրել։ Ըստ Հակոբյանի՝ նրանց խեթ-խեթ են նայում, երբ խանութում ճոխ առևտուր են անում, լավ չեն վերաբերվում այն մայրերին, որոնք փորձում են հղիանալ և նոր երեխաներ լույս աշխարհ բերել, որոնք ուրախ երաժշտություն են լսում, հարդարված տեսք ունեն և այլն, և այլն։ Այս ամենը վարչապետի տիկինը բացահայտել է մարտի 8-ին իր իսկ կազմակերպած միջոցառման ժամանակ։ Հետո ֆեյսբուքում հետևել է միջոցառման արձագանքներին և հավատացել է, որ իսկապես առկա է խնդիրը՝ զոհվածի մայրերի՝ ապրելու ցանկությունը հանրային պարսավանքի է ենթարկվում։ Եվ նա որոշել է պայքարել այս երևույթի դեմ։ 

Արցախյան վերջին երկու պատերազմներում 5000-ից ավելի զոհ ենք ունեցել։ Հակոբյանի միջոցառմանը մասնակցել է 70 մարդ, որոնց մեջ եղել են զոհվածների մայրերը, կանայք, քույրերը, դուստրերը։ Չենք բացառում, որ նրանցից մի քանիսը գանգատվել են, և Հակոբյանը տեղում ելույթի միջոցով փորձել է ոգեշնչել նրանց։ Բայց հետո, երբ հետևել է ֆեյսբուքյան արձագանքներին, հասկացել է, որ այս ֆրոնտում ամեն բան շատ վատ է։ Բայց տիկինը մի քանի բան հաշվի չի առել։ Նախ, պարզ վիճակագրության սկզբունքն է խախտվել։ Մի քանի սևազգեստ կանանց բողոքը՝ սուբյեկտիվ կամ օբյեկտիվ, չի կարելի ընդհանրացնել և ապա ամբողջական եզրակացությունների հանգելով՝ դրանք տարածել ընդհանուրի վրա։ Բա հիմա, որ մի 500 ծնող հավաքվի ու հայտարարի, թե նման խնդրի առաջ իրենք չեն կանգնել՝ հաջորդիվ ի՞նչ տեսաուղերձով է հանդես գալու Հակոբյանը։ Երկրորդ՝ այս պատմության մեջ զոհվածների մայրերը գործիք են դարձել, գործիք՝ իշխանությանը խփելու։ Իրականում «քլնգողներին» նյարդայնացրել է ոչ թե նրանց պարելու կամ երգելու փաստը, այլ այն, թե ինչպես են նրանք կարողանում ընդունել մի իշխանության խնջույքի հրավեր, որի անպատասխանատու գործողությունների արդյունքում է գրանցվել այս արհավիրքը։ Մի պահ Հակոբյանը կարող է խմբագիր ամուսնու հետ «լիտուչկա» անցկացնել և ազնվորեն խոստովանել, եթե իրենք չլինեին իշխանություն և նման միջոցառում կազմակերպած լիներ մեկ այլ վարչապետի մեկ այլ տիկին՝ ի՞նչ խմբագրականով հանդես կգային հաջորդ առավոտյան։ Այդ խմբագրականը ի՞նչ տրամաբանական զարգացում կունենար, եթե տեսանյութին հետևեր այդ ուրիշ վարչապետի ուրիշ տիկնոջ տեսաուղերձը՝ նույն բովանդակությամբ ու որակով։ Չէ, պատասխաններ չենք ակնկալում, որովհետև դրա անհրաժեշտությունը պարզապես չկա։ Չկա, որովհետև մտածելու ունակություն ունեցողների օրակարգում քեֆերի ձևաչափն ու դրանք հանրայնացնելու մղումը քննարկելիք չէ։ Քննարկելիք չէ, թե ինչպես մարդը պետք է հաղթահարի վիշտը, ինչպես պետք է ապրի այդ վշտի հետ՝ ներկա՞ծ, թե՞ սպիտակած մազերով, լաքապա՞տ, թե՞ պատերը ճանկռելուց կոտրտված եղունգներով, սև հա՞ց, թե՞ սև հացը կարագով ու խավիարով ուտելով։ Մեկի համար գերեզմանաքարի պատկերն է խաղաղություն բերում հոգուն, մյուսի դեպքում սաղմնավորված փոքրիկի սրտի բաբախյունն է մոռացնել տալիս վիշտը։ Սա մարդու ընտրությունն է, և ամեն մեկն ազատ է իր ընտրության հարցում։ Բարեկամական հորդոր տիկին Հակոբյանին՝ մի ձևավորեք, ապա քննարկեք արհեստական խնդիրներով օրակարգ։ Ծանրագույն տրավմայի ենթարկված հասարակության մեջ նոր սեպեր մի ավելացրեք։ Հակառակորդը Արցախ է մտել ու չի հեռանում, նոր պատերազմի վտանգը մինչև վերջ չեզոքացված չէ։ Սրա մասին մտածեք, և եթե մտածում եք, ուրեմն՝ լռեք։ Դուրս եկեք ֆեյսբուքից, դադարեցրեք «կյանքը շարունակվում է» պայմանական վերնագրով ֆոտոսեսիաները։ Կյանքը շարունակվում է անկախ մեր կամքից, անկախ ձեր իշխանության լավ ու վատ լինելուց, անկախ ինձանից և պատկերացրեք՝ անգամ ձեզանից։ Հանգիստ թողեք որդեկորույս մայրերին։ Ձեր ավելորդ գործողություններով մի թիրախավորեք նրանց։ Մի դարձրեք մայրերին քննարկման նյութ՝ ոչ ֆեյսբուքում, և ոչ էլ ձեր տեսաուղերձներում։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3183 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ