...

Ընթերցասերի ինտրիգը

Ընթերցասերի ինտրիգը

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ։ Արցախի տեղեկատվական շտաբն այսօր առավոտյան արձանագրել է՝ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախը, և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Այս ֆոնին ոմանք պնդում են՝ ԱՄՆ-ից պահանջել աջակցել հայ ժողովրդավարներին ու պատժել ադրբեջանցի ավտորիտարներին։ Մի մասը ադրբեջանական սադրանքը հերթական առիթ է դիտարկում՝ հասկանալու ռուս խաղաղապահների իրական հնարավորությունները։ Ոմանք ՀՀ իշխանություններից պահանջում են հարձակվողական և կոշտ լեզվով խոսել եվրոպացի գործընկերների հետ։ Ակտիվիստները քցում-բռնում են՝ Երևանում հանրահավաք անել ի պաշտպանություն արցախցիների՞, թե՞ սպասել։ Եվ ահա սոցիալական մեդիայում հայտնվում է Աննա Հակոբյանը՝ վարչապետի տիկինը, բավականին անհարմար գրառմամբ։ «Օսկարի հետ գիրք կարդալու համար ամուր նյարդեր և հաստատակամություն է անհրաժեշտ»,- գրում է տիկինը՝ հրապարակելով իր ընթերցանության դրվագները։ Օսկարը կատուն է, կարդացած գիրքը՝ Փաշինյանի հեղինակածը, նախընտրած գլուխը՝ «Սարերից իջան մի խումբ ձիավոր»-ը։ Փաստորեն երեկ տիկին Աննային ոչ ոք որևէ տոնախմբության չի հրավիրել։ Նա էլ զուռնա-դհոլի երաժշտության ներքո հեկեկոցը հերթական անգամ խլացնելու փոխարեն նախընտրել է տանը պառկել, կատվին գրկել, Փաշինյանի ստեղծագործությունը թերթել։ Հասնել մի «խորաթափանց» էջի, նկարվել այդ էջի հետ, ներբեռնել ու վերստին դառնալ բոլորի քննարկման նյութը։ Հիմա ամենաինտրիգային հատվածը՝ ի՞նչ հատված է վերընթերցում տիկինը։ Մեջբերենք․ «Ես (այսինքն՝ Փաշինյանը-խմբ) հարցնում էի նրան, թե ինչու Նիկոլայ Երկրորդ ցարը 20-րդ դարի մուտքը նշանավորեց խաղաղ երթի ելած քաղաքացիների անխնա գնդակահարությամբ։ Եվ պատասխանը էլի ինձ ցնցեց. - Էդ ցուցարարները գերմանական շպիոններ էին, ջհուդամասոն տականքներ,- պատասխանեց Պավելը, և այդ պահին ինձ թվաց, թե «Հայլուր» եմ լսում։ Նրանք, ովքեր չեն ենթարկվում ցարին, նրանք լրտեսներ են. սա է ռուսական ժամանակակից իշխող էլիտայի գաղափարաբանությունը»։ Ինչո՞ւ է հենց այս էջը նկարել ու ներբեռնել․ պատահականությո՞ւն է, թե՞ միտում, դժվար է ասել։ Հուսանք, որ տիկնոջ փրայվեթ երեկոյի հանրայնացումը այսքանով կսահմանափակվի։ Հու-սանք։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   867 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ