...

Կլինի՞ այնքան սկզբունքային, որքան Լաուրա Կյովեշին

Կլինի՞ այնքան սկզբունքային, որքան Լաուրա Կյովեշին

Երեկ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում: Առաջիկա օրերին կնշանակվեն ստորաբաժանման մյուս դատախազները, և օրենքը կսկսի աշխատել:

Մինչ նախկիններն աղմկում են, թե օրենքի կիրառումը կբերի վատ հետևանքների, պատճառ կդառնա կապիտալի արտահոսքի և այլն, մեզ ուրիշ հանգամանք է հետաքրքրում: Ինչո՞ւ այս կառույցը չստեղծվեց որպես լրիվ անկախ ծառայություն: Ինչո՞ւ այն այնուամենայնիվ պետք է լինի մի կառույցի ենթակայության տակ, որն առանձնապես չի հաջողել կոռուպցիայի դեմ պայքարում:

Նմանատիպ կառույցներ կան Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում, և նրանք բոլորն անկախ մարմիններ են: Հատկապես տպավորիչ է ռումինական փորձը, իսկ Ռումինիայի ազգային հակակոռուպցիոն դիրեկցիայի ղեկավար Լաուրա Կյովեշիի անունը թնդում է ամբողջ Եվրոպայով մեկ: Իր պաշտոնավարման ընթացքում Կյովեշիի ղեկավարած ծառայությունը մինչև մեղադրական ակտի է հասցրել մի քանի տասնյակ բարձրաստիճան կոռուպցիոներների գործեր: Դատապարտվել են վարչապետներ, նախարարներ, 40 պատգամավորներ և սենատորներ:

Սրբուհի Գալյանը հաստատ ունի գործունեության ոչ պակաս դաշտ, քան Լաուրա Կյովեշին: Հայաստանի կոռուպցիոներներն իրենց մասշտաբներով, ագահությամբ և դիզած ապօրինի հարստությամբ չեն զիջում ռումինացի կոլեգաներին:

Կյովեշիին իր երկրում բազմիցս են քննադատել լիազորությունները չարաշահելու, հեռախոսները ապօրինի լսելու և այլնի մեջ: Ի վերջո, նրա հակառակորդները կարողացան հասնել նրա պաշտոնանկությանը: Սակայն տիկին Կյովեշին հասել էր աշխատանքային այնպիսի հաջողությունների, որ պաշտոնանկությունից հետո ընտրվեց Եվրամիության գլխավոր դատախազ:

Գործող իշխանությունները տապալել են դատաիրավական ոլորտի բարեփոխումները, դատարանները վերածվել են հակահեղափոխության օջախների, կոռուպցիոներները քմծիծաղով են վերաբերվում իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերին:

Ապօրինի գույքի բռնագանձումը թերևս վերջին հույսն է, որ կարելի է հետ ստանալ թալանված հարստության գոնե մի մասը: Պետք էր ստեղծել լրիվ անկախ մարմին և նրանից պահանջել կոնկրետ արդյունքներ: Դատախազության նկատմամբ չկա հանրային մեծ վստահություն, պետք չէր նոր կառույցը դնել դատախազության ենթակայության տակ:

Ամեն անգամ, երբ նոր կառույցը փորձի բռնագանձել որևէ կոռուպցիոների ապօրինի գույքը, տեղին կամ անտեղի շահարկվելու է գլխավոր դատախազի գործոնը և հատկապես նրա հարստության հանգամանքը:

Ամեն դեպքում, հույս ունենանք, որ Սրբուհի Գալյանը կցուցաբերի նույնքան սկզբունքայնություն, որքան ցուցաբերել է նրա ռումինացի գործընկերը: Ի պաշտոնե նա դառնում է ռևանշիստների և կոռուպցիոներների թիվ մեկ ախոյանը, իսկապես արդյունավետ աշխատելու դեպքում նա կենթարկվի աննախադեպ մեդիա գրոհների և անձնական թիրախավորման:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   957 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ