...

Կորել է սպորտի և մշակույթի հեղափոխությունը. համարել անվավեր

Կորել է սպորտի և մշակույթի հեղափոխությունը. համարել անվավեր

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը որոշում է կայացրել մինչև 77 կգ քաշային կարգից Տոկիոյի օլիմպիական խաղեր ուղարկել ոչ թե այդ քաշային կարգում ուժեղագույն ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանին, այլ՝ Կարապետ Չալյանին:

Տարվա ընթացքում Արսեն Ջուլֆալակյանը ավելի քան 20 գոտեմարտ է ունեցել միջազգային տարբեր մրցաշարերում, պարտվել է միայն 2-ում: Դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, հիմա էլ առաջարկում է ուժեղագույնին որոշելու համար Չալյանի հետ գոտեմարտ կազմակերպել, բայց՝ հավաքականի մարզիչները դա մերժում են տարբեր պատճառաբանություններով:

Միայն իրական պատճառը չեն ներկայացրել. Արսեն Ջուլֆալակյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: Ուրիշ տրամաբանական բացատրություն այս ամենին չկա:

Գիտե՞ք, թե այս պատմության գլխավոր պատասխանատուներն ովքեր են՝ իշխանությունները, սկսած Արայիկ Հարությունյանից: Այդպես էլ չցանկացան սպորտի, մշակույթի ոլորտներում հեղափոխություն անել: Ոնց կա, այդպես էլ մնացել է, մի բան էլ դեռ վատացել է: Արայիկ Հարությունյանը փաստաթղթով սպորտի նախարար է, բայց հասկանալի է, որ ոլորտում Գագիկ Ծառուկյանն է «ռուլիտ անում»: 

Նախարարը հանգիստ հետևում է, թե ինչպես է Ծառուկյանը վրեժխնդիր լինում Վլադիմիր Գասպարյանի փեսայից, հիմա էլ ընկել է Արսեն Ջուլֆալակյանի հետևից: ԲՀԿ առաջնորդն ասում է՝ ես ոչ միայն ԲՀԿ, այլ նաև՝ սպորտի առաջնորդն եմ, ու դա մարսվում է: Խաղի այդ կանոնը ընդունվում է: Անհավանական է թվում, որ նման բան հնարավոր է հետհեղափոխական Հայաստանում:

Այսպիսի բան մեկ էլ Սովետի ժամանակ էր, երբ Պոլիտբյուրոյի մակարդակով էին հաճախ որոշում, թե ով պետք է գնա Օլիմպիադա, ով՝ ոչ: 

Նույնն էլ մշակույթի ոլորտում է. ինչ է, թե պրոբլեմ ունեն Գևորգ Էմինի թոռան հետ, որոշում են բանաստեղծի հիշատակին նվիրված միջոցառումներ չանցկացնել, Հրաչյա Հովհաննիսյանի հոբելյանը չհիշեցին, Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակի կողքով անցան: Ուշք ու միտքը մենակ «Հայաստանն իմ օջախն է» մակնիշի պաստառներ տպագրելն ու ամեն մետրը մեկ մեր աչքը կոխելն է: Էլի սովետի պես, որ ամեն քայլափոխի պաստառներից քեզ կոչ էին անում սիրել հայրենիքը, հայրենիք-մայրիկը (սա նույնը չի, ինչ՝ մայր-հայրենիքը) քեզ ինչ-որ տեղ էր կանչում, Լենինը ամեն անկյունից ստիպում էր հնարավորինս շատ սովորել, սովորել, սովորել ու խելոք, գլուխը կախ գնալ դեպի կոմունիզմ: 

Եթե սպորտում, մշակույթում հեղափոխության շունչը զգացվեր, նման զուգահեռների և ասոցացիաների կարիք չէր զգացվի: Բայց երբ դու տեսնում ես, թե ինչ է այստեղ կատարվում, ուղեղի քո մի հեռավոր ծալքից ազդանշան է գալիս, թե այսպիսի բան էլի է եղել: 

Լրջացեք, ընկերներ, մի քիչ էլ սպորտի ու մշակույթի միջանցքներով քայլեք, տեսեք՝ ինչ է կատարվում: Թե չէ ֆեյսբուքյան լայքերը խաբուսիկ են: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ