...

Կորոնավիրուսն անտեսանելի է, հակահեղափոխության վիրուսը` տեսանելի ու շոշափելի

Կորոնավիրուսն անտեսանելի է, հակահեղափոխության վիրուսը` տեսանելի ու շոշափելի

Համաշխարհային հանրությունն արդեն մի քանի ամիս է` շարժվում է կորոնավիրուսի թելադրած ֆորսմաժորային օրակարգով: Պանդեմիան պարտադրում է խաղի իր կանոնները, որոնց ուզած, թե չուզած ենթարկվում են բոլորը` նույնիսկ ամենահամառներն ու չենթարկվողները՝ վերանայելով ու վերապլանավորելով իրենց ծրագրերն ու նպատակները: Աներկբա է` համաշխարհային հանրության առողջությունն ու առողջապահական անվտանգությունը գերակա է ամեն ինչի հանդեպ:  

Հայաստանը նույնպես չկարողացավ խուսափել հայտնի վիրուսի թիրախում հայտնվելուց, և այժմ մեր քաղաքական, սոցիալ-տնտեսական, առողջապահական համակարգի «դիմադրողականությունը» մեծ փորձության առաջ է, որից նվազագույն կորուստներով դուրս գալու համար ահռելի ջանքեր են պահանջվում ոչ միայն պետությունից, այլև քաղաքական դաշտի բոլոր դերակատարներից, հանրությունից, այսինքն` բոլորից ու յուրաքանչյուրից: Համավարակի` ՀՀ-ում առաջին դեպքի արձանագրումից հետո պետությունն իր բաժին պատասխանատվությունն է իրացնում` արտակարգ դրության ռեժիմի պայմաններում կատարելով իր պոզիտիվ պարտավորությունները` հոգածության տակ առնելով վիրուսակիրներին, սոցիալական, տնտեսական աջակցություն ցուցաբերելով քաղաքացիներին ու բիզնեսին, միաժամանակ հանրությունից ակնկալելով սոցիալական պատասխանատվության իր բաժինը` հետևել պարետատան կողմից տրվող ցուցումներին, իրազեկումներին և նվազագույնի հասցնել վիրուսի պատճառած անխուսափելի կորուստները, որոնցից ամենացավալին ընդհատվող կյանքերն են:

Ակնկալվում էր, որ սոցիալական պատասխանատվության իրենց բաժինը կստանձնեն և վարակի դեմ պայքարում իշխանությանը ձեռք մեկնելու վեհանձնություն կունենան նաև քաղաքական դաշտի այն դերակատարները, որոնք շուրջ 20 տարի իշխանություն են եղել կամ դրա մասը կազմել` անցնելով լոկալ և գլոբալ ճգնաժամերի միջով (Հոկտեմբերի 27, Մարտի 1, 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամ, Ապրիլյան պատերազմ): Մինչդեռ ֆորսմաժորային այս իրավիճակում նախկիններն ու նրանց ծպտյալ կամ բացահայտ լաքեյները սոցիալական պատասխանատվության փոխարեն ցուցաբերում են քաղաքացիական գիտակցության զրոյական մակարդակ, սոցիալական կատարյալ դեգեներատիզմ` քաղաքականացնելով այն, ինչը ամենաքիչը դրա կարիքն ունի` վիրուսը, ու  օգտագործում իրենց թիվ մեկ` ռևանշի օրակարգը սպասարկելու համար: Այդ նպատակով նրանք մի կողմից ամեն ինչ անում են հասարակության մոտ իշխանության նկատմամբ անվստահություն սերմանելու ուղղությամբ, մյուս կողմից էլ իշխանությանը մեղադրում են  իրավիճակին տիրապետել չկարողանալու մեջ՝ պնդելով, թե հասարակությունը լուրջ չի ընդունում գործող իշխանությանը, հետևապես` կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կառավարության իջեցրած բոլոր հրահանգները պետք է արժանանանան նույնպիսի անլուրջ վերաբերմունքի: (Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սոցիալական սադրանք):

Ավելին, սահմանային այս իրավիճակում «թայմ աութ» վերցնելու փոխարեն նախկիններն է՛լ ավելի ագրեսիվ են դարձրել ռևանշի ուղղությամբ գործադրվող ջանքերը, քանի որ նրանցից շատերի նկատմամբ այս ընթացքում հարուցված քրեական տարբեր գործերին զուգընթաց, այսինքն` նրանց ֆիզիկական ազատությանը սպառնացող վտանգին զուգահեռ սպառնալիքի տակ է նաև վերջիններիս ունեցվածքը, և նրանցից շատերը կարող են դառնալ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման օրենքի «շահառուներ»: Ազատությունից ու դիզած միլիոններից զրկվելու դժնդակ հեռանկարը, բնականաբար, սրել է ռևանշիստների ինքնապաշտպանական բնազդը, ու նրանք այժմ պատրաստ են ընդհուպ ռադիկալ քայլերի` հայհոյելուց, սադրանքներ հրահրելուց բացի նաև բռնության, «ճգնաժամային կառավարություն» ձևավորելու, հեղաշրջում անելու մասին կոչերի, ինչն այս օրերին բացահայտ անում են ռևանշի շտաբի հակակրելի և է՛լ ավելի հակակրելի անդամներից շատերը: Հարցերի հարցն է` պատրա՞ստ է արդյոք իշխանությունը հակազդել այս ամենին, ու ինչ տեսք է ունենալու այդ հակազդեցությունը` բացի հերթապահ սպառնալից` թաթիկ ու ոտիկ կտրելու, դալաններում ծեծելու մասին հայտարարություններից:   

Հ.Գ. Իշխանությունն, անխոս, մի շարք թերացումներ ունի վիրուսի կառավարման հարցում, սակայն դրանք «ներելի» բացթողումներ են այնքանով, որքանով ճգնաժամային իրավիճակում կառավարման փորձի բացակայության հետևանք են, և դրանով անցնում է ամբողջ աշխարհը: Վիրուսի, կամ ինչպես ասում են` անտեսանելի թշնամու դեմ պայքարը մի օր կհայտարարվի ավարտված և աշխարհը, հույս կա, որ նորից կվերադառնա իր բնականոն կյանքին: Սակայն ոչ մի կերպ ներելի չեն և չեն լինելու այն բացթողումները, որոնք իշխանությանը պատուհասած կադրային և պրոֆեսիոնալ «վիրուսի» հետևանքն են: Խոսքը վերաբերում է ոչ միայն հեղափոխական օրակարգի որոշ առաջնահերթությունների (վեթինգ) թերակատարմանը, պատասխանատու պաշտոններում վիճահարույց նշանակումներին, այլ հատկապես նաև այն հանգամանքին, թե ինչպես են քրեական հետապնդման ենթարկվողներից շատերը հաջողել այս ընթացքում ծլկել երկրից, ապաստան գտնել որևէ ապահով խոհանոցում կամ խորդանոցում և հակաիշխանական լայվերով մեդիատեռոր իրականացնել: Եվ չնայած նրանցից շատերի նկատմամբ հայտարարված հետախուզմանը` այդպես էլ մնալ անորսալի ու կոնսոլիդացվել ընդդեմ իշխանության:  

Ճգնաժամային այս իրավիճակում առավել քան երբևէ անհրաժեշտ է, որ իշխանությունը պետական կառավարման ապարատի մոբիլիզացիա հայտարարի` առաջին հերթին իր ներսում մինչև պանդեմիան սկսված ու այժմ էլ արագ տեմպերով տարածվող  հակահեղափոխության վիրուսի օջախները հայտնաբերելու, «կոտակտավորներին» էլ մեկուսացնելու նպատակով, այլապես համավարակին գումարվելու է ներպետական համաճարակը: Վիրուս, որն ի տարբերություն կորոնավիրուսի, անզեն աչքով տեսանելի է և շոշափելի, ծպտված է տարբեր պաշտոնների, մանդատների, համազգեստների և ուսադիրների տակ:  

Հեղինե Մանուկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1015 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ