...

Կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա

Կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա

ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախիկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել։

«Նկատի ունենալով, որ վերը նկարագրված դեպքում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով նախատեսված ժամկետները, նշված անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին և հայտնել, որ չեն առարկում ոչ արդարացնող, այն է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նշված հիմքով նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

«ՉԻ». Պարզապես հիանալի է: Այսինքն՝ հարուցվեց քրեական գործ, ամիսներ շարունակ ծախսվեցին պետական ռեսուրսներ և ժամանակ, իսկ այնուհետև պարզվեց, որ կա վաղեմության ժամկետ: Տեսնես հնարավոր չէ՞ր այդ պարզ մաթեմատիկական գործողությունը սկզբում անել և ավելորդ քրեական գործ չհարուցել: Թե՞ բարոյական հաղթանակ էր պետք նախկին ռեժիմի ևս մեկ կոռումպացված ներկայացուցչի նկատմամբ: Թե՞ հասարակության աչքերը բացելու խնդիր կար: Ժողովուրդը շատ վաղուց է ճանաչում Երվանդ Զախարյանին և շատ լավ գիտի ինչ որակներով օժտված պաշտոնյա է նա եղել:

Հատկանշական է, որ Երվանդ Զախարյանի դեմ քրեական գործը դադարեցվում է հենց այն օրերին, երբ Փաշինյանը դժգոհում է կոռուպցիայի դեմ պայքարից և մասնավորապես վերականգնված գումարների չափից: Այս որակի քրեական գործերով դեռ պետք է շնորհակալ լինենք, որ 105 միլիոն դոլար վերականգնվել է: Պետք է շնորհակալ լինենք նախկին ռեժիմի «բարեգործներին», որ համաձայնվել են այդքան գումար վճարել բյուջե: 

Սաշիկ Սարգսյանը և Վաչագան Ղազարյանը պետք է դժգոհ լինեն իրենց փաստաբաններից, որ իրենց համար չեն գտել օրենքի այս բացերը:

Հեռու չէ այն օրը, երբ նախկինները կհայտարարեն, որ հատիկ առ հատիկ կարճելու եք մեր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը: 

Ավելի անկեղծ կլիներ ի սկզբանե ասել, որ փակում են նախկին էջը, քան այսպիսի զավեշտալի մեթոդներով իբր ցուցադրեին, թե պայքարում են նախկին կոռումպացված պաշտոնյաների դեմ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3522 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ