Խորհրդարանական ընդդիմությունը գնալով նմանվում է հարուստի զավակի, որի ուսման և կարիերայի առաջխաղացման համար միլիոնավոր դոլարներ են ներդրվում, բայց, միևնույն է, որևէ արդյունք չկա: Արդեն երեք տարի խորհրդարանական ընդդիմության այս կազմի վրա հայտնի դուետը ահռելի միջոցներ է ծախսում, սակայն բացի մեդիայի գլխագրերից որևէ շոշափելի փոխհատուցում չի ստանում:
Իսկ պատճառը շատ պարզունակ է՝ բնածին շտապողականությունը: Ինչպես ժամանակին իրենց բիզնեսն էին կազմակերպում, այդպես էլ փորձում են քաղաքական գործընթացներից արագ և մեծ արդյունք ստանալ: Նախկին ռեժիմի ներկայացուցիչները երբեք բիզնեսում փող չէին ներդնում, եթե դրա տարեկան եկամտաբերությունը չէր անցնում ներդրված գումարի 50 տոկոսը: Նույն տրամաբանությամբ էլ փորձում են քաղաքական գործընթացներից քաղաքական դիվիդենտներ ստանալ: Բայց բիզնեսը և քաղաքականությունը շատ շոշափելի առանձնահատկություններ ունեն, և հատկապես պետք է հաշվի առնել, որ նրանք բիզնես անելու մեկ յուրահատկություն ունեին՝ պետք է մրցակից չունենային:
Այսպես են մտածում. նախընտրական գործընթացների վրա ծախսել ենք մի քանի հարյուր միլիոն դոլար, ուրեմն ներդրված գումարները պետք է շատ արագ արդարացնեն իրենց: Ճիշտ է, պարտվել ենք, բայց խորհրդարան ենք անցկացրել մի քանի տասնյակ պատգամավորի, ուրեմն թող ջանք չխնայեն և արդարացնեն մեր սպասելիքները:
Այդտեղից էլ գալիս է շտապողականությունը: Իսկ ինչպես հայտնի է՝ շտապելիս սխալվելու հավանականությունը չափազանց մեծանում է:
Կարող է տպավորություն ստեղծվել, թե իշխանությունը նեղվում է, որ ընդդիմության ամեն երկրորդ բառը կապիտուլյանտը կամ հողատուն է: Մինչդեռ իշխանությանը շատ էլ ձեռնտու է, որ իրական խորքային քննադատության, սխալները վերհանելու, այլընտրանքային լուծումներ առաջարկելու, իշխանական պատգամավորների ինտելեկտուալ ֆոնին առանձնանալու փոխարեն, ընդդիմությունը գալիս ու միայն հողատու, դավաճան, կապիտուլյանտ և այս կարգի այլ մակդիրներ է վանկարկում: Այս կարգի հռետորաբանությանը շատ հեշտ է հակադարձել՝ ժողովուրդը ձեզ բանի տեղ չդրեց, համաձայն չէ այդ բնորոշումների հետ, ուստի ձայնը տվեց մեզ:
Եթե ընդդիմությունը մի փոքր ավելի խելացի լիներ, ապա կսպասեր: Իշխանությունը պնդում է, որ ժողովուրդը իրեն մանդատ է տվել երկիրը կարգի բերելու և շենացնելու համար: Քարոզարշավի ժամանակ Փաշինյանը բազում խոստումներ է տվել՝ սկսած խաղաղության դարաշրջան բացելուց մինչև նախկինների ունեցվածքը պետականացնելը: Դրանցից ոչ մեկը հեշտ խնդիր չէ և մոտ ապագայում անիրականանալի է: Ադրբեջանը չի ցանկանում հանդարտվել, իսկ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը կենդանության նշաններ ցույց չի տալիս:
2018 թվականի հոկտեմբերին դեռևս հանրա-բարգավաճա-դաշնակցական խորհրդարանը շտապեց, տրվեց քաղաքական ֆալս-ստարտի և ի վերջո ջախջախվեց: Մինչդեռ այդ կազմով կարելի էր մի փոքր էլ ժամանակ շահել և մեկ տարի հետո ընտրությունների արդյունքները էական ուրիշ քաղաքական խճանկար կստեղծեին: Հիմա կրկին տրվում են ֆալս-ստարտի, և իշխանությունների ձախողումների փոխարեն շատ արագ առաջնային օրակարգ է գալու այն մտայնությունը, թե այս ընդդիմությունն է խանգարում իշխանությանը երկիրը շենացնելու: Իշխանական պրոպագանդիստները արդեն սկսել են այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել:
Բայց դե իհարկե այս ընդդիմությունը չի կարող փոխվել, դառնալ ավելի ճկուն: Ինչպես հայտնի է՝ հարուստի որդին մեծացել է բութ ու շատակեր:
Արիս Վաղարշակյան