...

Կռվում են, թե ո՞ւմ շահերին զոհաբերեն Հայաստանը

Կռվում են, թե ո՞ւմ շահերին զոհաբերեն Հայաստանը

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարում է, թե արցախահայության ինտեգրումն Ադրբեջանին լավ էլ հնարավոր է, իսկ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն ասում է, որ «Ղարաբաղի նախագահ» անվանումով պաշտոն չի ճանաչում։ Բովանդակային առումով այս հայտարարությունները նույնն են, որովհետև եթե Ռուսաստանն Արցախի ընտրված իշխանություններին չի ճանաչում՝ նշանակում է արցախահայությանը համարում է Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք գուցե այս պահին դեռևս ինչ-որ «ինքնակառավարման մարմիններ» ունեն, բայց այսպես թե այնպես վաղ թե ուշ պիտի ինտեգրվեն Ադրբեջանին (այլ հարց է, թե այս տրամաբանությամբ՝ ի՞նչ հիմնավորմամբ են երկուսուկես տարի հետո ռուս խաղաղապահներն «Ադրբեջանի տարածքում» պաշտպանելու «Ադրբեջանի քաղաքացիներին»՝ Ադրբեջանի պետական մամլիչից)։ Ինչևէ։ Հայ «հասարակական-քաղաքական միտքն» էլ բաժանվել է երկու մասի․ մի մասն ԱՄՆ-ին է հայհոյում, մյուս մասը՝ Ռուսաստանին։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանն առաջնորդվում են (ո՞ւմ մտքով կանցներ) ոչ թե հայկական, այլ իրենց սեփական շահերով։

Նույն տրամաբանությամբ էլ, ի դեպ, մեր քաղաքական դաշտն է բաժանված։ Իշխանություններն ընդդիմությանը մեղադրում են Ռուսաստանի շահերով առաջնորդվելու մեջ, ընդդիմությունն էլ իշխանություններին մեղադրում է Արևմուտքի շահերն առաջ մղելու համար։ Ու պատկերացրեք՝ մեծ հաշվով, երկուսն էլ ճիշտ են։ 

Իսկ որո՞նք են այդ շահերը։ Ռուսաստանի դեպքում ամեն ինչ կարծես թե պարզ է։ Ադրբեջանի հետ համատեղ Արցախը պատանդ պահել, միշտ բաց պահել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի թեման և այդ ճանապարհով մեծացնել ճնշումը Հայաստանի վրա՝ ստիպելով մեկառմիշտ հրաժարվել «ֆորպոստի» կարգավիճակից դուրս պրծնելու որևէ փորձից ու կոմունիկացիաների վերահսկողությունն էլ անվերապահորեն հանձնել «ֆորպոստատիրոջը»։ Հայաստանի դեմ ուղիղ ռազմական ագրեսիայի սպառնալիքի թեման, ի դեպ, կարելի էր հեշտությամբ փակել՝ ընդամենը հայտարարելով, որ նման ագրեսիայի դեպքում Ռուսաստանն ամբողջ ծավալով կկատարի իր դաշնակցային պարտավորությունները, բայց Ռուսաստանին, հակառակը, պետք է այդ սպառնալիքի մշտական առկայությունը՝ քանի դեռ Հայաստանից իր ուզածը չի ստացել։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա հիմնական նպատակը, բնականաբար, Ռուսաստանի ձեռքից «ֆորպոստը» խլելն է, իսկ եթե այդ ճանապարհին Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվի, մի փոքր մասն էլ «ինտեգրվի» ու հետագայում հալածանքների ենթարկվի՝ ավելի լավ․ դա կօգտագործեն որպես մահակ՝ հարկ եղած դեպքում Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու համար (այնպես, ինչպես անհրաժեշտության դեպքում Ցեղասպանության հարցն են օգտագործում Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու նպատակով)։ 

Ի՞նչ պիտի անի Հայաստանի որևէ իշխանություն այս իրավիճակում։ Պիտի կարողանա ձևակերպել հայկական շահերը՝ առկա հնարավորությունների սահմաններում, գնահատել դրանց հասնելու ամենաօպտիմալ ուղիները, մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները և գիշեր-ցերեկ աշխատելով՝ փորձել դուրս գալ այս վիճակից։ Բայց Հայաստանում քանի՞ քաղաքական ուժ գիտեք՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, որ իսկապես փորձում են երկիրը դուրս բերել այս վիճակից՝ ոչ թե խոսքով, այլ գործով։ Խոսքով՝ ինչքան ասեք, բայց գործնականում բոլոր քայլերն ուղղված են իշխանությունը վերցնելուն կամ պահպանելուն՝ օգտվելով երկրի ծանրագույն վիճակից։ Պարզ ասած, սովորական ծեծկռտուք խորտակվող նավի վրա՝ նավապետական օրապահիկի համար։ 

Այն դեպքում, երբ նավը խորտակումից փրկել դեռ հնարավոր է։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2273 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ