Կյանքը բումերանգ է, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Ահա այս երկու ճշմարտությունների հետ է այսօր առերեսվում գործող իշխանությունը:
Երկու տարի է, պատեհ-անպատեհ առիթներով գործող իշխանությունները հիշում են մութ ու ցուրտ տարիները: Հատկապես զավեշտալի է, որ նրանք կրկնում են այն թեզերը, որ քոչարյանական և սարգսյանական պրոպագանդիստները խնամքով կառուցել էին տարիներ շարունակ: Վարչապետի խորհրդականը պահանջում է վերադարձնել իր գողացված մանկությունը, իսկ վարչապետը չարիք է անվանում բոլոր ընտրությունները, որ տեղի են ունեցել 1991 թվականից հետո:
Առաջիկայում իշխանությունները դիմագրավելու են այն մարտահրավերներին, որոնց ժամանակին հաջողությամբ դիմագրավեց Հայաստանի առաջին իշխանությունը: Եվ սեփական կաշվի վրա են զգալու, թե որքան դժվար է մի կողմից լուծել ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրները չաշխատող տնտեսության պայմաններում, մյուս կողմից՝ դիմագրավել ընդդիմության անզուսպ պոպուլիզմին և անհիմն քննադատությանը: Հասկանալու են, որ պարգևավճարների թեմայի շահարկումը ավելի շատ իրավունք ունի գոյություն ունենալու, քան ժամանակին շահարկված լափած մազութը կամ մութ ու ցուրտ տարիների մասին պատմական ապերախտությունը:
Իշխանությունը հասկանալու է, թե որքան անհեռատես ու փոքրոգի է գտնվել, երբ վերակենդանացրել է վազգենմանուկյական և դաշնակցական հակապետական քարոզչությունը:
Այս պահին դժվար է կանխատեսել, թե որքան հաջող կլինի իշխանությունների հակաճգնաժամային քաղաքականությունը, դժվար է ասել՝ կկարողանան դիմագրավել մարտահրավերներին, թե կձախողվեն: Բայց արդեն փաստ է, որ իշխանության գալուց ընդամենը երկու տարի անց, նրանք իրենց ակտիվում ունեն մի ընտրություն, որ իր բոլոր չափանիշներով տեղավորվում է Փաշինյանի մատնանշած կեղծված ընտրությունների ցուցակում:
Արցախում տեղի ունեցած ընտրությունների որակը որևէ կերպ չտարբերվեց նախորդ տասնամյակներին տեղի ունեցած ընտրություններից: Արցախցին չհասկացավ, թե ինչ փոխվեց իր կյանքում Հայաստանում ժողովրդավարական ուժերի հաղթանակից հետո: Ոչ միայն չտեսավ նրանց աջակցությունը, այլև հակառակը՝ ականատեսը դարձավ, թե ինչպես է պաշտոնական Երևանը աջակցում ձայներ գնողներին և ժողովրդին ահաբեկողներին:
Փաշինյանն արդեն իր ակտիվում ունի մեկ անցկացված ընտրություն, որը հաջորդները առանց մեծ ջանքերի որակելու են իբրև չարիքի ընտրություններ: Մնում է հուսալ, որ նշմարվող սոցիալ-տնտեսական ճգնաժամին դիմագրավելու գործում կլինեն ավելի հաջողակ, և հաջորդ սերունդները չեն պահանջի վերադարձնել գողացված մանկությունը՝ պանդեմիայի ընթացքում:
Արիս Վաղարշակյան