...

Լրջանալու պահը՝ 25 տարի ուշացումով

Լրջանալու պահը՝ 25 տարի ուշացումով

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե «աշխարհը թևակոխել է մերկ աշխարհաքաղաքականության դարաշրջան, որտեղ նորմերը, սկզբունքները, բարոյականությունը մղվել են հետին պլան», «այժմ մենք կանգնած ենք գոյաբանական բնույթի սպառնալիքների առջև», և Արցախը փրկելու համար «շատ կարևոր է հնարավորինս հեռու մնալ դեմագոգներից, սադրիչներից ու սուտի հայրենասերներից»։

Աշխարհում, ի դեպ, միշտ էլ «մերկ աշխարհաքաղաքականության դարաշրջանն» է տիրել, ու այնպես չէ, որ երբևէ սկզբունքներն ու բարոյականությունն առաջին պլանում են եղել, բայց լավ է, որ գոնե 25 տարի ուշացումով Արցախում հասկացել են սա ու դուրս եկել «ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի» երանելի վիճակից։ Սա բուժման առաջին քայլն է և հույս է ներշնչում, որ հնարավոր է՝ հաջողվի ինչ-որ բան փրկել։ Թե ինչպես՝ կամաց-կամաց ուրվագծվում է։

Բանն այն է, որ դեմագոգներից, սադրիչներից ու «սուտի հայրենասերներից» հնարավորինս հեռու մնալու կոչով Արցախը գործնականում խզում է բոլոր կապերը Հայաստանի քաղաքական դաշտի հետ, որովհետև մեր քաղաքական դաշտը, ներառյալ իշխանություններն ու խորհրդարանական ընդդիմությունը, համարյա ամբողջությամբ կազմված է հենց դեմագոգներից, սադրիչներից ու կեղծ հայրենասերներից։ Իսկ եթե Արցախում արդեն հասկացել են, որ այդ որակի «քաղաքական միտք» ունեցող Հայաստանի հետ որևէ հույս կապելն անիմաստ է, մնում է միայն մի տարբերակ՝ փորձել «գոյաբանական բնույթի սպառնալիքները» կանխել Ռուսաստանի միջոցով։ Կհաջողվի, թե ոչ՝ այլ հարց է, բայց ուրիշ տարբերակ պարզապես չկա ու տեսանելի ապագայում հազիվ թե լինի։

Ի՞նչ է պետք անել դրա համար։ Առաջին հերթին՝ տարանջատվել Հայաստանի արտաքին քաղաքականությունից, կամ, եթե կուզեք, այդ հարցում դերաբաշխում իրականացնել։ Բանն այն է, որ Հայաստանն ուզում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ և «խաղաղության դարաշրջան» բացել, ինչը երկարաժամկետ հեռանկարում թուլացնելու է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Այսինքն՝ Հայաստանը համառորեն իրականացնում է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը ռուսական շահերին դեմ է։ Փոխարենը՝ ռուսական շահերից բխում է, որ Արցախում հայեր ապրեն, իսկ ահա Նիկոլի իշխանությանը դա պետք չէ, որովհետև նրա պարզունակ պատկերացմամբ՝ եթե Արցախը վերջնականապես հայաթափվի, «խաղաղության դարաշրջանի» հարցում այլևս որևէ խոչընդոտ չի լինի։ Ակնհայտ է, որ այս հարցում «Նիկոլական Հայաստանի» և «ռուսական Արցախի» շահերը հակասում են միմյանց, ու Արցախին այլ բան չի մնում, քան դիրքավորվել որպես Ռուսաստանի համար «պահուստային ֆորպոստ»՝ եթե հանկարծ Թուրքիային ու Ադրբեջանին հաջողվի Նիկոլի միջոցով Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց։

Վտանգն այն է, որ եթե Ռուսաստանի դիրքերն աշխարհում թուլանան, այդ երկիրը չկարողանա Հարավային Կովկասում միանգամից երկու «ֆորպոստ» պահել (Հայաստանն ու հայաբնակ Արցախը) և ստիպված լինի պահել միայն մեկը, ընտրությունը, բնականաբար, կանգ կառնի Հայաստանի վրա։ Այդ դեպքում ռուս խաղաղապահները մի քանի տարի անց կհեռանան, Արցախը կհայաթափվի, ու դա կուղեկցվի Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական այնպիսի ճնշումներով, որ Հայաստանը կամովին կդառնա ռուսական շատ ավելի իրավազուրկ «ֆորպոստ», քան, ասենք, Աբխազիան կամ Հարավային Օսիան։

Իրականությունը սա է, ու սրա հետ պետք է հաշվի նստել առանց էմոցիաներին տրվելու։ Չէ՞ որ անգամ «ծաղկափոշու մեջ թաթախվածներն» են հասկացել, որ «մերկ աշխարհաքաղաքականության դարաշրջան է, որտեղ նորմերը, սկզբունքներն ու բարոյականությունը մղվել են հետին պլան»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1698 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ