Երեկ Աժ-ում, կառավարության անցած տարվա բյուջեի կատարողականը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում չկա մաֆիոզ որևէ ուժ, որ կարողանա ձեռնոց նետել պետությանը»:
Վարչապետի մոտ արդեն կարծես սովորույթ է դառնում անել հայտարարություններ, որոնք ուղիղ հակասում են իր կողմից արված նախորդ հայտարարություններին: Մեկ ամիս էլ չի անցել, երբ նա իր հերթական լայվի շրջանակներում ներկայացրեց տարբեր մարդկանցից ու ուժերից կազմված խմբեր, որոնք իր բնորոշմամբ հիասթափվել են հեղափոխությունից: Այդ անհատները և խմբերը ինչ-որ սոցիալական խումբ չէին, չէին հիասթափվել նոր իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքում: Դրանք խմբեր են, որ պետությունը կառավարում էին մաֆիայի օրենքներով և հիմա իշխանությունը կորցնելուց հետո զրկվել են միայն պետության լծակներից, սակայն պահպանել են իրենց կողմից խնամքով կառուցված մաֆիոզ ստրուկտուրան և բուրգը:
Անգամ պետության լծակներից զրկվելու պնդումն է թերի: Քանի որ նույն Փաշինյանը արդեն բազմիցս նշել է՝ պետական համակարգում կան դավաճաններ: Եվ Հայաստանում ապրող երեխային էլ է պարզ, որ այդ դավաճանները ռոմանտիկ և ինքնաբուխ դավաճաններ չեն, այլ մնացել են պետական համակարգում, որպեսզի սպասարկեն իշխանությունը զիջած մաֆիայի օրակարգը:
Եթե Փաշինյանի հռետորաբանությունը պարզապես առավել անհանգիստ կողմնակիցներին հանգստացնելու փորձ է, ապա որոշ ժամանակ անց պարզ է դառնալու, որ վարչապետը թյուրիմացության մեջ է գցել հանրության մտահոգ հատվածին:
Հայաստանում կա մաֆիոզ խումբ, որը սպասում է հարմար պահին՝ ձեռնոց նետելու գործող իշխանությանը և հանրությանը:
Կարելի է անգամ արձանագրել, որ այն առավել մարտունակ և մաֆիոզ խումբն է տարածաշրջանում: Ունի ավելի մեծ բյուջե, քան պետության բյուջեն է: Ունի ավելի շատ մեդիաներ, քան ունի իշխանությունը և հասարակությունը: Ունի դատական իշխանության համակրանքը և հովանավորությունը: Ունի բազմաթիվ կողմնակիցներ իրավապահ համակարգում: Ունի փաստաբանների մեծ բանակ: Ունի օտար պետությունների հովանավորությունը և հանուն այդ հովանավորության պատրաստ է զոհաբերել Հայաստանի շահերը: Ունի այդ օտար պետությունների հատուկ ծառայությունների աջակցությունը, որոնք կարող են օպերացիաներ իրականացնել Հայաստանի տարածքում: Ունի բանդաներ, որ հիմա գտնվում են հարկադիր պարապուրդում, սակայն առաջին իսկ կանչով կներկայանան մաֆիայի շտաբ:
Այսքանից հետո չտեսնել մաֆիայի գոյությունը, որ կարող է մարտահրավեր նետել, պարզապես կամ ինքնախաբկանք է, կամ էլ զուտ հոգեբանական աջակցություն հանրությանը:
Բայց դե հանրությունը իշխանություն է ընտրել, որ վերացնի մաֆիան և ոչ թե հոգեբան, որ կսովորեցնի չնկատելու տալ մաֆիայի ներկայությունը:
Արիս Վաղարշակյան