«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստատեսության շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է. «Հանրային հեռուստաընկերության եթերն իմ առջև հիմնականում փակ է եղել և՛ նախկին, և՛ նոր իշխանությունների պարագայում, իսկ Հանրայինը ինչպես եղել, այնպես էլ մնում է օրվա իշխանության քարոզչության և պրոպագանդայի հիմնական խողովակը։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրինությանը և լրատվական ծառայության պատասխանատուներին հորդորում եմ չընկրկել իշխանության ճնշումներին, չներկայացնել հրաժարականի դիմումներ և պահանջել անցկացնել հրապարակային ու թափանցիկ ծառայողական քննություն»:
«ՉԻ». Ուրեմն, 1990-ականների վերջում՝ հեղաշրջումից հետո, այն ժամանակ դեռ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը մի հարցազրույցում ասել էր, թե իր ձեռքերը մաքուր են: Այսինքն, կաշառք չի վերցրել, չարաշահումներ թույլ չի տվել: Ամեն ինչ լավ կլիներ, և մենք կհիանայինք նրա անբասիր կենսագրությամբ, եթե չլիներ մի նյուանս. Հրանտ Խաչատրյանը երբեք պաշտոն չէր ունեցել: Եթե չէր ունեցել, իրեն ինչո՞ւ պետք է կաշառք առաջարկեին: Բնականաբար, ձեռքերը պիտի մաքուր լինեին:
Հիմա մեր այս Ղազինյանն է. ասում է, Հանրային հեռուստաընկերության եթերն իր առջև հիմնականում փակ է եղել և՛ նախկին, և՛ նոր իշխանությունների պարագայում: Բայց էլի նույն նյուանսն է. իսկ ինչո՞ւ իրեն պետք է հրավիրեին Հանրային հեռուստաընկերություն: Կապ չունի՝ նախկինները, թե ներկաները: Դուք իրեն հիշո՞ւմ եք: Նախկին իշխանությունների ժամանակ ընդհանրապես անհայտ մարդ է եղել, հիմա նոր մի հատ ոչինչ չասող կուսակցություն է հիմնել, աչքի է ընկնում ստատուսներ գրելով ու վերջ: Դրա համար Հանրային չեն կանչում: Տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնք նույնպես ստատուս են գրում, ու նրանց էլ չեն կանչում:
Իսկ ինչ վերաբերում է նրա կոչին, որ Հանրայինի ղեկավարները հանկարծ աշխատանքից ազատվելու դիմումներ չգրեն, ապա ճիշտ հակառակը, առաջինը հենց ինքը պետք է պահանջեր նրանց հրաժարականները, եթե՝ ինչպես ինքն է ասում, իր մուտքը Հանրային փակել էին: Թե՛ նախկինների, թե՛ ներկաների օրոք փակողները նույն մարդիկ են եղել: