Կա մի բան, որ գործող իշխանության մոտ պարզապես հրաշալի է ստացվում: Դա քաղաքական մարգինալներին ընդդիմադիր ուժ դարձնելու գործն է:
Իշխանությունը կարող է հակադարձել, թե մենք ի՞նչ մեղավոր ենք, ինչ է, արդարադատություն չիրականացնե՞նք՝ վախենալով, որ նրանք քաղաքական երանգ կհաղորդեն և արդյունքում կշիռ ձեռք կբերեն:
Ոչ, պարզապես պետք էր նախապես հաշվարկել, թե այդ արդարադատությունը ինչ պայմաններում է տեղի ունենալու: Պետք էր հասկանալ, թե ինչ դաշտում է «խաղը» ընթանալու, ովքեր են լինելու մրցավարական կազմում և այլն:
Քոչարյանին դատելը լավ միտք էր, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը ողջունեց դա, բայց քաղաքական իշխանության գործառույթն էր ճիշտ հաշվարկել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ չբարեփոխված դատական իշխանության պայմաններում նրան դատելու հետևանքները: Իշխանությունը պետք է հասկանար, որ նրան առանց փողի ռեսուրսներից զրկելու և միաժամանակ դատելու, ստանալու ենք «ընդդիմադիր» շարժում, որը վտանգ է ներկայացնելու պետականությանը: Մի ուժ, որը տասը տարի բռնազավթել էր իշխանությունը, իսկ հեռանալիս չխորշեց 10 անմեղ մարդու արյուն թափել, սեփական անձեռնմխելիության համար պատրաստ է ցանկացած սադրանքի՝ միլիարդավոր դոլարներ ունենալու պայմաններում: Արդյունքում՝ նա բանտում չէ, բայց քաղաքական դիակից ստացել ենք մի ուժ, որը խանգարելու է նորմալ ընդդիմություն ձևավորվելուն:
Վերջին ընտրություններում «Սասնա ծռերը» ստացան մեկ տոկոսից մի փոքր ավել ձայն և որքան էլ սոցիալական ցանցերում ակտիվ են, միևնույն է՝ ակնհայտ էր, որ դարձել են մարգինալ ուժ: Բայց իշխանությունն այստեղ էլ որոշեց մի բան անել, որպեսզի շտկի այդ «անարդարությունը»: Բացարձակ քաղաքական իմաստ չկար հիմա խմբավորման անդամների համար պահանջել նման բարձր պատիժներ: Արդյունքում՝ հասարակության մի հատված, որն առանձնապես չէր համակրում այդ ուժին, ակամայից դարձավ նրա պաշտպանը, քանի որ անարդարացի է համարում ազատության մեջ գտնվող Քոչարյանի և Սարգսյանի ֆոնին ծռերին 9 տարուց մինչև ցմահ բանտարկելը:
Այս տեմպերով իշխանությունը հաջորդիվ կլծվի Խաչիկ Ասրյանից և էպոսագետ Սեդրակյանից ընդդիմություն կերտելու գործին:
Միգուցե, իշխանությանը թվում է, թե ձեռնտու է խոցելի ընդդիմություն ունենալու հանգամանքը: Սակայն դա վնաս է քաղաքական համակարգին, իսկ իշխանությունը դուրս չէ այդ համակարգից, և առաջին վնասը հենց իրենք են կրելու:
Անընդհատ թույլերի հետ մրցելով՝ հնարավոր չէ պահպանել բարձր կարգը, որոշ ժամանակ հետո վերանալու է նրանց միջև առկա խաղամակարդակի տարբերությունը:
Արիս Վաղարշակյան