Սուրեն Պապիկյանին վերաբերող անձնական տվյալների դուրս հանումը և այդ գործով ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը վկայում են, որ իշխանությունը մի կողմից գերագնահատում է երկրում տեղի ունեցած փոփոխությունների չափը և որակը, մյուս կողմից՝ թերագնահատում նախկինների գցած արմատների խորությունը և ամրությունը:
Իշխանությանը թվում էր և տպավորություն կա, որ դեռ թվում է, թե բավարար է ասել՝ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, և նախկինների բոլոր կապերն ու ներազդման միջոցները դառնալու են առոչինչ: Իշխանությունը համոզված է, որ միայն սկզբունքներ հռչակելով, բայց դրանց հիմքում չդնելով կոնկրետ մեխանիզմներ, կարելի է հասնել պետական ապարատի լրիվ նոր որակի գործունեության: Բազմաբնակարան շենքը առանձնատուն անվանելով՝ այն այդպիսին չի դառնում: Միայն այդպիսին հռչակելով՝ բազմաբնակարան շենքը չի կարող ապահովել նույն կոմֆորտը և անվտանգությունն, ինչ առանձնատունը:
Պետական և իրավապահ համակարգը հավաքվել է բացարձակ այլ սկզբունքներով, ուրիշ նպատակների և խնդիրների համար և միայն դեկորատիվ փոփոխություններով հնարավոր չէ հասնել նրա ֆունկցիոնալ նոր որակի: Սերոբ Հարությունյանն այն անձն է, որն անգամ նախկին ռեժիմի օրոք ունեցավ խնդիրներ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարի պաշտոնում: Պարզ ասած, այնքան անցավ չափը, որ նախկին կոռումպացված իշխանությունը չկարողացավ կոծկել նրա արարքները, և միայն անուղղելի ռոմանտիկը կարող էր մտածել, թե նոր պայմաններում Սերոբ Հարությունյանին ճիշտ կլինի օգտագործել ԱԱԾ համակարգում, այն էլ՝ նման պատասխանատու պաշտոնում:
Սերոբ Հարությունյանը միայնակ չէ, նրա նման կան հարյուրավոր պաշտոնյաներ, որ մնացել են համակարգում միմիայն մեկ նպատակով՝ վնասել ներսից և արտահոսքեր կազմակերպել: Կան պաշտոնյաներ, որոնք զբաղված են միմիայն «Մալբրի» համակարգը սքրին շոտ անելով և պահելով՝ այն հետագայում օգտագործելու նպատակով: Նախկին իշխանությունն ամբողջովին տիրապետում է գործող իշխանության ներքին գրագրությանը:
Դատավորների վեթթինգից շատ ավելի կարևոր է իրավապահ համակարգի վեթթինգը: Իշխանությունը պետք է հստակ պատկեր ստանա, թե ովքեր են աշխատում ԱԱԾ և ոստիկանության բարձր և միջին պաշտոններում, ինչ կապեր ու պարտավորություններ ունեն:
Կարելի է հրավիրել շատ բարձր որակավորում ունեցող մարզչի, նա մշակի շատ որակյալ մարտավարություն և այլն, բայց հաստատ կձախողվի այն ֆուտբոլիստներով, ովքեր մտքով արդեն ուրիշ թիմում են:
Արիս Վաղարշակյան