...

Մենք նույնիսկ խնդիրները չենք կարողանում ձևակերպել

Մենք նույնիսկ խնդիրները չենք կարողանում ձևակերպել

Ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում քաղաքական կյանքը եռում էր, երկու տասնյակից ավելի քաղաքական ուժեր էլ իրենց պատառոտում էին՝ հասարակությանը համոզելով, թե բոլորից լավ գիտեն երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղիները։ Ընտրություններն ավարտվեցին, Հայաստանի վիճակն օրեցօր նույնիսկ ավելի է ծանրանում, բայց քաղաքական ուժերը կարծես իրենք իրենց արձակուրդ են տվել։ Բացի, իհարկե, նրանցից, ում առանցքային ֆիգուրների նկատմամբ «պողպատե մանդատ» է կիրառվում։ Իսկ հասարակությունը ոչ միայն չի տեսնում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները, այլև չի կարողանում անգամ ձևակերպել խնդիրները։

Առաջին խնդիրը Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացումն է։ Մեզանում դա ներկայացվում է համարյա որպես աշխարհի վերջ, հայոց պետականության կորուստ և այլն, ու բնականաբար՝ հասարակության մեծամասնությունը կտրականապես դեմ է, որ այդ ճանապարհը բացվի (և ընդհանրապես՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիներն ապաշրջափակվեն)։ Մի խոսքով՝ 30 տարի շրջափակման դեմ էինք պայքարում, հիմա՝ ապաշրջափակման։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանի սուվերեն տարածքով անցնող (այսինքն՝ Հայաստանին պատկանող) այդ ճանապարհի անվտանգությունը կարող են ապահովել ռուսները։ Դա իսկապես էականորեն կնվազեցնի մեր սուվերենության՝ առանց այն էլ խիստ ցածր մակարդակը, բայց սրանից բխում է ոչ թե այն, որ մենք պիտի պայքարենք այդ ճանապարհի բացման դեմ, այլ այն, որ պիտի պայքարենք այդ ճանապարհի անվտանգությունն ինքներս ապահովելու անսակարկելի իրավունքի համար։ Բայց՝ չէ, մենք ճանապարհի բացման դեմ ենք պայքարում։ 

Երկրորդ խնդիրը հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցն է։ Մեր հասարակությունը, չգիտես ինչու, կտրականապես դեմ է դրան, մինչդեռ պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ հարցում ամենաշահագրգռվածը մենք պիտի լինեինք։ Եթե երկու հարևաններդ կացիններով զինված են, ավելի լավ է քո և նրանց հողամասերի միջև «միջազգայնորեն ճանաչված» ցանկապատ գոյություն ունենա՞, թե՞ ոչ։ Իրականում պրոբլեմը բոլորովին այլ է՝ երկու պետությունների միջև սահմանները պիտի որոշեն հենց այդ երկու երկրները (բնականաբար միջազգային կառույցների մասնակցությամբ), և ոչ թե Ռուսաստանն ու Ադրբեջանը՝ հայկական կողմի ընդամենը սիմվոլիկ ներկայությամբ։ Առավել ևս, որ դելիմիտացիա-դեմարկացիայի ամենացավոտ կետն անկլավների հարցն է, իսկ Ռուսաստանն այդ հարցում շահագրգիռ կողմ է։ Անկլավների գոյությունը մեզ համար անընդունելի է, իսկ ռուսների համար՝ ցանկալի, որովհետև եթե անկլավներ լինեն՝ անհրաժեշտ կլինեն նաև ռուս խաղաղապահներ, այսինքն՝ տարածաշրջանում ռուսական ներկայությունը կընդլայնվի։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե սահմանների ճանաչումը կնշանակի նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, իսկ դա խաչ կքաշի արցախյան խնդրի վրա, ապա իրականությունը բոլորովին այլ է։ Արցախյան խնդիրը տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև և երբեք չի եղել, այսինքն՝ մեր նպատակն Արցախը Ադրբեջանից խլելն ու Հայաստանին միացնելը չի եղել։ Խնդրի էությունը եղել է այն, որ անարդարացիորեն Ադրբեջանի մաս կազմող մի երկրամաս որոշել է իրացնել ինքնորոշման իր իրավունքը և անկախանալ այդ երկրից, ու քանի որ Ադրբեջանը դրան պատասխանել է ռազմական ագրեսիայով՝ Արցախը դիմել է ինքնապաշտպանության, Հայաստանն էլ օգնել է ու դարձել Արցախի անվտանգության երաշխավորը։ Հիմա Հայաստանն այլևս չի կարող կատարել այդ դերը, բայց դրանից արցախյան խնդրի էությունը շատ չի փոխվել։

Մի խոսքով՝ խնդիրները կան, խնդիրները պիտի լուծվեն, բայց ոչ այս իշխանություններն են ի վիճակի որևէ հարց լուծել, ոչ էլ հասարակության մեծամասնությունն է հստակ պատկերացնում, թե հատկապես ինչ է պետք պահանջել իշխանություններից։ Քաղաքական ուժերն էլ չեն ցանկանում «անշառ գլուխները դնել շառի տակ»։ 

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   812 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ