...

Մի անգամ ձախողել ես արժանապատիվ խաղաղությունը

Մի անգամ ձախողել ես արժանապատիվ խաղաղությունը

Պաշտոնապես քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց քաղաքական հայտ ներկայացրած ուժերից մեկը, չխնայելով ո՛չ իրեն, ո՛չ էլ հանրությանը, օր ու գիշեր զբաղված է քարոզչությամբ: Դեռ պետք է շնորհակալ լինել ռուս օլիգարխ Ռոտենբերգի նախկին կնոջը, որը նույնպես քաղաքական հայտ է ներկայացրել, այլապես բոլոր այն տեղերում, որտեղ փակցված է Տիգրան Արզաքանցյանի գեղեցիկ պատկերը, կլիներ «Հայաստան» դաշինքի գովազդային վահանակը:

Արդեն պարզ է, թե ինչու Քոչարյանը չհամաձայնեց մեծ կոալիցիա կազմել: Եթե այդպիսի միավորում կազմվեր, ապա նա իր քիմքին հաճելի քարոզարշավ անցկացնելու հնարավորություն չէր ունենա: Չէր կարողանա հավաքել ոլորտային աջակիցներին և պատմել, թե ինչ հրաշալի տարիներ են եղել իր կառավարման տարիները: Չէր կարողանա պատմել, որ իր օրոք բիզնեսը ազատ էր, ընտրությունները չէին կեղծվում, դատական համակարգի առողջացումն էլ սկսվել էր:

Սակայն այդ թեմաներին անդրադարձը խամրում է գլխավոր խոստման ֆոնին. Քոչարյանը խոստանում է բերել արժանապատիվ խաղաղություն: Հատկանշական է, որ խոստումը հնչել է Արմավիրի մարզում: Բոլորը գիտեն, որ այդ մարզում մեծ տարածում ունի հայտնի մշակաբույսերից մեկի մշակումը: Թերևս աջակիցները գտնվել են այդ հրաշք բույսի ազդեցության տակ և չեն հարցրել՝ պարոն Քոչարյան, այդ դո՞ւք եք, հաստատ դո՞ւք եք, ախր դուք և արժանապատիվ խաղաղությունը հակացուցված եք միմյանց:

Մեծ կոալիցիա չկազմվեց, որովհետև Քոչարյանը չէր կարող կանգնել Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին և մտավարժանքներ անել արժանապատիվ խաղաղության մասին: Եթե անգամ Քոչարյանը նման ամբարտավանություն իրեն թույլ տար, ապա մի նոր Տերունական աղոթքի պատմություն կառաջանար: 1997 թվականին Հայաստանը արժանապատիվ խաղաղության հասնելու համար բոլոր հնարավորություններն ուներ, բայց Քոչարյանի ջանքերով այն չիրականացավ: Չիրականացավ նաև Քոչարյանի այն ժամանակվա և ներկայիս դաշնակից Դաշնակցության գործուն միջամտության շնորհիվ: Այդ կուսակցությունը իր հարյուրամյա պատմության մեջ շատ բաներ է տեսել, բայց ոչ երբեք արժանապատիվ խաղաղություն: Չանդրադառնանք Առաջին հանրապետության պատմությանը, միայն հիշենք, թե ինչ են արել վերջին 30 տարիներին, որ արժանապատիվ խաղաղություն չլինի: Երբ 90-ականների սկզբին կենաց-մահու պատերազմ էր, դաշնակները հավաքվում էին Ազատության հրապարակում և կոչ անում նոր ճակատ բացել նաև Ջավախքում: Ինչպես կարելի էր հասնել արժանապատիվ խաղաղության Արցախում, եթե բացեինք ևս մեկ ճակատ: Կամ ավելի թարմ դեպք: 2020 թվականի դեկտեմբերին, Քոչարյանի ցուցակի ներկայիս երկրորդ համար Իշխան Սաղաթելյանը հայտարարում էր, որ հիմա էլ է դեմ Լավրովի պլանին: Այսինքն՝ անգամ դաժան պարտությունից հետո էլ նախընտրում է արկածախնդրությունը արժանապատիվ խաղաղությանը: Կամ էլ ստում է, որ դեմ է Լավրովի պլանին:

Քոչարյանը ի վիճակի չէ արժանապատիվ խաղաղություն բերելու: Եթե 1998 թվականին ստանձնելով Հայաստանի նախագահի պաշտոնը՝ ուներ ժամանակ և դրական բալանս դրան հասնելու համար, ապա հիմա չունի ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը: Մի մարդ, որ ստանձնել էր հաղթած պետության ղեկը և ուներ ամբարտավանություն՝ քննադատելու նախկին իշխանություններին, կարելի է միայն պատկերացնել, թե ինչ է անելու պարտված երկրի ղեկը ստանձնելիս: Միայն արդարանալու է, որ վատ ժառանգություն է ստացել: Իսկ դաշնակների ներկայությունը արկածախնդրության տարրեր է ապահովելու արդարանալու այդ փորձերին:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   784 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ