...

Ճարտարապետը և աշխղեկը

Ճարտարապետը և աշխղեկը

Մի քանի տարի առաջ դժվար կլիներ հավատալ, բայց այսօր հայ ժողովուրդը կանգնել է չափազանց տխուր ընտրության առաջ: Ում վստահել երկրի ճակատագիրը` պարտության ճարտարապետի՞ն, թե՞ աշխղեկին:

Ինչպես դժվար չէ կռահել ճարտարապետը Ռոբերտ Քոչարյանն է, իսկ աշխղեկը՝ Նիկոլ Փաշինյանը: Առաջինը ոչ սեյսմակայուն շենք նախագծեց, հաշվի չառավ ռիսկերը, մտածեց միայն սեփական հոնորարների մասին, իսկ երկրորդը հանձն առավ կառուցելու արկածախնդիր և արդեն վաղուց գողացված շինանյութով առկա նախագիծը: Առաջինը փորձում է համոզել, որ ինքը չտեսնված տաղանդի ճարտարապետ է, պարզապես աշխղեկը բանի պետք չեղավ։ Իսկ աշխղեկը փորձում է համոզել, որ ինքը ընդհանրապես մեղք չունի, ինչ տվել են, այն էլ կառուցել է և չէր կարող ուրիշ բան կառուցել:

Եվ հիմա, երբ ունենք կիսափլուզված շենք, ձախողված ճարտարապետը և աշխղեկը կրկին ունեն հանդգնություն՝ մասնակցելու շենքի վերանորոգման տենդերին: Առաջինը գիտի, որ դա շատ եկամտաբեր գործ է, իսկ երկրորդը չի հաշտվում, որ ինքը շինարարությունից անչափ հեռու է: Երկու կամակոր, սեփական սխալները չընդունող անձնավորություններ, որ պատուհաս են դարձել շենքի բնակիչների համար: Իհարկե, մեղքի բաժին ունեն նաև շենքի բնակիչները, որոնք թույլ են տվել, որ ճարտարապետը և աշխղեկը վերստին մասնակցեն տենդերին:

Հաջորդիվ կանդրադառնանք աշխղեկին, իսկ հիմա մի պահ պատկերացնենք, թե այս անգամ ինչ շենք կնախագծի ճարտարապետը: Հեռու գնալ պետք չէ, նայեք Բելառուսի վիճակը և կհասկանաք, թե ճարտարապետական որ դպրոցի հետևորդ է նա: Ընտրվելու դեպքում, Հայաստանի ժողովրդավարական ապագայի վրա կկախվի մի մեծ ժանգոտված կողպեք: Հայաստանը կդառնա Բելառուս, իհարկե ավելի աղքատ և լքված: Ավելի աղքատ և լքված, քանզի ի տարբերություն Բելառուսի, չունենք գոնե ընդհանուր սահման Ռուսաստանի հետ: Իհարկե, Ռուսաստանը չի լքի մեր երկիրը, բայց մյուսները առանձնապես էլ առիթ չեն ունենա այստեղ մնալու:

Ընդդիմության հետապնդման առումով Քոչարյանը հաստատ կարող է «ֆորա տալ» Լուկաշենկոյին, իսկ Արևմուտքը դա չի ներելու ռուսական նոր գեներալ-նահանգապետին:

Հետևելու են պատժամիջոցներ, որոնք ազդելու են երկրի բոլոր ոլորտների վրա, բայց ճարտարապետին դա առաձնապես չի հուզելու, որովհետև ինչպես ասում են ռուսները՝ «նա սվոյ վեկ խվատիտ»: Հատկապես որ իր ամենակարևոր նպատակին նա կհասնի: Ռևանշը դարձել է նրա կյանքի միակ նպատակը:

Երկրի տնտեսությունը ենթարկվելու է նոր վերաբախշման, քանզի ճարտարապետը իր հետ բերում է մի թիմ, որ նախկին կոռումպացված համակարգում ունեցել է կրտսեր գործընկերոջ կարգավիճակ, այսինքն՝ ավելի քիչ է օգտվել իշխանական կերակրատաշտից, բայց հիմա, նոր հանգամանքներից ելնելով, ունի տիեզերական չափերի ախորժակ: Իհարկե խոսքը Դաշնակցության մասին է: Այլևս նրանք չեն բավարարվելու ռեստորաններով, սաունաներով ու սրճարաններով:

Քանի դեռ վերոհիշյալ երկուսը չեն շահել տենդերը, բնակիչները պետք է ճիշտ կողմնորոշվեն, հետո ուշ է լինելու: Եթե նրանցից մեկը կրկին ստանձնի շենքի վերանորոգումը, ապա ոչ միայն չենք ունենա վերանորոգված շենք, այլև շուտով ընդհանրապես շենք չենք ունենա:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1003 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ