...

Մի կողմ դնել ներքաղաքական հարցերը

Մի կողմ դնել ներքաղաքական հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում արտախորհրդարանական ուժերի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «ՀԱԿ» փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «ՔՈ» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։ Օրակարգում Արցախում ընթացող պատերազմն է:

Ըստ ամենայնի, իշխանությունները գիտակցում են, որ իրավիճակը Արցախում բավական բարդ է և ներքին ռեսուրսները չպետք է ծախսվեն տարատեսակ գզվռտոցների վրա: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ իրավիճակը շարունակում է օրհասական մնալ և «Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է»:

Մենք բազմիցս ենք վերջին օրերին նշել, որ այժմ իշխանությունները հատկապես արտաքին դիվանագիտական ոլորտում պետք է օգտագործեն 1990-ականներին միջազգային կառույցներում և բանակցային գործընթացներում ներգրավված գործիչների փորձն ու գիտելիքները: Պետք է մի կողմ դրվեն տարաձայնությունները, նախկինների հանդեպ վերաբերմունքը, սեփական ինքնահավանության և բացառիկության սինդրոմը: Վերջ, սա պատերազմ է և լինել-չլինելու հարցն է: Անհրաժեշտ է կադրային էական փոփոխություններ կատարել և փորձառու գործիչներին ամենաբարձր պաշտոններ վստահել: Պետք չէ դրանից ոչ ամաչել, ոչ էլ մտածել դրա քաղաքական հետևանքների մասին: Եթե ունենք ռեսուրսներ, ուրեմն, դրանք պետք է օգտագործել:

Հաջորդ քայլը պետք է լինի հնարավորինս արագ մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները՝ ռազմական գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու ուղղությամբ: Այսօր Արցախում ընթացող պատերազմում մեր կորուստների մեծ մասը պայմանավորված է թուրքական և իսրայելական արտադրության ԱԹՍ-ներով և դրանք կառավարող համակարգերով: Հակազդել դրանց կարելի է միայն ՀՕՊ այնպիսի համակարգերով, որոնք ի զորու են արագորեն ֆիքսել և խոցել ԱԹՍ-ները՝ շատ կարճ հեռավորության վրա:

Վարչապետի հանդիպումը արտախորհրդարանական ուժերի հետ պետք է մեր ուժերը համախմբելու և այն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ առաջին, բայց ոչ վերջին քայլը լինի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   745 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ