...

Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա

Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա

ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐ

Լափված մազութի մասին խոսակցությունները լռեցին: Հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովն իր հիմնական ֆունկցիան կատարեց. հարմար պահի վայնասուն բարձրացրեց և լռեց: Մազութը թալանվել էր, թե չէր թալանվել՝ դա «մութ ու ցուրտ տարիների» ԼՂՀ նախագահը կիմանա, ՀՀ ազգային անվտանգության այն ժամանակվա նախարարը կիմանա (իրենք էին, չէ՞, զբաղվում տնտեսական խոշոր հանցագործություններով): Այդ մարդիկ այսօր ձայն չեն հանում: Պարզապես իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներով մեկ-մեկ էպիլեպսիայի մեջ են ընկնում՝ «բա մազութը, բա մազութը...»:

Ու հանկարծ այսօր պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Հայաստանի միայն էներգետիկ ոլորտում անհետ կորել է... ուղիղ 148 մլն դոլար: Նախագահն էլ, աչքերը կլորացրած, փնտրում է այդ գումարը և չի գտնում: Ուշադրություն դարձրեք՝ կորել է ոչ թե գումարի մի մասը, այլ ամբողջ գումարը, որը, ի դեպ, 100 դոլարանոց թղթադրամներով կշռում է մոտ մեկուկես տոննա:

Որևէ մեկը չի կասկածում, որ այսօր Հայաստանում նախագահն ու պաշտպանության նախարարը վերահսկում են երկրի ողջ տնտեսությունը: Եթե անհարմար չզգան, փողոցներում բանջարեղեն վաճառողների ցուցակներն էլ անձամբ կհաստատեն և «փայ կմտնեն»: Պատճառն ագահությունը չէ: Պարզապես ողջ ժողովրդի օրվա հացը պիտի կախված լինի այս երկուսի քմահաճույքից, որովհետև կուշտ մարդը սկսում է մտածել, իսկ մտածող մարդը նման իշխանություններ չի հանդուրժում: Եվ այս պայմաններում նախագահը «փնտրում է» կորած 148 մլն դոլարը: Իզուր է փնտրում: Մոնակոյի կազինոները ստացական չեն տալիս:

Այսքանից հետո պարզապես տարօրինակ է ընդդիմության կոմպլեքսավորվածությունը, որով վերջիններս հայտարարում են, թե ՀՀՇ-ի հետ չեն համագործակցելու: Խնդիրն, իհարկե, ՀՀՇ-ին պաշտպանելը չէ (ինչպե՞ս կարելի է պաշտպանել մի կուսակցության, որը ժամանակին իր շարքերում հանդուրժել է Ռոբերտ Քոչարյանին): ՀՀՇ-ն ինքը պիտի որոշի՝ համագործակցե՞լ քաղաքական բալիկների հետ, թե՞ ոչ:

Խնդիրն այն է, որ ընդդիմությունը համարձակություն չունի հասարակական կարծիք ձևավորել (փոխել իշխանությունների կողմից բյուջեի հաշվին ձևավորված հակապետական մտածելակերպը), և դրա փոխարեն հարմարվում է մտածելակերպին: Որևէ մեկը համարձակություն չունի ասելու՝ «այո, համագործակցելու ենք ՀՀՇ-ի հետ, որովհետև ՀՀՇ-ի իշխանության տարիներին պետություն ենք ստեղծել ու պատերազմ ենք հաղթել, իսկ ներկաները պետություն են ավերում ու հաղթանակներն են մսխում»: Փոխարենը առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ՝ «ճիշտ է, սրանց համեմատ ՀՀՇ-ն հրեշտակների հավաքածու էր, բայց քանի որ ժողովուրդը դեռևս բացասաբար է վերաբերվում ՀՀՇ-ին, մենք նրանցից հեռու կմնանք»: Ժողովուրդը ջիպ-երին նույնպես բացասաբար է վերաբերվում, պարոնայք, ինչու՞ հեծանիվով չեք երթևեկում:

Կամ երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են իշխանամետ լրատվամիջոցները ամեն օր հայհոյում վերջին տարիներին գործնականում քաղաքականությամբ չզբաղվող ՀՀՇ-ին, իսկ մյուս կուսակցություններին առանձնապես հետևողականորեն չեն սևացնում: Որովհետև վտանգն այնտեղից է գալիս, իսկ նորաթուխ ընդդիմադիրներին միշտ էլ կարելի է սիրաշահել-առնել-պառակտել... Մանավանդ, «սպիտակ ձեռնոցների» կոմպլեքս ունեցողներին:

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 252, օգոստոսի 29, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   763 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ