Ներկայումս շատերն են քննադատում կառավարությանը քաղաքական կամք չդրսևորելու և բարեփոխումներ չիրականացնելու մեջ: Խոսքը հատկապես դատաիրավական բարեփոխումների, ավելի կոնկրետ` վեթինգի, անցումային արդարադատության, լյուստրացիայի բացակայության մասին է:
Իշխանությունները շատ ցավագին են ընդունում այդ քննադատությունը՝ մատնանշելով ինչ-որ կիսատ-պռատ քայլեր և բերելով տասնյակ պատճառաբանություններ, թե ինչու չեն կարող իրականացնել այս կամ այն բարեփոխումը:
Բայց իշխանությունները մեկ բան հստակ պետք է գիտակցեն: Այդ քննադատությունների հիմքում ոչ միայն ապագայում ավելի արդար և ժամանակակից դատական համակարգ ունենալու ցանկությունն է, այլ նաև շատ պրակտիկ, այսրոպեական մտահոգությունը: Այդ բարեփոխումները չիրականացնելը ուղիղ նպաստում է, որ իքս պահին վերականգնվի մինչև 2018 թվականի մայիս ամսվա ստատուս-քվոն: Կառուցողական քննադատությունների հիմքում ոչ թե այս րոպեին, հենց հիմա իդեալական, եվրոպական չափորոշիչներին համապատասխան քաղաքական և դատական համակարգ ունենալու մի փոքր ուտոպիստական ցանկությունն է, այլ շատ ավելի կոնկրետ մտահոգությունy: Իրերի նման վիճակի պահպանումը նպաստում է ռևանշիստների ախորժակների մեծացմանը, էապես օգնում է, որ նրանք ավելի հեշտ հավաքագրեն աջակիցների ու ամեն ինչի պատրաստ արկածախնդիրների:
Երբ Քաջարանում մարդիկ ծեծած ու առևանգած խմբերը տեսնում են, որ դատական համակարգը իրենց ազատ է արձակելու, այլևս ոչինչ նրանց չի խանգարում հանուն փողի սպասարկել ռևանշիստների քաղաքական ծրագրերը: Երբ Քաջարանի քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել, Հայաստանի մյուս, նախկինից չփոփոխված մի քանի հարյուր համայնքապետերը անում են հետևություն՝ նախորդ ժամանակաշրջանի իրենց հանցագործությունները պարտակելու լավագույն միջոցը կցվելն է ռևանշիստների քաղաքական սայլին:
Այս առումով բացարձակ զավեշտալի է հնչում երեկ ազդարարված ինչ-որ փաստահավաք խմբերի ձևավորման մասին մտադրությունը: Փաստահավաք խմբեր, որոնք պետք է ուսումնասիրեն նախորդ ժամանակաշրջաններում տեղի ունեցած հանցագործությունները: Մի քննիչ հանձնաժողով ստեղծել են, մեկ տարի է, քննում է ապրիլյան պատերազմի հանգամանքները և դեռ չի երևում, թե երբ կլինի որևէ արդյունք կամ կլինի ընդհանրապես:
Հիմա ստեղծելու են փաստահավաք խմբեր, որոնք մի քանի տարի քննարկելու են, թե 2003 թվականի ընտրությունների ժամանակ ինչ խախտումներ և հանցագործություններ են տեղի ունեցել: Բայց դրա փոխարեն չեն վերացվում այն պայմանները, որոնցում ռևանշիստները կարող են փորձել անել նոր հանցագործություններ, այդ թվում՝ քաղաքական հանցագործություններ:
Արիս Վաղարշակյան